Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՇԻՐԱԿՈՒՄ ՏՐԱՆՍՊՈՐՏԸ ԿԹԱՆԿԱՆԱ

Ապրիլ 15,2009 00:00

\"\"Ներմարզային երթուղիների մրցույթը շահած 13 կազմակերպությունից 10-ը թանկացման հայտ է ներկայացրել

Գազի թանկացմանը համընթաց, արդեն կես ամիս է՝ Գյումրիի Բուլվարային թաղամասը սպասարկող միակ տրանսպորտը՝ թիվ 10 ավտոբուսը, դադարեցրել է իր աշխատանքները: «Ձեռ չի տալիս ու վերջ»,- հեշտ-հանգիստ պատճառաբանում են վարորդները: Գյումրիի քաղաքապետարանն էլ իրեն չի կոտորում լուծում փնտրելու եւ ուղեւորների իրավունքները պաշտպանելու համար: Երեկ նմանատիպ մի սպառնալիք էլ Շիրակի մարզպետին են ներկայացրել գյուղերը սպասարկող երթուղագծերի տերերը, որոնք միաբերան պահանջում են վերանայել մրցույթի պայմաններն ու տրանսպորտը թանկացնել 50 դրամով: Իսկ այս պահանջը նեղն է գցել ոչ միայն մարզպետարանի ներմարզային երթուղիները սպասարկող կազմակերպությունների մրցութային հանձնաժողովին, այլեւ՝ գյուղերի բնակչությանը, առավել շատ՝ ուսանողներին:

Երեկ Գյումրիում սովորող գյուղաբնակ ուսանողները «Առավոտին» դժգոհեցին, որ մրցույթի գծերը շահած օլիգարխները ոչ մի զիջումների չեն գնում, ավտոբուսների ու միկրոավտոբուսների վրա գրում են «ուսանողական», սակայն 1 դրամ անգամ զեղչ չեն անում, իսկ ուսանողական անվանում են այն պատճառով, որ տրանսպորտը Մանկավարժական ինստիտուտի դիմաց է կանգնում: Նրանցից շատերը, օրինակ՝ Գյումրի-Արեգնադեմ, Գյումրի-Կառնուտ-Հովիտ-Բասեն-Ջրառատ տրանսպորտից օգտվողները պատմեցին, որ նախատեսված 15 ուղեւորի փոխարեն վարորդը 30-40-ին է տեղափոխում: Ավտոբուսներն էլ, ըստ ջրառատցի ուսանողների, այնքան «փոշոտ, ջարդված, փշրված են», որ «կամ կոշիկիդ կրունկն է կոտրվում կամ ուղեղի ցնցում ես ստանում»: Երբեմն ավտոբուսը ճանապարհին փչանում է ու 1 ժամ կանգնում: Եվ այսպիսի սպասարկման համար կրկնակի թանկացում են նախատեսում, համենայնդեպս՝ վարորդներից մեկը ուղեւորներին նախապատրաստել է, որ «200 դրամի փոխարեն հնարավոր է 400 դառնա, մենք ինչ անենք՝ վերեւներն են այդպես պարտադրում»: Եթե նկատի ունենանք, որ Շիրակի մարզի ճանապարհների վերանորոգման համար արդեն քանի տարի է պետությունը 1 լումա անգամ չի նախատեսում, ուրեմն մահն ամեն վայրկյան ուղեւորին սպառնում է: Ոչ պակաս սարսափելի վիճակում է Աշոցքի շրջանի Ղազանչի գյուղ մեկնող տրանսպորտի վիճակը: Ուսանողների ներկայացնելով, եթե սխալվես ու ճանապարհին վատանաս, մեքենայից դուրս գալու հնար չկա: Այստեղ նաեւ ուշաթափության դեպքեր են արձանագրվել: Եվ պատճառը ոչ թե վատ ճանապարհներն են, այլ վարորդների ագահությունը, որոնք մի «ռեյսով» միանգամից մի քանի գյուղի ժողովուրդ են տեղափոխում:

Փաստորեն, այստեղի ուսանողները թանկ են վճարում, մեկ ամսում առնվազն 30-35000 դրամ տրանսպորտին են տալիս: Անցած ուրբաթ եւ շաբաթ օրերին ինքնագլուխ թանկացրել էին նաեւ Գյումրի-Մարալիկ երթուղին՝ 250 դրամի փոխարեն դարձնելով 300: Սակայն երկուշաբթի օրվանից հին գներին են անցել: Նկատենք, որ տրանսպորտի թանկացումից տուժելու են նաեւ այն բուժաշխատողներն ու ուսուցիչները, որոնք Գյումրիից գնում են գյուղերում աշխատելու, նրանց համար ոչ մի զեղչ չի գործում: Ինչպե՞ս է վարվելու մարզպետարանի տրանսպորտային հանձնաժողովը, արձագանքելո՞ւ է, արդյոք, տրանսպորտային կազմակերպությունների պահանջին:

Շիրակի մարզպետարանի տրանսպորտի եւ ճանապարհաշինության բաժնի պետ Մարզպետունի Մարգարյանի ասելով, իրենք եւս նեղ վիճակի մեջ են հայտնվել, ՍՊԸ-ները հաշվարկներ չեն կատարել, սակայն թանկացման դիմում են ներկայացրել: «Դա այդպես չէ, կառավարության որոշմամբ, հաստատված մրցութային կարգի մեջ ամրագրված է, որ քսայուղերի, մեքենամասերի, վառելիքի թանկացման դեպքում մրցույթում հաղթած ընկերությունը իրավունք ունի հաշվարկներով, հիմնավորումներով դիմել հանձնաժողովին՝ ուղեվարձը թանկացնելու համար, որից հետո հանձնաժողովը բաժնի հետ միասին կուսումնասիրի իրենց ներկայացրած հաշվարկները եւ մեր ուսումնասիրությունները կհամեմատի, ապա կներկայացնի հանձնաժողովի քննարկմանը: Էստեղ մի քիչ հախուռն մոտեցում է ցուցաբերվել: Քանի որ տնտեսական ճգնաժամի պատճառով ուղեւորահոսքը նվազել է, ընկերությունները իրենց ունեցած շահույթի մեջ բավականին, էսպես ասած, կորուստներ ունեն, այդ պատճառով հախուռն մոտեցում են ցուցաբերել: Համընդհանուր առաջարկում են թանկացնել 50 դրամով, բայց երթուղիներ կան, որոնք միշտ էլ շահութաբեր են աշխատել եւ այսօր էլ աշխատում են: Հանձնաժողովը տրամադրված չէ թանկացման, մենք ցանկություն չունենք ազգաբնակչության այս ծանր վիճակում եւս մեկ բարդություն առաջացնել, բայց միեւնույն ժամանակ իրավունք չունենք չմտածել գործարարի մասին, եթե մարդը ներդրում է արել ու շահույթ չպիտի ունենա, բնականաբար կխուսափի հետագա շահագործումից, էդ դեպքում մարդիկ կզրկվեն մարզկենտրոնի հետ կապից, էդ դեպքում գյուղացին ինչպե՞ս իրացնի իր արտադրանքը, մենք հայտնվել ենք բարդ իրավիճակի մեջ»,- ասում է տրանսպորտի բաժնի պետը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել