Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԼՐԱԳՐՈՂԻՆ «ՎԱՅՐ ԳՑԵՑԻՆ»

Ապրիլ 15,2009 00:00

\"\"«Ա1+»-ի լրագրող Դավիթ Ջալալյանը ոստիկանության Կենտրոնի բաժնում բացատրություն է տվել, որ ապրիլի 8-ի երեկոյան Հյուսիսային պողոտայում իրեն ոչ թե ոստիկանները ծեծել են, այլ պարզապես ետ-ետ է գնացել ու մեջքի վրա վայր ընկել, ինչից էլ ստացել է վնասվածքները: Այս մասին «Հետքին» հաղորդեցին ոստիկանության մամուլի ծառայությունից:

Հիշեցնենք, որ «մեջքի վրա ընկած» լրագրողը վնասվածք էր ստացել որովայնի շրջանում, ինչը հստակ երեւում է նաեւ դեպքից հետո արված լուսանկարներում: Դրանց հետ միասին «Ա1+»-ի կայքէջում տեղադրված է նաեւ Դավիթի տեսաձայնագրառումը, որտեղ ֆիքսված է, թե ինչպես են ոստիկանները Հյուսիսային պողոտայում հավաքված քաղաքացիներին քաշքշում: Նկարահանումն ավարտվում է այն պահին, երբ ոստիկաններից մեկը (կադրում դեմքը չի երեւում) Դավիթին ասում է՝ «Արա, դե հերիք ա, էլի…», ու սկսվում է «վայր ընկնելու գործընթացը»:

Դեպքից հետո «Ա1+»-ը գրեց, որ լրագրողին ծեծի է ենթարկել անձամբ ՊՊԾ-ի պետ Ռոբերտ Մելքոնյանը՝ հարվածելով դեմքին եւ որովայնին, որից հետո ծեծը շարունակել են մյուս ոստիկանները:

«Շտապօգնության» բրիգադը Դավիթ Ջալալյանին տեղափոխել էր Հանրապետական հիվանդանոց: Բուժօգնություն ցուցաբերելուց հետո բժիշկները նշել էին, որ լրագրողի կյանքին վտանգ չի սպառնում, բայց որոշ ժամանակ նա պետք է մնա բժիշկների հսկողության տակ:

Հիվանդանոցում ոստիկանները Դավիթին չեն այցելել: Բայց մեր տեղեկություններով՝ նույն օրը գիշերը ոստիկանության Կենտրոնի բաժնի երկու աշխատակից այցելել են լրագրողի բնակարան եւ վերջինիս սպառնացել: Արդյունքում ծնվել է «վայր ընկնելու բացատրությունը»:

Դավիթ Ջալալյանը հրաժարվում է պատասխանել մեր հարցերին՝ «ոստիկանության հետ ավելորդ պրոբլեմներ չունենալու» պատճառաբանությամբ:

Միջադեպի առթիվ ոստիկանություն է հրավիրվել «Առավոտ» եւ «Չորրորդ իշխանություն» օրաթերթերի ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը:

«Ես ասել եմ, որ ոստիկանները քաշքշում էին Դավիթին եւ խոչընդոտում նրան կատարել իր մասնագիտական պարտականությունները: Բայց նրան ծեծելու վերաբերյալ ոչինչ չեմ հայտնել, որովհետեւ այդպիսի բան չեմ տեսել»,- պատմում է Գ. Շամշյանը:

Դեպքը տեղի է ունեցել բազմաթիվ մարդկանց ներկայությամբ: Թե ոստիկանությունն ինչո՞ւ է միայն Շամշյանին հրավիրել իր մոտ՝ պարզաբանման, անհասկանալի է:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել