Հայ գործարարները հավաստիացնում են, որ հայ-թուրքական սահմանի բացման դեպքում չեն թողնի, որ արտերկրի բիզնեսմեններն իրենց ճնշեն:
Չնայած հայ-թուրքական սահմանի հնարավոր բացման վերաբերյալ խոսակցությունները վերջերս այնքան հասունացան, որ թվում էր՝ սահմանի բացումը պետք է որ արդեն կայացած իրողություն լիներ, սակայն օրերս մեր քաղաքական գործիչներից ոմանք հայտարարեցին, որ դա անհնարին են համարում: Այդուհանդերձ, մեր գործարարները հույսեր են փայփայում, որ իրենց ապրանքները մի օր կկարողանան կարճ ճանապարհով ներմուծել եւ արտահանել:
«Առավոտը» փորձեց Հայաստանի բիզնես ոլորտի ներկայացուցիչներից պարզել, թե ի՞նչ դրական եւ բացասական ազդեցություն կունենա սահմանի բացումը մեր տնտեսության եւ մասնավորապես՝ իրենց բիզնեսի վրա:
«Վեդի Ալկոյի» սեփականատեր Մանվել Ղազարյանի կարծիքով, սահմանի բացումը մեզ համար այլընտրանքային ճանապարհ կլինի եւ մենք վերջապես կազատվենք «վրացական ճանապարհային մոնոպոլից»: Նրա խոսքերով. «Դա կբերի նաեւ մեր շուկայում ապրանքների էժանացման, նոր գներ կլինեն: Հայ-թուրքական սահմանի բացումը ձեռնտու է թե ներմուծողներին, թե արտահանողներին»: Ի պատասխան «Առավոտի» այն հարցին, թե սահմանի բացումը չի՞ վնասի տեղական արտադրողների գործին, Մ. Ղազարյանն ասաց. «Որքա՞ն կարելի է փակուղու մեջ ապրել, տեղական արտադրողներն ի՞նչ են ուզում, մրցակցություն չե՞ն ուզում, փակենք սահմանները չորս կողմից եւ ոչ մեկի հետ չառնչվե՞նք: Մենք կարող ենք օրենքներով ներքին շուկայի խնդիրները կարգավորել, եթե բացեր կան, կարելի է դրանք շտկել: Որքան տեղյակ եմ, նման ապրանքների մեծ մասը էլի ներմուծվում են եւ Թուրքիայից, եւ Պարսկաստանից: Այնպես որ, մեզ մնում է դիվանագիտական հարաբերություններ հաստատել այդ երկրի հետ, որպեսզի ճանապարհները բացվեն: Հիմա էլ թուրքական ապրանքը լիքն է մեր շուկայում, հենց հիմա պոմիդոր, վարունգը լիքն է մեր շուկայում, էլ չեմ ասում հագուստի մասին: Ինձ թվում է, շատ վախենալ պետք չէ, հակառակը՝ մեր հարեւանների հետ պետք է շփվենք, հնարավոր է՝ լավ լինի: Իհարկե, բացասական երեւույթներ էլ կլինեն»: Մ. Ղազարյանի ներկայացմամբ, սահմանի բացման դեպքում իրենք կձգտեն աշխատել այդ շուկայում: Իսկ այն, որ սահմանի բացումով մեծաքանակ ապրանքներ կներմուծվեն եւ տեղականը վատ կսպառվի, պարոն Ղազարյանը ասաց. «Կարելի է կարգավորել այդ խնդիրները, որպեսզի մեր երկրում որեւէ այլ երկրի արտադրող չկարողանա դեմպինգային քաղաքականություն իրականացնել: Համենայնդեպս, թույլ չենք տա, որ արտերկրի արտադրողներն այդ քաղաքականությամբ մեզ ճնշեն»:
«ԷՍ ՋԻ մենեջմենտ» ընկերության տնօրեն Արման Սահակյանի վստահեցմամբ՝ հայ-թուրքական սահմանի բացումը միանշանակ կնպաստի տրանսպորտային ծախսերի եւ ժամանակի խնայմանը. «Եթե հիմա արտահանումը կամ ներմուծումը տեւում է մոտ 15 օր, ապա սահմանի բացումից հետո կտեւի 3- 4 օր: Այսօր Վրաստանով ենք բերում, այդ պետությունը այս առումով մոնոպոլիստ է, Հայաստանի վրա ապրանքները թանկ են նստում: Սահմանի բացումից հետ ներմուծվող ապրանքի գինն էլ կիջնի»: Ինչ վերաբերում է ներքին արտադրողի գործին վնասելուն, պարոն Սահակյանը վստահեցրեց, որ դա նրանց էլ է ձեռնտու, քանի որ ցանկացած ներքին արտադրող էլ ինչ-որ հումք դրսից ներմուծում է. «Օրինակ, կակաո մեզ մոտ չի աճում: Կամ փաթեթավորման համար ներքին պարագաները ներմուծվում են, մեկ է, բոլորին է ձեռնտու»: Իսկ անորակ ապրանքների ներմուծման վերաբերյալ պարոն Սահակյանն ասաց. «Այսօր էլ այդ թուրքական անորակ ապրանքները ներմուծվում են: Մրցակցությունից վախենալ պետք չէ, մի ժամանակ էլ պարսկական անորակ ապրանքներ էին գալիս: Դա որակի եւ մարկետինգի խնդիր է, որքան տեղական արտադրողները թույլ լինեն, թուրքականը կնեղի իրենց բիզնեսին»: Նշենք, որ «ԷՍ ՋԻ մենեջմենտը» զբաղվում է «Ֆիլիպ Մորիս» ապրանքանիշի սիգարետների, «Նեմիրով» օղու եւ «Սորինի» քաղցրավենիքի ներմուծմամբ:
«Կիլիկիա» գործարանի համասեփականատեր եւ ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանի կարծիքով էլ, սահմանի բացումը դրական ազդեցություն կունենա Հայաստանի տնտեսության վրա, միայն թե պետք է ուշադիր լինենք, որ անօրինականություններ չլինեն, օրինակ՝ անորակ ապրանքներ չներմուծվեն ու բարձրորակի տակ վաճառվեն. «Մեր ժողովուրդը խաբվում է ու գնում է նման ապրանքներ, ու եթե այսպես շարունակվի՝ սահմանի բացումից հետո կավելանան նման ապրանքները: Սակայն այս խնդիրը միանշանակորեն կապել հայ-թուրքական սահմանի բացման հետ՝ պետք չէ: Պարզապես, հայերը մի սկզբունք ունեն՝ հարեւանի հարսը ավելի լավն է: Ու մտածելով, որ դրսի ապրանքն ավելի լավն է՝ գնում են, բայց կան տեղական բարձրորակ ապրանքներ, որոնք ոչնչով չեն զիջում դրսի ապրանքին: Վերջին հաշվով, մեքենայի ճանապարհ է բացվում Եվրոպա: Ինչ վերաբերում է գներին, ապա տեղափոխումը ավելի էժան կլինի, այսօր մենք շրջափակման մեջ ենք: Եթե բացվի՝ դրական կլինի, օրինակ, մենք փորձում ենք Իրաք ապրանք արտահանել Իրանով, բայց Իրանը ոգելից խմիչքներ չի թույլատրում տեղափոխել, եթե սահմանը բաց լիներ՝ նման խնդիր չէր լինի»:
«Սլավ գրուպի» հիմնադիր տնօրեն Արկադի Համբարձումյանն էլ մեզ հետ զրույցում սահմանի բացման վերաբերյալ դրական արտահայտվեց. «Տեղական արտադրողի համար էլ լավ կլինի, մրցակցություն կլինի, որը կդրդի, որ ավելի որակով ապրանքներ արտադրվեն: Ինձ թվում է՝ շուկայում էժանացում կլինի: Սահմանի բացումը բիզնեսի վրա դրական կազդի, ես դրա կողմնակիցն եմ»: