Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հաշմանդամ է դարձել ծառայության ժամանակ

Ապրիլ 15,2009 00:00

Զինծառայողին թողել են իր ցավի հետ

Ազատամարտիկ, արցախյան պատերազմի մասնակից, ԵԿՄ անդամ Սամվել Մամիկոնյանի որդին՝ Գեւորգը, պաշտպանության նախարարության Տավուշի զորամասում 2003թ. ստացել է ողնաշարի կոտրվածք: 1-ին կարգի հաշմանդամը տնից դուրս է գալիս միայն բուժման նպատակով, ծնողների օգնությամբ, քայլում է հենակներով՝ հենվելով կրունկի վրա: ՀՀ նախագահին, ՀՀ պաշտպանության նախարարին, ՀՀ առողջապահության նախարարին, ՀՀ ԱԺ-ին ուղարկված տասնյակ դիմումները նախկին զինծառայողին, նրա ազատամարտիկ հորն ավելի են զայրացրել, քանի որ բոլորը ձեռքերը լվացել են եւ չեն ուզում մասնակցել զինվորի հետ կապված խնդիրների լուծմանը: Նախկին զինծառայողի հայրը դիմել է պաշտպանության նախարարին, խնդրելով օգնել որդուն «Ջերմուկ» առողջարանում բուժման կուրս անցնել: Նախարարը դիմել է առողջապահության նախարարին, եւ ահա Ս. Մամիկոնյանը ստացվել է ՊՆ ՌԲ վարչության պետ, գնդապետ Գ. Աղայանի պատասխանը, որով հայտնվում է. «Ջերմուկ» առողջարանը չի գտնվում առողջապահության նախարարության ենթակայության ներքո, ուստի չենք կարող բավարարել Ձեր խնդրանքը»:

ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետ Ա. Փարսադանյանն էլ, ապրիլի 1-ին հերթական դիմումի հետ կապված, Ս. Մամիկոնյանին պատասխանել է. «Բարձրացված խնդիրը ՀՀ ՊՆ գործառույթների մեջ չի մտնում, քանի որ մեր համակարգում չի գործում նույնիսկ զինծառայողների արտերկրում բուժման եւ փոխհատուցման կարգը»: Ա. Փարսադանյանը ծնողին ակնհայտորեն ճիշտ չի պատասխանում, քանի որ զինծառայողը ողնաշարի կոտրվածք է ստացել ոչ թե ասֆալտի վրա ֆուտբոլ խաղալիս, այլ ծառայության ժամանակ, եւ պետությունը, մասնավորապես՝ նախարարությունը, պարտավոր էր հոգալ դրա հետ կապված բոլոր ծախսերը: «Տղաս ողնաշարի կոտրվածք է ստացել 2003թ. սեպտեմբերի 20-ին՝ ծառայության ժամանակ: Որդուս բուժման համար ես պետական ոչ մի աջակցություն չեմ ստացել: Իմ ընտանիքի աշխատած ողջ գումարը եւ վերցրածս տոկոսով գումարները ծախսել եմ տղայիս բուժման համար: 30 000 դրամ թոշակը չի բավականացնում հաշմանդամ երեխայիս բուժումը կազմակերպելու համար: 2008թ. մինչ օրս 5 անգամ դիմել եմ պաշտպանության նախարարին, մերժումից բացի՝ ոչինչ չեմ ստացել: Նյութական միջոցներ չլինելու պատճառով չեմ կարող որդուս ուղարկել մարզումների, լողավազան: Արդյո՞ք Հայաստանն ի զորու չէ բուժել իր զինվորին»,- հարցնում է ազատամարտիկ Ս. Մամիկոնյանը: «1991-ից զինվորագրվել եմ հայրենիքի պաշտպանությանը: 1994-ին 5-րդ բրիգադի զինվորների հետ մասնակցել եմ ԼՂՀ Մարտակերտի շրջանի ազատագրման մարտերին: Երբ հարց է առաջանում, որ ես մասնակցել եմ պատերազմին, վերեւում բազմած պարոններն ասում են՝ չգնայիր, չկռվեիր, քո ընտանիքի համար ես գնացել: Ի՞նչ եք կարծում, ինձ նման մարդկանց արժե՞ օգնել, թե՞ ոչ»,- հարցնում էր հայրը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել