Լրահոս
Օրվա լրահոսը

Սահմանի բացումից Հայաստանը չի շահելու

Ապրիլ 15,2009 00:00

Կարծում է պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը եւ պայմաններ է առաջարկում Թուրքիային:

– Ի՞նչ գործընթացներ են ընթանում տարածաշրջանում եւ ինչքանո՞վ են դրանք առնչվում հայ-թուրքական սահմանի բացմանը, հաշվի առնելով նաեւ ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի ակտիվությունը։

– 2008-ի օգոստոսյան պատերազմը Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի առջեւ դրեց իրենց ռազմավարությունների վերանայման խնդիր։ Նոր գեոքաղաքական իրավիճակը խնդիրներ հարուցեց նաեւ Թուրքիայի համար։ Վերջինս համոզվեց, որ ՆԱՏՕ-ական երաշխիքը բավարար չէ Բաքու-Ջեյհան նավթամուղի անվտանգ շահագործման համար։ Ադրբեջանը հասկացավ, որ կարող է անհրաժեշտություն առաջանալ հրաժարվել «Նաբուկո» նախագծից։ Տարիներ շարունակ ներդրվող, ամրապնդվող թուրք-արեւմտյան ազդեցությունը սկսեց արագորեն զիջել իր տեղը ռուսական ազդեցությանը։ Բնականաբար, Թուրքիան տարածաշրջանում իր ազդեցությունը պահպանելու համար պետք է ելք գտներ եւ հաշվարկեց, որ ամենաթույլ օղակը Հայաստանն է։ Ղարաբաղյան չկարգավորված հակամարտությունը, ագրեսոր երկրի պիտակը, ռեգիոնալ տնտեսական ծրագրերից մեկուսացումը պետք է որ Հայաստանին ստիպեն գնալ զիջումների եւ բացել թուրքական ազդեցության նոր դաշտ։

– Դուք կարծում եք, որ հայ-թուրքական սահմանի բացումը ներկայումս հնարավո՞ր է։

– Ամենատարօրինակն այն է, որ Հայաստանը ոչ միայն համաձայն է, այլեւ առաջարկում է բացել սահմանը՝ առանց նախապայմանների։ Հասկանալի չէ, թե ինչո՞ւ պետք է նախապայմաններ դնի Թուրքիան, երբ ինքն է փակել սահմանը, երբ ինքն է հրահրել Ղարաբաղ-Ադրբեջան ռազմական հակամարտությունը, երբ ինքն է Հայաստանի դեմ կիրառել պատերազմական գործողությունների գրեթե բոլոր տարրերը՝ ուժի կիրառման սպառնալիք, ուժի ցուցադրում, շրջափակում, վերջնագրերի ներկայացում եւ այլն։ Ուրեմն, ով՝ ում պայմաններ պետք է թելադրի։ Պայմաններ թելադրելու քաղաքական, միջազգային, բարոյական իրավունքը Հայաստանինն էո եւ մենք պետք է օգտվենք մեր այդ իրավունքից։ Իսկ պայմանները սրանք են՝ Թուրքիան ճանաչում է Արցախի անկախությունը, Թուրքիան ընդունում է Ցեղասպանության փաստը, Թուրքիան Նախիջեւանից դուրս է բերում իր զորամիավորումը։

Այսքանից հետո Հայաստանը եւ Արցախը միասնական հանրաքվեով կորոշեն՝ բացե՞լ Թուրքիայի հետ սահմանը, թե՞ ոչ։ Հայաստանը եւ հայությունը այդ սահմանի բացումից ոչինչ չեն շահելու, այլ կորցնելու են, իսկ Թուրքիան միանշանակ շահելու է եւ քաղաքական, եւ տնտեսական առումով։ Սահմանի բացումը զգալիորեն մեղմելու է Ցեղասպանության ճանաչման սպառնալիքը Թուրքիայի համար։ Հաջորդ քայլով Թուրքիան կպահանջի բացել ճանապարհը Նախիջեւան-Մեղրի- Բաքու։ Այնուհետեւ՝ ռուսական զինուժի դուրսբերումը։ Տնտեսական շահավետության մասին հնչեցված տեսակետներն այնքան անհիմն են, որ չեմ ուզում անդրադառնալ։ Իհարկե, հայ-թուրքական հարաբերությունները երբեւէ պետք է կարգավորվեն։ Բայց Հայաստանում տիրող այսօրվա բարոյաքաղաքական մթնոլորտի, իշխանություն-հասարակություն փոխվստահության բացակայության, չինովնիկական կազմի կոռումպացվածության, ներքին արտադրողի անպաշտպանվածության, հարկային, մաքսային օրենսդրության անկատարության պայմաններում թուրքական սահմանի բացումը անթույլատրելի է։

– Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման բանակցություններում արդյոք կարո՞ղ է շրջանցվել ԼՂՀ հիմնախնդիրը, ինչպես պնդում են ՀՀ իշխանությունները։

– Իհարկե՝ ոչ։ Հակառակ դեպքում, ՀՀ իշխանությունները օրնիբուն չէին կրկնի «առանց նախապայմանների» բառակապակցությունը։ Թուրքիայի ղեկավարությունը երբեք չի թաքցրել, որ սահմանը փակվել է Ղարաբաղի խնդրում Հայաստանի վրա ճնշում գործադրելու նպատակով։ Վերջին 4 օրում Թուրքիայի նախագահը, վարչապետը եւ խորհրդարանը կրկին հաստատեցին իրենց վճռականությունը՝ սահմանի բացումը ստորադասելով ԼՂՀ խնդրի ադրբեջանամետ լուծմանը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել