Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ալերգիա՝ աղտոտ մթնոլորտի պատճառով

Ապրիլ 15,2009 00:00

\"\"Մեր երկրում գործող բնապահպանական կազմակերպությունները փաստում են, որ հանրապետության բնակավայրերից ամենաաղտոտվածը մայրաքաղաքի մթնոլորտն է:

Մասնագետների ներկայացմամբ, պատճառը զանգվածային ծառահատումներն են ու համատարած շինարարությունից առաջացած կեղտն ու փոշին: Այդ ամենի հետեւանքով, վերջին տարիներին հատկապես ալերգիկ հիվանդությունները գլուխ են բարձրացրել: Այսօր ամենատարածված ալերգիան պոլինոզն է, որը պայմանավորված է եղանակային պայմաններով: Ալերգիոլոգ Ինեսա Մելիքյանի ներկայացմամբ, այս ալերգիան առաջանում է ծաղկափոշիներից, երբեմն էլ ատոպիկ բրոնխիալ ասթմայի զարգացումներ է ունենում:

«Ինչպես բոլոր ալերգիկ հիվանդությունները, պոլինոզը եւս շատ տարածված հիվանդություն է, դրա հիմնական առաջացման պատճառը մթնոլորտի աղտոտումն է, ինչի պատճառով հատկապես քաղաքի բնակիչներն ավելի հաճախ են հիվանդանում: Մեծ դեր է խաղում նաեւ ժառանգականության գործոնը»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց Ի. Մելիքյանը: Նրա խոսքերով. «Պոլինոզն արտահայտվում է փռշտոցով, քթի լորձաթաղանթի այտուցով, արցունքահոսությամբ, հնարավոր են մաշկային երեւույթներ՝ եղնջացան, դերմատիտ: Հազվադեպ ախտահարվում են նաեւ միզասեռական եւ աղեստամոքսային համակարգերը: Եթե գանգատներն ի հայտ են գալիս ապրիլի վերջից մինչեւ մայիսի վերջը, ապա դուք ունեք ալերգիա տերեւային ծառերի նկատմամբ՝ կեչի, կաղնի, ուռենի եւ այլն»: Բժշկի ներկայացմամբ, փշատերեւ ծառերից՝ սոճին, եղեւնին ալերգիա են առաջացնում մայիսի կեսերից մինչեւ հունիսի կեսերը: Մինչդեռ խոտաբույսերը՝ սիզախոտ, ոզնախոտ, աղվեսախոտ, ցորնուկ, ալերգիա են առաջացնում մայիսի վերջից հուլիսի վերջը: Իսկ եթե ալերգիան մոլախոտերից է, ապա դրա ժամանակացույցը սկսում է հուլիսի վերջից եւ ավարտում հոկտեմբերին: Ի. Մելիքյանը նշում է, որ այս ամիսներին նշյալ ալերգիաների նկատմամբ զգայուն մարդիկ պետք է արեւոտ ու շոգ օրերին քիչ լինեն դրսում, տանը եւ աշխատանքային վայրում անհրաժեշտ է հնարավորինս փակ պահել լուսամուտները, վաղ առավոտյան եւ երեկոյան օգտվել օդափոխիչներից, խուսափել բնության գրկում լինելուց, կրել արեւային ակնոցներ եւ հովանոց: Եթե հնարավորություն կա, պետք է հանգիստն անցկացնել ծովափնյա շրջաններում եւ սահմանել սննդակարգ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել