Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ՍՏԻՊԵԼ Է ՄՈՒՐԱՑԿԱՆՈՒԹՅԱՄԲ ԶԲԱՂՎԵԼ

Ապրիլ 15,2009 00:00

«Տանիքը»՝ կարիճի դաջվածքով

Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում, Գագիկ Ավետիսյանի նախագահությամբ, օրեր առաջ ավարտվեց աշխատանքային թրաֆիքինգի մի գործ եւս: Շահագործվել էին անչափահաս երեխաներ, որոնք զբաղվել են «հրապարակային գործունեությամբ»՝ մուրացկանությամբ:

Նախկինում 2 անգամ դատված Գարիկ Հովհաննիսյանի նկատմամբ հարուցվել էր քրեական գործ: Նա, փաստացի ամուսնության մեջ գտնվելով Լ. Մ.-ի հետ, նրա անչափահաս որդու՝ Վահան Իշխանյանի միջոցով ծանոթացել է նրա ընկերոջ՝ Արման Հակոբյանի հետ: Վերջինս «Վարդաշեն» կրթահամալիրի սան է: Գարիկը, իմանալով, որ Արմանը զբաղվում է մուրացկանությամբ, չի ցանկանում հաճախել դպրոց եւ ապրում է ծանր պայմաններում, առաջարկել է, որ նա Վահանի հետ կանգնի փողոցներում եւ փող մուրա: Սակայն հավաքած գումարները նրանց «տանիքը»՝ Գարիկը, վերցրել է ամեն օր: Ըստ դատաքննության ժամանակ հնչած ցուցմունքների՝ Գարիկը նրանց ավտոմեքենայով տեղափոխել է «աշխատավայր», ապա օրվա վերջում տարել Շիրակի փողոցում գտնվող հանրակացարանի շենք: Երեխաներն ամեն օր նրան մուծվել են 10-15 հազար դրամ: Գարիկը «տանիք» էր կանգնել նաեւ Նուբարաշենի թիվ 18 կրթահամալիրի սաներ՝ 12-ամյա Հովհաննես Պողոսյանին եւ 16-ամյա Մեհրաբ Բժանիային: Վերջին 2 երեխաները մուրացկանություն էին անում Աբովյան, Թումանյան, Նալբանդյան փողոցներում, Օպերայի շենքի մոտակայքում: Ժամանակավոր կացարանով ապահովելով նրանց, եւ նույնպես սպառնալով, Գարիկը հավաքել է երեխաների օրվա վաստակը: «Էլիտար» փողոցներում եղել են դեպքեր, երբ օրվա ընթացքում հավաքվել է 25 000 դրամ: Դատարանում ցուցմունք տալու ժամանակ պարզվեց, որ տուժողներից մեկը Գարիկի խորթ երեխան է:

13-ամյա մուրացիկ Ալբերտ Հովհաննիսյանն ասաց, որ Գարիկն իրեն առաջարկել է զբաղվել մուրացկանությամբ, որպեսզի հավաքված գումարով փակի իր մեքենայի պարտքերը: Երեխան վախեցել է մերժել նրան՝ տեսնելով «նրա մարմնի դաջվածքները», մասնավորապես՝ «կարիճի դաջվածքը, լսելով խռպոտ ձայնը, պահվածքը»: Իսկ Գարիկը նրան թույլատրել է մնալ իր տանը, կերակրել է, հետեւել, որ որեւէ մեկը նրան չծեծի ու չնեղացնի: «Եղել են դեպքեր, երբ չէի ցանկանում մուրացկանությամբ զբաղվել: Այդ ժամանակ Գարիկը զայրացավ, ասաց՝ կգնաս գումարը կբերես: 2008 թ. հունիսի կեսերին երբ նրան ասացի, որ գումար չեմ տալու, 3 անգամ հարվածեց ձեռքիս ու մեջքիս: Անգամ ավտոմեքենայով հետապնդեց ինձ ու, ստիպողաբար նստեցնելով մեքենան, տարավ տուն»,- ասաց Ա. Հովհաննիսյանը:

12-ամյա Արման Հակոբյանն էլ դատարանում ասաց, որ սովորում է Վարդաշենի թիվ 1 դպրոցի 6-րդ դասարանում: Վահան Իշխանյանենց տանը ծանոթացել է Գարիկի հետ: Վերջինս իմացել է, որ զբաղվում է մուրացկանությամբ, «տանիք» է կանգնել նրան, ստիպել, որ աշխատած գումարները տրամադրի իրեն: Նա նաեւ ասաց, որ երբ 10-15 հազար դրամ էր տալիս օրվա վերջում, «տանիքը» ցնցվում էր, իսկ երբ 20-25 հազար դրամ՝ ուտելիք էր գնում: Իսկ Գավառի մանկատանը մեծացած, ապա Նուբարաշենի թիվ 18 դպրոց հաճախած Մուրադ Բժանիան նախաքննության ժամանակ հիշել էր, որ մի անգամ 4000 դրամ էր հավաքել, եւ Գարիկը զայրացել էր ու իրեն ծեծել: Դրանից հետո ինքը տնից հեռացել էր:

Գ. Հովհաննիսյանը ստիպել էր դեռահասներին կանգնել նաեւ Մալաթիայի շուկայում եւ բնամթերք մուրալ:

Երեխաների շահագործման համար Գարիկ Հովհաննիսյանը դատապարտվեց 7 տարվա ազատազրկման:

Հ. Գ. Դատաքննության ավարտից հետո տուժողները շտապեցին աշխատավայր՝ մուրացկանությամբ զբաղվելու:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել