«Գյուղատնտեսությունը եւ, մասնավորապես, գյուղմթերքների վերամշակումը մեր տնտեսության առաջնահերթություններից են: Կառավարությունում ստեղծված օպերատիվ շտաբը, բնականաբար, ուշադրությամբ ուսումնասիրում է այդ ոլորտի զարգացմանն ուղղված բոլոր նախաձեռնություններն ու առաջարկությունները՝ պետության կողմից ոլորտին հնարավոր աջակցություն ցույց տալու համար»,- երեկ այս մասին ասել է վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ Մասիսի «Ալիշան» ընկերություն կատարած այցելության ժամանակ: Նշենք, որ ընկերությունը հիմնադրվել է 7 տարի առաջ եւ զբաղվում է մրգերի եւ բանջարեղենի վերամշակմամբ: «Ալիշան» ընկերությունում ներկայումս առկա խնդիրներից առանձնացնելով հարկային դաշտի հետ հարաբերությունների, շրջանառու միջոցների համալրման հարցերը, վարչապետը վստահեցրել է, որ դրանք կքննարկվեն օպերատիվ շտաբի կողմից: