«Հայ կամավորականների համախմբում» ազգային քաղաքական նախաձեռնությունը դատապարտում է «Միասնական Ջավախք» ժողովրդավարական դաշինքի համակարգող Վահագն Չախալյանի նկատմամբ կայացված 10-ամյա բանտարկության դատավճիռը: Հիշեցնենք, որ դատավճիռը կայացվել էր նախորդ շաբաթ՝ Թբիլիսիում: «Վահագն Չախալյանի եւ «Միասնական Ջավախք» ժողովրդավարական դաշինքի մյուս անդամների դեմ միջնադարյան դաժանությամբ եւ օրինականության աղաղակող խախտումներով զուգակցվող քաղաքական հալածանքն ակնհայտորեն միտված է Ջավախքի բնիկ հայ բնակչության իրավազուրկ վիճակի ամրապնդմանը, հասարակական եւ մշակութային դաշտի բնաջնջմանը եւ, որպես հետեւանք, տարածքի շուտափույթ եւ անդառնալի հայաթափությանը»,- ասված է նախաձեռնության տարածած հայտարարության մեջ: Նախաձեռնության անդամները գտնում են, որ տարիներ շարունակ Ջավախքի միակ «անկախ եւ հայոց ազգային շահերը հետեւողականորեն եւ արդյունավետ պաշտպանած «Միասնական Ջավախք» ժողովրդավարական դաշինքի անդամներին վարկաբեկելու, բանտարկելու եւ մատնելու գործին մեծապես եւ մշտապես ակտիվորեն մասնակցել է նաեւ ՀՀ ներկայիս վարչախումբը, որի հրահանգով եւ նախաձեռնությամբ հայաստանյան ռեժիմի ղեկավարները Վրաստանում սեփական գործարարական շահերը պաշտպանելու նպատակով Վրաստանի իշխանությունների հետ համատեղ մշակել եւ իրագործել են Ջավախքում հայության անվտանգության եւ իրավունքների պաշտպանության համար պայքարող գործիչներին «չեզոքացնելու» գործողություն»,- ասված է հայտարարության մեջ՝ նկատի առնելով 2006 թ. հոկտեմբերին Երեւանում Չախալյանի դեմ կատարված մահափորձը, ձերբակալությունը, ապա նաեւ ՀՀ-ից արտաքսումը: