Ռուսաստանի փոխվարչապետ, ֆինանսների նախարար Ալեքսեյ Կուդրինը գտնում է, որ ճգնաժամից դուրս գալու գործընթացը կարող է տեւել 10-20-50 տարի: «Մոտակա տարիներին մենք չենք ունենա այնպիսի բարենպաստ պայմաններ, որոնք ունեցել ենք 2000-2004 թվականներին»,- հայտարարել է Կուդրինը՝ իր նախարարության ընդլայնված կոլեգիայի նիստում: Նախարարը հիշեցրեց, որ ԱՄՆ-ի տնտեսությունը անկում է ապրում արդեն մի քանի ամիս շարունակ եւ իրավիճակը համեմատեց ամերիկյան տնտեսության 90-ականների ճգնաժամի հետ, երբ անկումը տեւել էր 8 ամիս, իսկ վերականգնումը՝ 92: «Այժմ մենք գործ ենք ունենալու ԱՄՆ տնտեսության առնվազն 16-18 ամիսների անկման հետ: Դա նշանակում է, որ ճգնաժամից դուրս գալը կտեւի մի քանի տարի»,- նախազգուշացրել է Կուդրինը: Նրա խոսքերով, Ռուսաստանը պետք է պատրաստ լինի, որ համաշխարհային շուկայում ռուսաստանյան արտադրանքի պահանջարկը այլեւս բարձր չի լինելու, հետեւաբար 2010 թվականի բյուջեի ծախսերը պետք է կրճատվեն ավելի քան մեկ տրիլիոն ռուբլով: «2010 թվականին մենք վերանայելու ենք բյուջեն՝ հաշվի առնելով, որ եկամուտները կրճատվելու են ավելի քան 30%-ով, այս տարվա հետ համեմատած»,- հայտարարել է Ռուսաստանի ֆինանսների նախարարը: