Անդրեյ Բիտովը հանդիպեց համալսարանականների հետ
«Հրանտ Մաթեւոսյան» մշակութային բարեգործական հիմնադրամի եւ ԵՊՀ ռուսական բանասիրության ֆակուլտետի հրավերով Հայաստանում է «Дружба народов», «Новый мир», «Иностранная литература”, “Звезда” եւ այլ ամսագրերի մրցանակակիր, 1997-ից Երեւանի պատվավոր քաղաքացի, ռուս գրող Անդրեյ Բիտովը:
«Ուղիղ 43 տարի առաջ Եվրոպայում հայտնվելու փոխարեն պատահաբար հայտնվեցի Հայաստանում եւ դրա համար չեմ զղջում»,- երեկ ԵՊՀ-ում կայացած հանդիպման ժամանակ ասաց գրողը: Հայաստան առաջին այցելությունից 3 տարի անց հեղինակը գրեց «ձՐՏՍՌ ԸՐՎպվՌՌ»՝ Հայաստանին նվիրված առաջին գիրքը. «Ես զարմանում եմ, թե ինչ առողջություն եմ ունեցել այդ ժամանակ, երբ մեկ շաբաթվա այցից հետո գրել եմ գիրքը: 40 տարի է անցել… Երբեք չէի մտորել այդ մասին»: Ինչպես հեղինակը նշեց. «Հայաստանում հայտնվելուս համար երեւի թե Աստծուն պետք է շնորհակալություն հայտնեմ, քանի որ այդ այցն ինձ հնարավորություն տվեց ծանոթանալ Հրանտ Մաթեւոսյանի հետ, ում մեր ծանոթության առաջին պահից որպես եղբայր ընդունեցի: 1973-ին, երբ հերթական անգամ հյուրընկալվեցի Հրանտին, նրան նվիրեցի մի բանաստեղծություն: Այդ առիթով հանգիստ եմ եւ ոչ մի պարտավորվածություն չեմ զգում, թե ինչ-որ բան պակաս եմ արել նրա եւ Հայաստանի համար: Ու կշարունակեմ անել այնքան, որքան ուժերս ինձ թույլ տան: Հրանտի շնորհիվ ես կապվեցի այս հողին, եւ այն կարծես դարձավ իմ երկրորդ հայրենիքը»:
Հրանտ Մաթեւոսյանի որդին՝ Դավիթ Մաթեւոսյանն «Առավոտի» հետ զրույցում նշեց. «Իմ մանկության ամենատպավորիչ հիշողությունը Բիտովի այցն է Հայաստան, որը հատուկ միջոցառում էր մեր ընտանիքի համար: Նա հատուկ մարդ է նաեւ ինձ համար, քանի որ մինչեւ հիմա հավատարմաբար, Հրանտ Մաթեւոսյանի ֆիզիկական կյանքի դադարից հետո, շարունակում է իր կողմից վերապահված դերակատարումը հայ իրականության եւ Հայաստանի համար»:
Գրականության դերի մասին Ա. Բիտովը չցանկացավ խոսել. «Չեմ սիրում այն երկար ու բարակ քննարկումները, զրույցները գրականության դերի, նշանակության մասին, թե ինչպես է հիմա գրականությունը կորցրել իր ուժը, կամ ինչպես երիտասարդությունը չի սիրում գիրք կարդալ: Միայն կարեւորում եմ այն, որ յուրաքանչյուր հեղինակ, ով ունակ է գրիչն իր ձեռքն առնելու եւ գրելու, պարտավոր է գոնե իր ստեղծագործություններով հոգ տանել իր երկրի, հնարավորության դեպքում՝ նաեւ այլազգի գրականության զարգացման համար»: Հետո էլ ավելացրեց. «Հեղինակի համար կարեւորն այն է, որ նա կարողանա ժամանակին անել այն, ինչ իրեն վերապահված է: Ողջ կյանքիս ընթացքում հասկացա մի բան՝ հաջողությունը կապ ունի հասցնելու հետ. եթե հասցրիր, ուրեմն դա քո հաջողությունն է»:
Հանդիպման ընթացքում ռուս գրողին շնորհեցին ԵՊՀ ոսկե մեդալ՝ ժամանակակից գրականության մեջ մեծ ներդրման, հայ եւ ռուս մշակույթների հարաբերության ամրապնդման եւ Հայաստանում ռուսաց լեզվի եւ ռուս գրականության զարգացման համար: Ժամանակակից գրականության մեջ իր դերի մասին Ա. Բիտովն ասաց. «Այսօր ամեն ինչ մի տեսակ իրադարձային է, սյուժետային: Սակայն ես շարունակում եմ հետաքրքրվել միայն տեքստով՝ իմ առջեւ խնդիր դնելով կլանել ընթերցողին իմ պատկերումների մեջ: Այնպիսի տպավորություն ունեմ, որ ասես ապրում ենք միաժամանակ բոլոր դարաշրջաններում, քանի որ այսօր ամեն վայրկյան տեղի է ունենում այն ամենը, ինչ եղել է անցյալում: Բայց մենք մտածում ենք, որ ապրում ենք այսօր, եւ մեզ համար շատ դժվար է տարբերակել այդ ժամանակաշրջանները: Ես երկու անգամ փորձեցի դա անել՝ գրելով իմ երկու մեծ վեպերը “Пушкинский дом” и “Оглашенные” դրանցում ներկայացնելով իմ տպավորությունները, հույզերը, հույսերը:
Հ. Գ. Ա. Բիտովը դասախոսություններով հանդես կգա համալսարանում: