Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Ինձ համար էլ առեղծված է»

Ապրիլ 15,2009 00:00

Էմմա Մակարյանն ամուսնու՝ գրող, հրապարակախոս Վարդգես Պետրոսյանի մասին

Այս տարի գրող, հրապարակախոս, ԳԽ պատգամավոր Վարդգես Պետրոսյանը կդառնար 77 տարեկան, եթե 1994 թվականին նրա խորհրդավոր սպանությունը չիրագործվեր: Վ. Պետրոսյանը աշխատել է «Սովետական Հայաստան» օրաթերթում, եղել է «Պիոներ կանչ» թերթի, «Գարուն» երիտասարդական ամսագրի գլխավոր խմբագիր: 1975-89թթ. նախագահել է Երեւանի գրողների միությունը:

«Ապրիլի 15-ին լրանում է Վարդգես Պետրոսյանի մահվան 15 տարին: Սակայն Գրողների միության երկարամյա նախագահի մահվան տարելիցը կարծես պետականորեն հարկ չի համարվում նշել»,- «Առավոտի» հետ զրույցում ասում է Վարդգես Պետրոսյանի կինը՝ Էմմա Մակարյանը: «Աշտարակի մարզպետարանն ու քաղաքապետարանը նշելու են մահվան 15-ամյա տարելիցը: Օրինակ՝ 75-ամյակի կապակցությամբ 2007-ի հոկտեմբերի 6-ին Աշտարակում բացվեց ամուսնուս դիմաքանդակը, իսկ Երեւանում, Գրողների միությունում եւ ընդհանրապես որեւէ տեղ միջոցառումներ չեղան»,- դժգոհեց նա:

ՀԳՄ նախագահ Լեւոն Անանյանն «Առավոտին» այս առիթով ասաց. «Միությունը՝ Վարդգես Պետրոսյանի ընկերների, կոլեգաների, Աշտարակի քաղաքապետարանի հետ համատեղ է կազմակերպել այցելություն՝ Աշտարակի պանթեոն»:

Տիկին Էմման նաեւ հավելեց. «Վարդգեսը ՀԳՄ այնպիսի նախագահ է եղել, որ շատերը նրան անվանել են չգերազանցված նախագահ եւ չգերազանցված հրապարակախոս: Հրապարակախոսի հետ, իհարկե, համամիտ եմ, բայց նախագահ լինելու հարցում գտնում եմ, որ գնահատելն իմ խնդիրը չէ: Տեղյակ եմ՝ միությունում այսօր առկա երկպառակություններին: Դրանք Վարդգեսի ժամանակ էլ կային: Այն ժամանակ էլ, ինչպես եւ այսօր, անձնական բնույթ էին կրում: Այդ ամենից Վարդգեսն անչափ նեղվում էր: Եվ պատճառն ամենեւին էլ նրա վատ աշխատելը չէր: Նա միշտ մատը պահում էր հասարակական կյանքի զարկերակի վրա: Վարդգեսի նախագահ եղած ժամանակ լինում էին եւ ազատ, եւ կատաղի քննարկումներ, երբեմն բանը հասնում էր անձնական վիրավորանքների… Վարդգեսն ինքն այդ ամենին դեմ էր: Նա աշխատում էր գրողներին խոսեցնել, քննարկել իրենց ստեղծագործություններն այնպես, որ նվաստացնող որեւէ նոտա չլինի: Բացի գրական-ստեղծագործական կյանքի զարգացման մասին հոգ տանելուց նա նաեւ մտահոգվում էր միության նյութական վիճակի մասին»: Ինչ վերաբերում է գրողի հանդեպ անձնական բնույթ կրող անհարիր բնութագրումներին, Է. Մակարյանը մեկնաբանեց. «Բոլոր ժամանակներում էլ վիրավորանք պարունակող բնութագրումներ եղել են: Երեւի դա հայերի մենտալիտետից է գալիս. եթե մարդ պաշտոն է ունենում, դա առաջացնում է նախանձ եւ դժգոհություն: Կար մեկ կարեւոր հանգամանք. Կարեն Դեմիրճյանը Վարդգեսի համադասարանցին էր եւ նրան Գրողների միության նախագահ նշանակվելը կապեցին Դեմիրճյանի հետ: Ոչ բոլորը հասկացան, որ նա նմանատիպ պաշտոնի վաղուց էր արժանի»:

Նշանավոր գրողի կին լինելու մասին էլ տիկին Էմման ասաց. «Վարդգեսի հետ ապրելը հեշտ էր այն տեսակետից, որ նա իր ողջ էությամբ ինֆորմացիա էր, նորություն, աշխատանք, շարժում, կյանք: Սրամիտ էր, կարող էր կատակներ անել, անուններ դնել: Ընկերներով, որ հավաքվում էին, իմ կոշիկները կարող էր հագնել եւ այդպես ման գալ: Շատ աշխույժ մարդ էր, հումորով, բայց եւ ուներ իր ծանրությունը: Հասկանում էի, որ ստեղծագործող մարդուն պետք է ազատություն տալ, ընտանեկան բոլոր հոգսերից ձերբազատել: Վարդգեսի համար ճակատագրականն այն էր, որ նրան շեղում էին: Եթե ինքն էլ չուզենար, էլի շեղում էին՝ հաշվենկատությունից ելնելով, գուցե եւ անկեղծ սիրահարվում էին, սիրում էին նրան, ի՞նչ իմանամ… Մեր բաժանումից եւ մյուս կնոջից հետո ամեն մեկը սկսեց նրա անձնական կյանքին իր բացատրությունը տալ: Չնայած այս ամենին, նա ինձ համար անփոխարինելի էր եւ այդպիսին էլ մնաց»:

Վարդգես Պետրոսյանը սպանվեց խորհրդավոր հանգամանքներում: Է. Մակարյանի խոսքով, մինչ օրս նրա սպանությունն իր համար էլ առեղծված է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել