Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«ԳԼԵՆԴԵԼ ՀԻԼԶԸ» ՉԻ՞ ՈՒԶՈՒՄ ՎՃԱՐԵԼ

Ապրիլ 15,2009 00:00

\"\"Երեկ Գյումրիի Մուշ-2 թաղամասում շինարարները բողոքի ցույց էին կազմակերպել: Նրանց հիմնական դժգոհությունն այն է, որ իրենք չեն կարողանում աշխատել, քանի որ շինաշխատանքների սկիզբն անընդհատ ձգձգվում է: Այս մասին տեղեկացնում է «7 օր»-ը: Ցուցարարները բողոքել են, որ դեռ փետրվար-մարտ ամիսներից իրենք գնում-գալիս են: «Արդեն երկու ամիս է՝ ցուցակներ են կազմում ու բրիգադներ ձեւավորում, հետո ասում են՝ գնացեք, մենք բրիգադիրներին կզանգենք, կգաք կաշխատեք, մինչեւ հիմա զանգում են»,- նշել է բանվորներից մեկը:

Շինարարները պատասխանատուներից հետաքրքրվել էին, թե մոտավորապես ինչքա՞ն են սպասելու։ Կառուցապատող կազմակերպության՝ «Գլենդել Հիլզի» ներկայացուցիչները բանվորներին ասել էին, որ իրենք էլ չգիտեն, թե երբ են սկսվելու շինաշխատանքները: Աղբյուրի փոխանցմամբ, ընկերության պատասխանատուները անընդհատ հավաստիացնում են, որ աշխատանքները սկսված են: «Բոլոր փոսերը փորենք-պրծնենք՝ սկսելու ենք»,- պնդում են նրանք, անպայման ավելացնելով, որ ոչ մի ֆինանսական խնդիր չկա: Շինարարները ասել են նաեւ, թե «Գլենդել Հիլզը» չի պատրաստվում իրենց՝ աշխատանքին համապատասխան աշխատավարձ տալ: Նրանց խոսքերով. «Պաշտոնական հայտարարության մեջ մի բան է գրված, մասնավոր խոսակցություններում՝ ուրիշ բան են ասում: Մեզ նախապես 91 հազար դրամ աշխատավարձ են խոստացել, հիմա իջեցրել են 35 հազարի, պատճառաբանությունը տնտեսական ճգնաժամն է»:

Նշենք, որ Գյումրիի բոլոր տեղական հեռուստաալիքներով «Գլենդել Հիլզ» կազմակերպությունը հայտարարություն է տալիս այն մասին, որ աշխատանքի են հրավիրվում տարբեր մասնագիտության շինարարներ՝ բարձր աշխատավարձով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել