Լրահոս
Օրվա լրահոսը

Նախապայման՝ նույնիսկ մշակույթում

Ապրիլ 15,2009 00:00

\"\"Թուրքիայի մշակույթի նախարար Էրթուկրուլ Գունայը (նկարում) հայերի հետ համագործակցության կոչ է արել՝ Անիի ավերակները վերականգնելու գործում, բայց, թուրքական «Հյուրիեթի» փոխանցմամբ, նախարարը նախապայման է դրել՝ «նախ պետք է լուծվի Lեռնային Ղարաբաղի հարցը», հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը։ «Կովկասում չի կարող խաղաղություն հաստատվել, եթե Ադրբեջանը անտեսվի,- ասել է Թուրքիայի մշակույթի նախարարը:- Մենք երբեք չպետք է մոռանանք, որ Lեռնային Ղարաբաղը դեռ Հայաստանի տիրապետության տակ է»։ Իբրեւ հայ-թուրքական համագործակցության լավ օրինակ, Գունայը իր հարցազրույցում նշել է, որ համաշխարհային ճանաչում ունեցող դաշնակահար Իդիլ Բիրեն իր կովկասյան շրջագայության ընթացքում համերգներով հանդես կգա նաեւ Հայաստանում։ «Մենք դեռ զգայուն ենք որոշ հարցերում, բայց նաեւ հասկանում ենք, որ մշակութային հարաբերությունները կարող են առանցքային դեր ունենալ՝ քաղաքական հարցեր լուծելիս։ Դա է առաջին քայլը»,- ասել է նախարարը։ Թուրքիայի մշակույթի նախարարի փոխանցմամբ, Անիում ընթացող վերակառուցման աշխատանքները շուտով կկենտրոնանան քաղաքի մայր տաճարի վրա, եւ հայ մասնագետները վերջերս մասնակցել են այդ նախագծի վերաբերյալ տեղի ունեցած հանդիպմանը։ Տաճարի վերակառուցումը իրականացվում է Հուշարձանների համաշխարհային ֆոնդի նախաձեռնությամբ։ Էրթուկրուլ Գունայը նաեւ հավելել է. «Նախարարությունը պատրաստ է համագործակցել, օգնել թուրքահայ համայնքին միջոցներ հայթայթել՝ վերակառուցելու 500 տարվա հնություն ունեցող Դիարբեքիր նահանգի Սուրբ Կիրակոս եկեղեցին»։ Այդուհանդերձ, տեղեկացնում է «Հյուրիեթը», հայկական համայնքը մտավախություն ունի, որ վերականգնվելուց հետո Սուրբ Կիրակոս եկեղեցին նույնպես կարող է իբրեւ թանգարան ծառայել, ինչպես տեղի ունեցավ Վանի Աղթամար եկեղեցու հետ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել