Լրահոս
Օրվա լրահոսը

«ՔԱՂԱՔՈՒՄ ԲԱՑԱԿԱՅՈՒՄ Է ՏԻՐՈՋ ԶԳԱՑՈՒՄԸ»

Ապրիլ 15,2009 00:00

\"\"Ասում է Երեւանի նախկին քաղաքապետ, ՀԱԿ համամասնական ցուցակում 5-րդ հորիզոնականում գտնվող Սուրեն Աբրահամյանը:

– «Երեւանի մասին» օրենքը տալո՞ւ է հնարավորություն, որ ընտրված ավագանին կարողանա իսկապես ղեկավարել քաղաքը։

– Նախորդ օրենքի համեմատությամբ՝ սա կարելի է մեկ քայլ առաջ համարել, սակայն խնդիրն ամբողջական չի լուծվում: Կիսատ օրենք է՝ որոշակի քաղաքական նկրտումների հագուրդ տալու նպատակով ստեղծված: Ամենաճիշտն ու իրականը քաղաքի համար կլիներ ուղղակի քաղաքապետի ընտրությունը: Սա հնարավորություն կտար, որպեսզի ընտրված քաղաքապետը իր ավագանիով կամ խորհրդով կարողանար Երեւան քաղաքի պրոբլեմներն ամբողջացնել եւ, ինչու չէ, նաեւ լուծումներ տալ:

– Բավականին ժամանակ է անցել այն ժամանակներից, երբ դուք էիք քաղաքապետ, եւ այսօրվա Երեւանն էլ բոլորովին այլ է՝ մի շարք քաղաքապետեր են փոխվել, քաղաքական իրավիճակ է փոխվել: Այսօր որո՞նք եք համարում այն խնդիրները, որոնք պետք է լուծվեն առաջին հերթին։

– Թիվ մեկ խնդիրը Երեւանի վարչատարածքային ոչ ճիշտ բաժանումն է, որը իր հերթին բերում է քաղաքի ոչ համաչափ զարգացման: Ամբողջ ինտելեկտուալ, նյութական, ֆինանսական կապիտալը կենտրոնացված է Կենտրոն թաղապետարանի հսկողության տակ, եւ այս առումով Կենտրոնը բոլոր ոլորտներով մի քանի քայլ առաջ է Երեւանի մյուս համայնքներից: Երկրորդ խնդիրը քաղաքի համաչափ զարգացման խնդիրն է, երրորդը՝ զուտ քաղաքաշինական նորմերի պահպանման խնդիրը: Մի ընդհանուր սխալ ասեմ Երեւան քաղաքի համար. քաղաքի գործունեությունն ապահովող ոլորտները կամ օբյեկտները կարծես ոչ թե Երեւանի համար են, այլ՝ քաղաքն է դրանց համար: Այսինքն՝ երբ շենք են կառուցում, ոչ թե այդ շենքն են համապատասխանեցնում քաղաքին, այլ քաղաքն են համապատասխանեցնում դրան: Մի քիչ կոպիտ է հնչում, բայց տվյալ օբյեկտի, տվյալ ոլորտի շահը ավելի է գերադասվում, քան քաղաքի շահը: Բենզալցակայանը ոչ թե քաղաքի համար է սարքվում, այլ քաղաքն է հարմարեցվում այդ բենզալցակայանին, եւ դա իր հերթին բերում է քաղաքաշինական պրոբլեմներ, սա իր հերթին բերում է սոցիալական պրոբլեմներ, սրանք էլ, ցավոք սրտի, քաղաքի համար այնքան շատ են, որ ավելորդ նոր խնդիրներ են առաջացնում: Հյուսիսային պողոտայի վերաբերյալ այս ընդհանուր դժգոհությունը, այս աջ ու ձախ կառուցված էլիտար շենքերը, այս ամբողջ անճաշակությունները քաղաքի շահերը զոհեցին գերշահույթ ստանալու մոլուցքին: Չանձնավորեմ, թե ինչ մարդիկ են կանգնած դրանց հետեւում, բայց հանուն տվյալ օբյեկտի կամ տվյալ պրոյեկտի շահի զոհեցին քաղաքի շահերը: Մինչդեռ ճիշտ հակառակը պիտի լիներ՝ քաղաքի դինամիկ զարգացումն ապահովելու, նաեւ քաղաքում ապրող տարբեր սերունդների միջեւ խզում չառաջացնելու համար: Շատ կարեւոր եմ համարում նաեւ քաղաքացու դաստիարակման խնդիրը: Այս ոլորտն ընդհանրապես բարձիթողի է: Երբեմնի Երեւանը գեղեցիկ էր նաեւ իր քաղաքացու կերպարով: Մինչդեռ այսօր բնիկ երեւանցիները սոցիալական խնդիրների պատճառով քաղաքի կենտրոնը թողեցին եւ գնացին կամ ծայրամասեր, կամ հանրապետությունից դուրս: Փոխարենը քաղաքային նորմերին ոչ սովոր գյուղական մասսա լցվեց, հանկարծակի հարստացած, հատկապես կենտրոնական մասում հայտնվեց մի մասսա, որը տարրական պատկերացում չունի քաղաքային համակեցության մասին՝ չգիտի, որ կանաչ լույսի տակ պետք է անցնել, կարմիրի տակ՝ կանգնել: Առաջին հայացքից է թվում, որ լույսի նկատմամբ մարդկանց վերաբերմունքը մանրուք է, բայց վերջին հաշվով պետության նկատմամբ վերաբերմունքը հենց այս մանրուքների վրա է դաստիարակվում:

– Երեւանում կանաչը պակասել է, եւ կարծես այնքան է ամեն ինչ աղավաղված, որ այլեւս աղավաղելու տեղ չի մնացել, եւ կարծես ամենամեծ ցանկության դեպքում անգամ հնարավոր չէ քաղաքը դարձնել կանաչ:

– Շատ դաժան վարվեցին կանաչ տարածքի նկատմամբ, ես չգիտեմ՝ ինչ որոշումներ դեռ ջրի երես դուրս կգան, բայց մի քանի պրոբլեմների հետ ես առնչվել եմ արդեն ոչ որպես քաղաքապետ, այլ որպես երեւանցի եւ ընդդիմադիր կեցվածք ունեցող քաղաքացի, ապշած եմ մնացել: Սեփական սխալի գիտակցումը կամ սեփական ենթակայի սխալի գիտակցումը իշխանավորին միայն պատիվ է բերում, բայց ես երբեւիցե ականատեսը չեղա մի այդպիսի փաստի, ընդհակառակը՝ ամեն ինչ անում են մամուլում, հեռուստատեսությամբ այս կամ այն պետական պաշտոնյայի «կերպարը» փրկելու համար: Իմ պատկերացմամբ, քաղաքապետի ամենակարեւոր հատկությունը այս երկուսն են՝ անսահման սիրել այս քաղաքը եւ երկրորդը՝ «չէ» ասելու կարողություն ունենալ, հաստատակամ ձեւով: Քաղաքում այսօր բացակայում է տիրոջ զգացումը՝ եւ քաղաքապետի, եւ թաղապետարանների, եւ քաղաքացիների կողմից: Երբ ես փաստը բերեցի, որ այս կամ այն օբյեկտի շահը ավելի գերակայող է լինում, քան քաղաքի շահը, դա միայն մեկ բանից է գալիս՝ այդ օբյեկտը տեր ունի, քաղաքը տեր չունի, քաղաքացին օտարված է քաղաքի պրոբլեմները քննարկելուց, սեփական կարծիքը հայտնելուց եւ այն պաշտպանելուց:

– Ինձ թվում է՝ բոլոր քաղաքապետերն էլ ունեցել են այդ տիրոջ զգացումը եւ այդպես էլ վարվել են, ինչ ուզել են՝ ծախել են, ինչ ուզել են՝ սեփականաշնորհել են, տվել են սրան-նրան եւ այլն: Տիրոջ զգացումը իրենք այդպես են հասկացել, հասկացել են այնպես, որ իրավունք ունեն օպերայի տարածքը դարձնել ավտոպարկ, սրճարան կամ զուգարան:

– Դա առաջին հայացքից է այդպես, բայց մի քիչ որ երեւույթի մեջ խորանում ես, այդպես չի: Ոչ մի քաղաքապետ չէր համարձակվի օպերայի տարածքում հողհատկացում անել, եթե ինքը ՀՀ նախագահի կամ վարչապետի հովանուց չօգտվեր: Մոնումենտում ոչ մեկը չէր կարող հողհատկացում անել, ծառերը կտրել եւ հյուրանոց սարքել, եթե դա ձեռնտու չլիներ հանրապետության նախագահին: Այսինքն՝ քաղաքապետն ամենակարող չէ: Մինչդեռ ընտրված քաղաքապետը կարող է ամենակարող լինել, իշխանություններին հակառակ գնալ, որովհետեւ քաղաքի շահը պահանջում է, որ նաեւ կառավարության որոշումներին դեմ գնաս: Ես ձեզ հավատացնում եմ՝ Հրազդանի ձորում կատարվածի համար, եթե ՀՀ նախագահը սրտացավ լիներ, կգլխատեր այդ քաղաքապետին: Ուղղակի իմաստով չեմ ասում, բայց եթե նախագահը «գլխատեր» քաղաքապետին, ապա ձորում այդ ավերածությունը չէր լինի: Դուք այստեղ մի ուրիշ բան էլ եք նսեմացնում՝ գլխավոր ճարտարապետը դերակատարություն ունի: Այս բոլոր անօրինականությունները եւ այլանդակությունները միայն քաղաքապետերի մեղքը չեն: Ավելի կրկնակի, եռակի է գլխավոր ճարտարապետների մեղքը, որովհետեւ նրանք են մասնագիտորեն օրինականացնում այս անօրինականությունները:

– Մայիսի 31-ից հետո ունենալու ենք, այսպես կոչված, ընտրված քաղաքապետ, այդ ընտրվածը կարողանալո՞ւ է «չէ» ասել, ինչպես դուք եք ասում, թե՞ էլի լինելու է վարչապետի եւ նախագահի խամաճիկը:

– Մեր հայկական մենթալիտետը իմանալով՝ վստահ եմ, իդեալական տարբերակ կլինի, որ քաղաքը լինի ընդդիմության ձեռքին, անկախ նրանից՝ մենք ենք այսօր ընդդիմությունը, թե մենք չենք: Զուտ գործնական հարաբերությունների առումով Երեւան քաղաքը՝ իր ունեցած պոտենցիալով, հանրապետության կեսն է, եւ այստեղ զուտ մրցակցության խնդիր է. նախ՝ սա ապագա պետական բարձր պաշտոնին հավակնող սուբյեկտ կարող է լինել, աշխարհում այդպիսի օրինակներ շատ կան, եւ երկրորդը՝ կոռուպցիոն ռիսկերը չեզոքացնելու համար կողմերը իրարից քաշվելու են:

– Ձեր այդ իդեալական տարբերակի իրականություն դառնալու հավանականությունը որքա՞ն եք գնահատում:

– Եթե եղան իրական ընտրություններ, ապա ընդդիմությունը միանշանակ կհաղթի, իսկ եթե ընտրություններ չեղան, էլի, ինչպես որ նախագահականն էր, եթե գրելու են, լցնելու են, կեղծելու են, ծեծելու են, քաղաքական հետապնդումների նոր փուլ է սկսվելու, ապա ընդդիմությունը չի հաղթի:

– Հասարակության մի որոշակի խավի համար ուղղակի անհասկանալի է, թե ինչպես նախագահ աշխատած, նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանը կարող է հավակնել քաղաքապետի պաշտոնի: ՀԱԿ-ի որոշումը՝ մասնակցել ընտրություններին, զուտ քաղաքակա՞ն որոշում էր, թե՞ Երեւանի դարդուցավը լուծելու նպատակով կայացված որոշում:

– Եվ Երեւանի, եւ Հայաստանի: Իմիջիայլոց ասեմ, ինքս էլ, երբ շատ կարեւոր պետական նշանակության կամ ազգանպաստ խնդիրներ են լինում, իմ սեփական ամբիցիաները մի կողմ եմ թողնում, զինվորի կարգավիճակով ինչ հանձնարարեն՝ կատարում եմ: Լեւոն Տեր-Պետրոսյանի պարագայում՝ հանձն առնել այս բեռը, քաղաքապետի ընտրություններին մասնակցելը այդ մարդու հզորության եւ բարոյական նկարագրի չափանիշն է: Վերջին հաշվով իր համար իշխանությունն ինքնանպատակ չի, խնդիր է լուծում երկրի ու պետության համար, վերջին հաշվով մենք ուզում ենք իշխանություններին պարտադրել, ստիպել, որ քաղաքական կամք դրսեւորեն եւ գնան նորմալ ընտրությունների: Մնացած ամեն ինչը ածանցյալ է այս հիմնական խնդրից: Մինչեւ այս երկրում նորմալ ընտրություններ չլինեն, մնացած բոլորն աբսուրդ բաներ են լինելու:

– Եթե ՀԱԿ-ը ստանա ոչ թե մեծամասնություն, այլ որոշակի տոկոսներ, ասենք՝ 20-30, դուք աշխատելո՞ւ եք իշխանության հետ:

– Եթե ընտրություններն անցնեն այնպես, ինչպես անցան նախագահական ընտրությունները, իհարկե, մենք պայքարելու ենք, իհարկե, ոչ մի փոխհամագործակցության ձեռք չենք մեկնելու, որովհետեւ մեր գերագույն խնդիրը երկրում սահմանադրական կարգ հաստատելն է: Նորմալ ընտրություն կլինի, ինչո՞ւ չէ, կհամագործակցենք, բայց եթե նորմալ ընտրություններ չեն լինելու, նորից ամեն ինչը զոռբայությամբ է գնալու, մեր պայքարի ելակետը լինելու է Երեւանի ավագանու ընտրությունը՝ դրանից բխող բոլոր հետեւանքներով: Հերթական անգամ իշխանությունները երկընտրանքի առաջ են կանգնելու՝ կամ կգնան նորմալ ընտրությունների, քաղբանտարկյալներին կազատեն, ձեռք կմեկնեն ընդդիմությանը, կամ էլ հերթական անգամ մի 10-20 հոգի էլ կսպանեն:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել