Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«ՀԱՅԵ՛Ր, ՆԵՐԵՑԵ՛Ք ՄԵԶ»

Ապրիլ 15,2009 00:00

\"\"Նոր փաստագրական ֆիլմ՝ ապրիլի 24-ին ընդառաջ

Լրագրող Արտյոմ Երկանյանի ֆիլմը հայերից ներողություն խնդրելու նախաձեռնությամբ հանդես եկած թուրք մտավորականների, նրանց ընդդիմախոսների եւ առհասարակ այդ թեմայի մասին է:

Պրոֆեսոր Ահմեդ Ինսել, տնտեսագետ Չինգիզ Աքթար, լրագրող Ալի Բայրամօղլու, քաղաքագետ Բասքն Օրան. սրանք այն չորս թուրքերի անուններն են, որոնք չվախեցան նայել պատմության խորքը եւ նախաձեռնեցին այս արշավը: Եվ միայն այն բանից հետո, երբ այս չորսից բացի եւս երեք հարյուր հոգի իրենց վրա վերցրին համահեղինակության առաքելությունը, նախաձեռնությունը ներկայացրին լայն լսարանին՝ ինտերնետ կայքի միջոցով:

«Բացի չորս գործիչներից, հանդիպել եմ նրանց ամենախիստ քննադատների, եթե ոչ թշնամիների հետ, որոնց նպատակն այս մարդկանց քրեական պատասխանատվության ենթարկելն ու թափ առնող այդ արշավը կանխելն է: Իսկ արշավն իսկապես աննախադեպ է, եւ դրա հետ անձամբ ես մեծ հույսեր եմ կապում»,- ասում է «Հայե՛ր, ներեցե՛ք մեզ» ֆիլմի հեղինակ Երկանյանը: Ըստ նրա՝ դժվար է օբյեկտիվ գնահատել, թե ինչ զարգացումներ են Թուրքիայի հասարակության ներսում, քանի որ քիչ է առնչությունը, շփվելու քիչ հնարավորություն ունենք. «Հարեւան երկիր ենք, բայց իրականում քիչ բան գիտենք իրենց մասին: Իրենք էլ իրենց կարգին չգիտեն, բայց սկսում են ճանաչել»:

Ա. Երկանյանը նշում է, որ այդ միտումն ավելի նկատելի է ակադեմիական, ստեղծագործող մտավորականների շրջանակներում, եւ հավելում, որ մենք պետք է օգտվենք այդ հնարավորությունից:

Ըստ լրագրողի՝ հենց Թուրքիայում կան մարդիկ, ովքեր քննադատում են նախաձեռնողներին այն բանի համար, որ ցեղասպանություն բառը չի հնչել, բայց դա պարզաբանվում է հետեւյալ կերպ. ցեղասպանության մասին բացահայտ խոսելը Քրեական օրենսգրքի 301 հոդվածով հետեւանքներ է ենթադրում, եւ շատ հավանական է, որ կայքը փակվեր, իսկ նախաձեռնողներն էլ քրեական պատասխանատվության ենթարկվեին:

Ա. Երկանյանը հանդիպել է նաեւ Թուրքիայի խորհրդարանի այն պատգամավորի հետ, որն առաջինը պատմության մեջ դեկտեմբերի 18-ին մեջլիսի ամբիոնից բարձրաձայն դատապարտեց Հայոց եղեռնի կազմակերպիչներին ու ներողություն խնդրեց հայերից: Ճիշտ է՝ ցեղասպանություն բառը նրա շուրթերից նույնպես չհնչեց: Պատգամավորը խորամանկ քայլ արեց, արտասանելով քրդերեն մի բառ, որը «ցեղասպանություն» բառին համազոր է: «Դա արդեն հեղափոխություն է. եթե Թուրքիան ահռելի գումարներ է ծախսում Միացյալ Նահանգների, Շվեդիայի, Ֆրանսիայի, Հոլանդիայի խորհրդարաններում ցեղասպանության թեմայի քննարկումը կանխելու նպատակով ու հենց սեփական խորհրդարանի պատգամավորների բերանը չի կարողանում փակել: Թուրքիայի խորհրդարանում արդեն կան պատգամավորներ, որոնք բացահայտ ասում են, որ թուրքերը ոչ միայն ներողություն պետք է խնդրեն կատարվածի համար, այլեւ պատասխանատվությունը ստանձնեն: Իսկ մենք չգիտենք դրա մասին»,- ասում է Ա. Երկանյանը:

Իսկ թե ո՞րն է ներողության արշավի դրդապատճառը, ֆիլմի հեղինակը պատասխանում է. «Այս ամենը նրանք չեն անում մեր «սիրուն աչքերի» կամ մեզ դուր գալու համար: Նրանց համար սա իրենց ազգային շահից բխող նախաձեռնություն է: Համարում են, որ ինչքան շուտ ձերբազատվեն այդ կեղտից, այնքան ավելի մեծ հեռանկարներ կունենա իրենց պետությունը»:

Երկու մասից բաղկացած, ընդհանուր մեկ ժամ տասը րոպե տեւողությամբ այս ֆիլմի նկարահանումները տեւել են երկու շաբաթ: Այդ ընթացքում Ա. Երկանյանը ոչ մի արգելքի չի հանդիպել Թուրքիայում: Բոլոր այս շփումների արդյունքում նա նկատել է, որ նույնիսկ ամենահակահայկական հայացքներ ունեցող քաղաքական գործիչներն այժմ արդեն բավականին քաղաքակիրթ ձեւով են մոտենում հարցին: «Այսօր այդ առճակատումն էլ է քաղաքակիրթ պայմաններում տեղի ունենում: Արդեն ձեռքբերում կլինի այն, որ մենք միմյանց կհամարենք ոչ թե թշնամիներ, այլ հակառակորդներ: Արմատական գործիչների հայացքներում ես նկատեցի հենց դա, իսկ ատելություն, որպես այդպիսին, չեմ տեսել: Նրանք մեզ ընկալում են որպես հակառակորդներ, որովհետեւ մենք նախաձեռնել ենք մի բան, որ հակասում է իրենց շահերին»,- ասում է լրագրողը:

Ֆիլմի հեղինակը մտահոգություն ունի. «Գուցե ոմանք ինձ մեղադրեն, որ նպատակ եմ հետապնդել թուրքերի դրական կերպար ստեղծել. իրականում ոչ մի նման բան չկա: Պարզապես խոսել եմ այն թուրքերի հետ, որոնց հանդեպ հնարավոր չէ համակրանք չունենալ: Ես չեմ ասում, որ ամբողջ թուրքական հասարակությունն է այդպիսին: Մանավանդ որ, ներկայացրել եմ նաեւ մարդկանց, որոնք միանշանակ հակակրանք են առաջացնում»:

«Հայե՛ր, ներեցե՛ք մեզ» ֆիլմի պրեմիերան տեղի կունենա ապրիլի 24-ին, «Շանթ» հեռուստաընկերության եթերում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել