Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԲԱՑ ՆԱՄԱԿ՝ ՀՀ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

Ապրիլ 15,2009 00:00

\"\"Գեղարքունիքի մարզի գյուղացիները տագնապ են հնչեցնում

Համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամն արդեն զգացնել է տալիս՝ թողնելով իր լուրջ հետեւանքները մեր փոքր հայրենիքի տնտեսական զարգացման վրա: Իրենց հաց հանապազօրյան հայթայթող մարդկային հոծ զանգվածները կանգնած են լուրջ խնդրի առջեւ՝ ի՞նչ միջոցներով, ինչպե՞ս եւ ինչքա՞ն կարող են դիմանալ ու դիմագրավել նորանոր հարվածներին:

Բարեկամ-հարազատների կողմից, որոնք գտնվում են արտերկրներում, օգնություն ակնկալել չեն կարող, որովհետեւ նրանց վիճակը նույնպես բարվոք չէ՝ հայտնի պատճառներով: Սեփական ուժերով վաստակելու համար աշխատել է պետք, աշխատելու համար՝ աշխատատեղ, որը չկա, իսկ կենսական նվազագույն պայմանները բավարարել է պետք: Ո՞ւր գնալ, ի՞նչ անել, ինչպե՞ս վարվել: Այս հարցերի պատասխանները մարդիկ ակնկալում են իրենց հարազատ պետությունից ու նրա ղեկավարությունից: Ճշմարտության դեմ չմեղանչելու համար ասենք, որ ԶԼՄ-ներից տեղեկանում ենք, որ պետությունը հսկայական ֆինանսական ու տնտեսական աջակցություն է ցուցաբերում արդյունաբերողներին ու գործարարներին: Եվ օրավուր ավելանում են այն տնտեսվարող սուբյեկտները, որոնք խնդրում են պետական աջակցություն ու ստանում են՝ իրենց բնականոն գործունեությունը շարունակելու համար: Սակայն չէ՞ որ մեր պետության ազգաբնակչության մի մասն էլ կազմում է գյուղացիությունը, որը իր անդուլ, տքնաջան ու տանջալի աշխատանքով արյուն-քրտինք թափելով, հսկայական ֆինանսական միջոցներ ծախսելով, ստանում ու ստեղծում է գյուղմթերքներ, որոնց իրացման ճանապարհին կանգնում է անլուծելի խնդիրների առջեւ: Խնդիրներ, որոնք իրենից կախված չեն, ինքն անզոր է դրանք լուծել:

Բոլորիդ քաջ հայտնի է, որ Գեղարքունիքի մարզի ազգաբնակչության համար ապրուստի միջոցը, իսկ գերակշռող մասի համար միակը, իրենց իսկ դառը քրտինքով ստացած գյուղմթերքներն են՝ հիմնականում կարտոֆիլ եւ կաղամբ:

Սակայն ի՞նչ է կատարվում այսօր: Մարդիկ իրենց դառը քրտինքով աճեցրած բերքը չեն կարող իրացնել, եթե հաջողվում է գոնե որոշ բան իրացնել, ապա՝ ինքնարժեքի կես գնով: Այսպես՝ այսօրվա դրությամբ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Գեղարքունիքի մարզի յուրաքանչյուր տնտեսությունում ամբարված է ամենաքիչը 2 տոննա կարտոֆիլ: Պարզագույն թվաբանական հաշվարկով մարզում ամբարված են կարտոֆիլի 100 հազարավոր տոննաներ, որի կիլոգրամի ինքնարժեքը կազմում է շուրջ 100 դրամ: Իսկ այսօր այն չի կարող իրացվել նույնիսկ 50 դրամով: Ստացվում է, որ գյուղացին զրկվում է հետագա վերարտադրությունը կազմակերպելու հնարավորությունից՝ մի կողմից, իսկ իր ընտանիքը սովի ու զրկանքների է մատնվում՝ մյուս կողմից: Մեզ թվում է, որ դուք լավ եք պատկերացնում առաջացած վիճակի աղետալի հետեւանքները:

Պարոնայք ղեկավարներ, այսօր ձեզանից է կախված գյուղացու լինել-չլինելու հարցը: Խորհրդային շրջանում նման առատ բերք ստանալու համար շատ շատերին Սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչում կտային: Իսկ այսօր մարդիկ իրենց նզովում են այն բանի համար, որ վերջին հնարավորություններն են ներդրել նման առատ բերք աճեցնելու, փաստորեն՝ կոտրած տաշտակի առաջ կանգնելու համար: Ֆինանսական, ֆիզիկական միջոցները ծախսվել են, մարդիկ համատարած սնանկացել են, բարիքը արտադրվել է, եկամուտ չկա: Մարդկանց ընտանիքները դատապարտված են զրկանքների ու նույնիսկ սովի:

Դիմելով ձեզ, խնդրում ենք, իսկ որպես մեր ընտրյալների, պահանջում ենք շուտափույթ կերպով պետական մակարդակով պայմաններ ստեղծեք հանրապետությունում կուտակված հսկայական քանակի կարտոֆիլի եւ կարտոֆիլի սերմանյութի արտահանման եւ իրացման համար:

Արտահանման գործընթացը չկազմակերպելու դեպքում աղետը կսպառնա ոչ միայն մարդկանց, այլեւ շրջակա միջավայրին, առավել եւս Սեւանա լճին ու առանց այն էլ սահմանափակ վարելահողերին, որոնք միջոցների բացակայության պայմաններում կմնան անմշակ, էրոզիայի կենթարկվեն ու անդառնալի կորուստ կբերեն մեր հանրապետությանը: Մարդիկ ընտանիքների գոյությունը պահպանելու համար կլքեն իրենց բնակավայրերը ու կմեկնեն արտագնա աշխատանքի, անտեր թողնելով իրենց պապենական հողն ու ջուրը: Կգնան շենացնելու ու կառուցելու ուրիշի երկիրը, ծաղկեցնելու ուրիշի բնակավայրերը: Հետեւանքներն աղետալի են:

Մենք՝ գյուղացիներս, ձեզնից փող չենք ուզում, մուրացկանություն չենք անում, ուղղակի խնդրում ենք պետական մակարդակով օգնել, որ իրացվի ու փողի վերածվի մեր դառը քրտինքով, տաժանակիր աշխատանքով եւ հսկայական ֆինանսական միջոցների ծախսման գնով աճեցրած բերքը՝ գոնե իր ինքնարժեքով:

Հավատացեք, մենք չենք ուզում կորցնել մեր հավատը մեր հարազատ պետության հանդեպ:

Մարտունու կանանց համայնքային խորհուրդ հ/կ՝ ԱՆԱՀԻՏ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Տարոն կրթախորհրդատվական հ/կ՝ ՄԱՆՈՒՉԱՐ ՍԻՄՈՆՅԱՆ

Գլոբուս հ/կ՝ ԱՐՏԱՇ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Ծովինար-1 երիտասարդական Հ/կ՝ ԴԵՐԵՆԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել