Լրացավ հայ մեծ բանաստեղծ Համո Սահյանի ծննդյան 95-ամյակը, մի քնարերգու, ում անվան հետ են կապված հայրենի գրականության մեջ բանաստեղծական ինքնատիպ մի ուղղություն եւ դասական դպրոց:
Համո Սահյանը, ինչպես վկայում են նրա բանաստեղծական ներշնչումները, հասակ է առել եւ հասունացել ծննդավայրից եւ հայրենի բնաշխարհից քաղած կենսական տպավորությունների հարուստ պաշարների հիմքի վրա: Այդ հանգամանքով էլ բացատրվում է նրա բանաստեղծական տեսողականության արժանահավատությունը, բնականությունը եւ խորությունը։ Բանաստեղծի ներշնչարանը մշտապես եղել են հայրենի Լոր գյուղը, Սյունիք աշխարհը, որոնք անհիշելի ժամանակներից գոյություն են ունեցել եւ սյունն են եղել այն ինքնության, որ կոչվել է Հայաստան: Հենց այդ բնարմատի վրա է աճել նաեւ Համո Սահյանի տոհմածառը՝ ընդամենը մի քանի տասնյակ տուն ունեցող գյուղում, որը հետո աշխարհին հայտնի պիտի դառնար որպես մեծ բանաստեղծի ծննդավայր:
Իր ստեղծագործական ճանապարհի բոլոր հանգրվաններում՝ սկսած «Որոտանի եզերքին» առաջին (1946) գրքից, մինչեւ «Դաղձի ծաղիկ» (1986) վերջին եւ ետմահու լույս տեսած «Ինձ բացակա չդնեք» (1998) ժողովածուները, Համո Սահյանը հանդես է եկել իրական՝ կոնկրետ֊առարկայական պատկերի գեղարվեստական դավանանքով, դրանով իսկ մերժելով ինչպես զարդանախշային քնարերգությունը, այնպես էլ հռետորական ինտոնացիաներն ու անառարկա ներշնչանքները։
Ստանալով բանաստեղծական մկրտությունը, նա դեռ չհասունացած բախվեց պատերազմի արհավիրքին, սակայն անմիջապես ընկալեց, որ հաղթանակի գրավականը հայրենի տան մոտ սոսափող նաիրյան դալար բարդին է ու փորձեց ինքնահաստատման մարտահրավեր նետել, հետո, երբ տուն եկավ, ապրելով քաղաքում, նա մշտապես կրողը եղավ գյուղի հոգսերի։ Նրա բանաստեղծությունների առանցքը դարձավ հողի ճակատագրի անհանգստությունը։ Իսկ երբ արդեն բարձրաձայն խոսելու իրավունք վաստակեց, նրան համակեց անջուր Հայաստանում ջրերը պահելու եւ երկիրը ծաղկեցնելու անհանգստությունը։ Այդ անհանգիստ վիճակն էլ հայ քնարերգությունը հարստացրեց հողի եւ ջրի պաշտամունքը առարկայացնող բանաստեղծություններով։
«Հայաստանը երգերի մեջ» շարքը Համո Սահյանին տանում էր դեպի այն բարձունքը, որտեղից նա պետք է տեսներ իր ոչ միայն մոխիրների վրա բարձրացող հնամենի Նաիրի հայրենիքը, այլ նաեւ այդ բարձրակետը համարեր աշխարհի ամենահուսալի ու ամենաճշմարիտ դիտակետը։
Հետագա տարիներին Համո Սահյանը գրեց իր «Հացին երգը», որին նա տվեց «Աստվածս ցորենին ասեմ» խորագիրը։ Այստեղ նա ընդհանրություններ գտավ ծլարձակող հասկի շշուկի, նրա աստվածավայել պահվածքի եւ բանաստեղծության աշխարհ գալու խորհրդի միջեւ։ Եվ վարուժանական «Հացին երգի» մոտ ձեւավորվեց Սյունյաց հողի վրա ծլարձակած, ցորենի հիմնը շեփորահարող «Հացին երգը»…
Արտաքուստ լինելով ավանդական տարերքի եւ շնչի բանաստեղծ, Համո Սահյանը նորագույն հայ բանաստեղծության իրական նորարարը եղավ, բովանդակության եւ ձեւի նորարարը։ Ազգային բանաստեղծության մեջ նա հայտնագործեց մարդու եւ բնության առնչությունների չափազանց հետաքրքրական հարաբերություններ՝ յուրովի արձագանքելով գրականության մեջ եւ կյանքում այդ հիմնախնդրի ժամանակակից որոնումներին։ Բնության եւ մարդու փոխհարաբերությունների գեղագիտական, փիլիսոփայական, սոցիոլոգիական, էկոլոգիական, կենցաղային, հոգեբանական, բնապատմական եւ պանթեիստական մեկնաբանություններով Համո Սահյանը ակնհայտորեն ընդարձակեց բնության տեղը ժամանակակից քաղաքակրթության զարգացման մեջ։
Պետք է նկատի ունենալ, որ բնության արծարծումներում եւ իր բանաստեղծական նկարագրով Համո Սահյանը զարգացման, շարժընթացի բանաստեղծ դարձավ։ Նա գտավ հայ բանաստեղծության ժամանակակից կերպը, բանաստեղծության այն նոր տարածքը, որտեղ մարդը եւ բնությունը հանդես են գալիս արյունակցական հարաբերությունների նոր հարթության վրա։
Համո Սահյանը իր բանաստեղծական տաճարի զանգակատունը կազմող ժողովածուն վերնագրել է «Քարափների երգը»՝ քարափների մեջ տեսնելով նաեւ իր երգի ապագան։ Այդ գերակշիռ հատկանիշը ավելի է ահագնացել նրա «Սեզամ, բացվիր», «Դաղձի ծաղիկ» եւ վերջին՝ «Ինձ բացակա չդնեք» ժողովածուներում։ Քարափների հավերժության մեջ տեսնելով նաեւ իր երգի ապագան, բանաստեղծը իր անմահությունն էլ կապել է քարափների հետ հավերժ մնալու գաղափարի մեջ, որոնց խնդրում է, որպեսզի ժամանակի հավերժության մեջ իրեն բացակա չդնեն։
Բանական բնության եւ բնական մարդու սահյանական համակարգում կա գեղարվեստական մի առանձնահատկություն։ Դա բույրի զգացողության գեղագիտական ընկալումն ու նրա բանաստեղծականացումն է։
Մեծ բանաստեղծը իր քնարերգության անդաստանը հարստացրեց ոչ միայն բոլորիս հայտնի ծաղկի, ուրցի, հացի հոտով, ոչ միայն շատերին պակաս ծանոթ մոր ծոցի, վարող-ցանող հոր ձեռքերի, տոհմածառի կամ արեւի, բարձունքի, լույսի, ամպրոպի, մամուռի, անձավի, քամու, քարայծի կճղակի հոտով, այլ ավելի դժվար ըմբռնելի՝ մորմոքի, արցունքի, մութի, նաեւ՝ սարսափի, խեղճության, տխրության հոտով եւ, վերջապես, ինչպես բանաստեղծն է գրում՝ «հոտեր, հոտեր, որ անուն չունեն»։
Այս ամենը, բնականաբար, մարդու հոգում արթնացնում է ոչ միայն բնության եւ մարդու փոխհարաբերության շեշտված զգացողություններ, այլ նաեւ խոհափիլիսոփայական բանաստեղծության այնպիսի տեսակ, որ մինչ այդ գոյություն չի ունեցել հայ քնարերգության մեջ։
Պատկերամտածողության իրական դավանանքի խորացմանը մեծապես նպաստել է Համո Սահյանի կողմնորոշումը դեպի արտահայտման հայոց դասական գեղարվեստական ավանդները, որոնք թաթախված են ժողովրդական-բանահյուսական ոճաձեւերի սահյանական ինքնատիպությամբ եւ ստեղծագործական ուրույն վերաբերմունքով։ Դրանք քնարերգության համակարգ են մտել մինչ այդ չընդգծված, զարմանալի, յուրօրինակ մեկնաբանություններով, որոնք հանդես են եկել «ժառանգորդական ավազանի» դերով։
Համո Սահյանը այն բանաստեղծներից եղավ, որ երբեք չփորձեց ընդլայնել իր տեղը ժամանակի գրական ասպարեզում։ Նրան ամենից շատ անհանգստացնում էր պոեզիայի ճակատագիրը, թե ուր է գնում նա եւ ուր են տանում նրան։ Լինելով դասական ավանդների կողմնակից, նա գտնում էր, որ դասականը չի սպառել իր զարգացման հնարավորությունները եւ հենց այդ հիմքի վրա պիտի կառուցվի իսկականը, հայկականը։ Միաժամանակ, նա տագնապ ուներ հայ բանաստեղծության ճակատագրի համար, զգալով, որ գալու է «անճարակության համաճարակը»։
Համո Սահյանը 20-րդ դարի հայ քնարերգությունը հարստացրեց նաեւ մի կարեւոր առանձնահատկությամբ։ Հինգ դար հետո նա վերածնեց բնիկ հայկական բանաստեղծության այն տեսակը, որ կրում է հայրեններ չափազանց հայկական անվանումը։
Նա ուղղակի խիզախեց հայ ընթերցողին ներկայացնել 61 հայրեն, հիշեցնելով, որ բանաստեղծության այդ տեսակը հատուկ է միայն հայ քնարերգությանը։ Եվ մեծ բանաստեղծը վստահաբար կանգնեց Քուչակի կողքին։ Նա, անշուշտ, նպատակ չուներ մրցելու նրա հետ կամ ձեռք տալու քուչակյան՝ գրականագիտության համար առեղծվածային ակունքներին։ Հավատարիմ մնալով այդ ժանրի ավանդներին, նա, ընդունելով քուչակյան թեմատիկայի գերակայությունը, կարողացավ ընդլայնել նրա սահմանները, միաժամանակ ավելի մեծ խորհուրդ ու նշանակություն տալով այդ ժանրին։
Համո Սահյանի հայրենները, անտարակույս, պիտի գրանցվեն հայոց դասական բանաստեղծության ոսկե ֆոնդում։
Համո Սահյանը, որ երբեք չփորձեց պոեմներ գրել, ստեղծեց, սակայն, լայնակտավ մի քանի ստեղծագործություններ, որոնք նկատելի ճանաչողական իմաստ ունեն եւ պատմահուզական նկատելի բնույթ։ Նա գրեց նաեւ բալլադներ, ութ տողանոց բանաստեղծությունը պոեմ անվանեց, իսկ տասը տողանոց մի գործ՝ վեպ։ Քառյակներ գրեց՝ խարսխված բնության ու մարդու փոխկապակցվածության սկզբունքների վրա՝ ժամանակի ու տարածության, կյանքի ու մահվան, մարդկային հարաբերությունների նրբերանգներով։
Այս ամենի հետ միասին Համո Սահյանը հայ պոեզիայում մնաց մարդու մենակությունը եւ լռության խորհուրդը գնահատող բանաստեղծ։
Համո Սահյանը մշտապես տագնապ ուներ ոչ միայն բանաստեղծության ճակատագրի, այլ նաեւ ազգի հոգեկան պաշարների սպառման խնդիրներում։ Պոեզիայի քաղաքացիականության շուրջ նրա մտորումների մեջ զգացվում է այն մեծ անհանգստությունը, ինչը սպառնում էր մարդու մեծացման խնդրին։
Իր ստեղծագործության հսկայական նշանակությամբ եւ ճանաչողական իմաստների մեծությամբ, ընդհանրացումների տիեզերականությամբ, լեզվական կատարելությամբ Համո Սահյանը մտել է բանաստեղծական զարգացման համաշխարհային ուղեծիր՝ շփման եզրեր ունենալով հին ու նոր բոլոր խոշորագույն քնարերգուների հետ։
Բարի երթ նրան՝ այս եւ եկող դարերում։ Եկեք խոստանանք, որ նրան երբեք բացակա չենք դնելու։