Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԱԳՐԵՍԻԱՅՈՎ՝ ԱԳՐԵՍԻԱՅԻ ՄԱՍԻՆ

Ապրիլ 15,2009 00:00

Կամ սերիալներից՝ մինչեւ Սերժ Սարգսյան

«Հայելի» ակումբի երեկվա հյուրերն էին ԱԺ պատգամավոր Անահիտ Բախշյանը, հոգեբանական գիտությունների դոկտոր Սվետլանա Հարությունյանը եւ բանաստեղծուհի Մարինե Պետրոսյանը: Թեման էր՝ «ԶԼՄ-ների ազդեցությունը դեռահասների վրա»: Հոգեբանն ասաց, որ այսօր ունենք ինչպես շրջակա միջավայրի, այնպես էլ ինֆորմացիոն էկոլոգիայի խնդիր: Նաեւ, վկայակոչելով գիտական տվյալները, փաստեց, որ հատկապես դեռահասների ագրեսիան չափազանց բարձր է, եւ այդտեղ ոչ վերջին դերն ունի հեռուստատեսությունը: Ըստ հոգեբանի բերած տվյալների՝ դեռահասները մեկ տարվա ընթացքում տեսնում են մինչեւ 4000 ագրեսիայի տեսարան, որը նրանց չձեւավորված հոգեկանի վրա, բնականաբար, բացասական ազդեցություն է թողնում:

Մարինե Պետրոսյանը համաձայն չէր ասվածի հետ. «Եթե հեռուստատեսությամբ դեռահասը ոչ մի ագրեսիա չտեսնի, լսի հանգիստ երաժշտություն եւ նայի հանգիստ ֆիլմեր, բայց կյանքում դեմ առնի պատերի, իր մոտ ագրեսիա չի՞ առաջանա»: Ի պատասխան՝ հոգեբանն ասաց, որ դեռահասությունը բարդ տարիք է եւ առանց այն էլ՝ դեպի ագրեսիվ մղումներ տրամադրված: Սվետլանա Հարությունյանի խոսքով, զանազան ծրագրերն ու ֆիլմերը ոչ միայն արտացոլում են այն իրականությունը, որն ունենք, այլեւ ձեւավորում այն. «Կարծում եմ, այնքան էլ ճիշտ չէ, որ այն, ինչ ունենք կյանքում, մանրամասնորեն ցույց տրվի»: Մարինեն նորից ընդհատեց բանախոսին. «Ինչո՞ւ ճիշտ չի»:

Ս. Հարությունյանն էլ մեկնաբանեց. «Որովհետեւ դա անելանելիության եւ հուսահատության զգացում է առաջացնում, եւս մեկ անգամ ձեւավորում է այն միջավայրը, որում մենք ապրում ենք եւ այլ տարբերակ չի թողնում»: Նույն կարծիքին էր նաեւ Ա. Բախշյանը: Մ. Պետրոսյանի համոզմամբ, շատ շարժումներ, գաղափարական հոսանքներ հենց դեռահասներն են սկսել. «Երիտասարդ տարիքում մարդն ավելի քիչ ա… գնում կոմպրոմիսի, եւ ինքը շատ ավելի մաքսիմալիստ ա դրա համար եմ ասում, որ ագրեսիան բացասական բան չի, այն մարդուն դրդում ա, որ գործողություն կատարի: Հայաստանում շատ ավելի վտանգավոր ա կոնֆորմիզմը, այն, որ ինքը հաշտվում ա: Այնպես որ, գեղեցիկ, հանգիստ հաղորդումներով միայն կոնֆորմիզմին կնպաստեք, իսկ եթե դեռահասը բողոքի, թեկուզ ագրեսիվ ձեւով, դրանից վնասը շատ ավելի քիչ ա, քան օգուտը»:

Անահիտ Բախշյանն ասաց, որ ագրեսիա պարունակող ֆիլմերը դեռահասին ինչ-որ առումով ասում են՝ ինչպիսին չպետք է լինել, ինչպիսի բառապաշար չպետք է ունենալ: Հոգեբանը, պատասխանելով բանաստեղծուհու դիտարկմանը, հավելեց, որ շարժումները բնորոշ են ոչ թե դեռահասությանը, որը տեւում է մինչեւ 17 տարեկանը, այլ երիտասարդներին: Նրա կարծիքով. «Ոչ մեկը չի ասում հեռուստատեսությամբ ցույց չտանք, թե ինչ է կատարվում կյանքում, պարզապես պետք չէ ամեն ինչն այդպես շեշտադրված ներկայացնել: Տիկին Բախշյանը ճիշտ ասաց, պետք է ընտրություն ունենալ, բայց ինչի՞ց ընտրել»:

Մ. Պետրոսյանն այստեղ էլ բողոքեց, որ եթե ինքը սցենար գրի՝ կերպար դարձնելով Հյուսիսային պողոտայի երիտասարդին, TV-ները այն չեն վերցնի: Հոգեբանն էլ առաջարկեց հավաքական դրական կերպար ստեղծել, որն ունի իր սկզբունքները, իր կարծիքը. «Ձեր ասած կոնֆորմիզմը, որ կա ողջ աշխարհում, իսկապես սարսափելի բան է: Ցավոք, այսօր դեռահասները հիմնականում վախենում են կարծիք հայտնել»: Մարինեն ընդվզեց. «Ով ասեց, իմ շրջապատի դեռահասները լավ էլ կարծիք արտահայտում են»: Հոգեբանը չհամաձայնեց. «Դա իրենցը չէ, այդ միջավայրի ստեղծած կարծիքն է»:

Բանը հասավ նրան, որ Մարինեն բանավեճը քաղաքականացրեց, ի սկզբանե որդեգրած լինելով ե՛ւ լրագրողներին, ե՛ւ մյուս բանախոսներին «սխալ հանելու» սկզբունք. նա թույլ չէր տալիս, որ մյուս բանախոսներն ավարտեին իրենց ասելիքը, շատ բարձր ձայնով ու ձեռքերի շարժումներով ընդհատում էր նրանց: Վերջում էլ բանաստեղծուհին իրեն հակադրվողների հասցեին ասաց՝ «Դե գնացեք Սերժին շոյեք, տեսնեմ ինչ ա լինելու»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել