Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՆՉՊԵՍ ՎԵՐԱՀՍԿԵԼ «ՖԱԿՈՒԼՏԱՏԻՎ» ՊԱՐԱՊՄՈՒՆՔՆԵՐԸ

Ապրիլ 15,2009 00:00

\"\"Դրա համար կարգ անհրաժե՞շտ է, թե՞ ոչ

Օրերս «Առավոտը» տեղեկություններ ստացավ, որ Արամայիս Երզնկյանի անվան թիվ 118 դպրոցում 2-րդ դասարանի աշակերտների համար անցկացվում են անգլերենի լրացուցիչ՝ շաբաթական մեկժամյա պարապմունքներ, եւ դրանց համար երեխաներից հավաքվում է 500-ական դրամ: Մանրամասները ճշտելու համար զրուցեցինք դպրոցի տնօրեն Կարինե Հովակիմյանի հետ: Նա հաստատեց մեր տեղեկությունը եւ պարզաբանեց. «Ուսումնական պլանով 2-րդ դասարանի համար անգլերենի դասաժամեր նախատեսված չեն, ուստի ծնողները ցանկություն հայտնեցին, որպեսզի իրենց երեխաները շաբաթական մեկ անգամ ունենան անգլերենի բանավոր դասաժամ: Ուստի նրանց հետ, ինչպես կարգն է, կնքվել է պայմանագիր, այնուհետեւ այդ մասին տեղեկացվել է ԿԳՆ-ին, ստացել ենք նաեւ Կրթության ազգային ինստիտուտի երաշխավորությունը: Այժմ լրացուցիչ այդ դասաժամի համար գոյություն ունի առանձին մատյան, մի խոսքով ամեն ինչ օրինական է արված»: Կ. Հովակիմյանն ասաց, որ իրենց դպրոցում լրացուցիչ կրթական ծառայությունների մատուցման համար տարեսկզբին ծնողի ցանկությամբ պայմանագիր է կնքվում նրա եւ տնօրենի միջեւ: Բայց տնօրենը մի մտահոգություն ունի. «Օրենքը թույլ է տալիս լրացուցիչ կրթական ծառայությունների մատուցումը, դպրոցի կանոնադրությունը՝ եւս, բայց դրա վերաբերյալ կարգը բացակայում է: Քանի որ չկա կառավարության կամ նախարարության կողմից մշակված կարգ, հետեւաբար մենք սահմանում ենք ներքին կարգ: Խնդիր է առաջանում նաեւ հաշվապահական ձեւակերպումների դեպքում, որոնց ձեւը մենք չգիտենք ոչ թե այն պատճառով, որ կա ու չգիտենք, այլ կարգի գոյություն չունենալու պատճառով: Նախարարի հրամանով պայմանագրի ձեւը կա, բայց արդեն ֆինանսական մասով դա ինչպես պիտի արվի՝ պարզ չէ. փոխանցում կատարվի դպրոցի հաշվի՞ն, թե՞ մուտք գործի դրամարկղ»: Կ. Հովակիմյանն ասաց, որ կարգի բացակայության պատճառով իրենք լրացուցիչ կրթական ծառայություններ մատուցելը դադարեցրել են որոշ դասարաններում. «Ծնողների հետ հանդիպման ժամանակ խնդրել եմ սպասել, մինչեւ լինի կարգը, որ ես հանգիստ լինեմ»: Կ. Հովակիմյանի մտահոգությունը կիսեցին նաեւ այլ դպրոցների տնօրեններ, որոնց դիտարկումները «Առավոտը» փոխանցեց ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանին: Նա կարգի անհրաժեշտության մասին ասաց. «Միջնակարգ հանրակրթական դպրոցի 2008-2009 ուստարվա օրինակելի ուսումնական պլանում ամրագրված է նախասիրական ժամաքանակի տնօրինման մասին պարզաբանում: Այդտեղ մի լրացում է կատարվել, ըստ որի՝ լրացուցիչ վճարովի կրթական ծառայությունն իրականացվում է՝ հաշվի առնելով աշակերտի եւ ծնողի ցանկությունը: Այդ դեպքում նրանց եւ տնօրենի միջեւ պայմանագիր է կնքվում: Սա արդեն ինքնին կարգ է: Կարծում եմ՝ լրացուցիչ կարգի ներմուծման կարիք չկա, քանի որ շատ դպրոցներ նորմալ օրինական աշխատում են: Հանրակրթության մասին օրենքում էլ չի գրվում այդպիսի կետ, որ նման կարգ սահմանենք, բայց եթե այդ օրենքի քննարկումների արդյունքում օրենքը տանի նրան, որ վճարովի լրացուցիչ կրթական ծառայությունների համար կարգ գրվի, մենք դա կգրենք»: Ն. Հովհաննիսյանին փոխանցեցինք այն մտահոգությունը, որ կարգի բացակայության դեպքում կրթական այդ ծառայությունների համար հավաքվող գումարը շատ դեպքերում անօրինական դրամահավաքություն է դիտվում: Վարչության պետն ասաց. «Եթե գումարը գնաց հաշվապահություն կամ նստեց դպրոցի բյուջեի վրա, դա արդեն օրինական է: Իսկ հաշվապահը գիտի, թե դրանից ում որքան պիտի հատկացնի»: Այս դեպքում խնդիր է առաջանում կրթական ծառայությունների՝ մեկ ժամի համար վճարվող գումարի չափի առնչությամբ: Մի դպրոցում դա կազմում է 500 դրամ, մյուսում՝ 3000, մեկ ուրիշում՝ 5000: Սա նշանակում է, որ աշակերտները հայտնվում են անհավասար պայմաններում: Ն. Հովհաննիսյանից հետաքրքրվեցինք՝ ինչպե՞ս կարելի է կանոնակարգել այդ գործընթացը: Նա պատասխանեց. «Մեթոդական նամակ կամ ցուցում գոնե պիտի լինի, որ այդ վճարները բերենք ինչ-որ սահմանի մեջ: Բայց հիմա կարծես թե բոլոր դպրոցներն էլ մի դաշտում են գործում: Դպրոցների տնօրեններին ասել ենք, որ իրենք ինքնակառավարվեն, լրացուցիչ կրթական ծառայության գումարը որոշեն՝ ըստ ուսուցչի աշխատավարձի չափի»: ԿԳՆ հանրակրթության վարչության միջնակարգ կրթության բաժնի պետ Իլյուշա Սարգսյանն էլ կարծում է, որ այդ դեպքում կունենաք «գնացուցակի» նման մի բան, ինչն անընդունելի է. «Այդ հարցը լուծվում է, երբ պայմանագիր է կնքվում ծնողի եւ տնօրենի միջեւ: Իսկ որ ամբողջ հանրապետությունում գործի լրացուցիչ կրթական ծառայությունների համար սահմանված գնացուցակի նման մի բան, դա աբսուրդ եմ համարում»: Նկատենք, որ շատ դպրոցներ լրացուցիչ խոսակցություններից խուսափելու համար ընդհանրապես արգելել են «ֆակուլտատիվ» պարապմունքները: Բայց այս տարբերակն ավելի շահավետ է ուսուցիչների համար, այդ դեպքում նրանք իրենց աշակերտների հետ պարապում են տնային պայմաններում ու ավելի բարձր ժամավճարով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել