Լրահոս
Օրվա լրահոսը

ՕԲԱՄԱՆ ԵՌԱԳՈՒՅՆՈՎ ՉԷՐ ՄՏՆԵԼՈՒ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՄԵՋԼԻՍ

Ապրիլ 15,2009 00:00

\"\"Ասում է ՀՅԴ խմբակցության ղեկավար, ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը

– Որքանո՞վ եք իրատեսական համարում այն լավատեսությունը, որը վերջերս արտահայտեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, թե Հայաստան-Թուրքիա հաջորդ ֆուտբոլային խաղի ժամանակ ինքը կա՛մ կանցնի բաց սահմաններով, կա՛մ էլ կլինի դրա նախօրյակին։

– Կարծում եմ, որ լավատեսությունն ընդհանրապես մեր նախագահի դրական կողմերից է: Բայց նա արտահայտեց նաեւ բավական իրատեսական տեսակետ՝ այդ նույն հարցազրույցի ընթացքում ասելով, թե չի բացառում, որ թուրքական կողմի համար այս ամբողջ հարաբերությունների՜, բանակցությունների՜ գործընթացն ընդամենը Ցեղասպանության ճանաչումից խուսափելու համար է, եւ որ նրանք ի վերջո կարող են վերադառնալ նախապայմանների, որոնք մեզ համար ընդունելի չեն: Ես ողջունում եմ այս իրատեսական տեսակետը: Եվ հատկապես ողջունում եմ այն, որ չնայած թուրքերի հնարավոր «մանյովրներին»՝ այնուամենայնիվ, Հայաստանը չի ընդունելու նախապայմաններ:

– Այն, որ ԱՄՆ նախագահը Թուրքիայում չասաց Ցեղասպանություն բառը՝ ոմանք պայմանավորում են հենց «ֆուտբոլային դիվանագիտությամբ»: Ինքը՝ Օբաման էլ այդ մասին ակնարկեց ապրիլի 6-ին, նշելով, թե կուզենար հնարավորինս աջակցել հայ-թուրքական բանակցություններին, որքան հնարավոր է կառուցողական դիրք բռնել, որ այդ հարցերն արագորեն լուծվեն:

– Երբ Բարաք Օբաման իր ընտրողներին խոստանում էր, թե ճանաչելու է Հայոց ցեղասպանությունը՝ այն ժամանակ ոչ ոք չգիտեր, որ նրա առաջին պաշտոնական այցերից է լինելու Թուրքիա այցելությունը: Եվ նա ոչ մի տեղ ոչ մեկին չի խոստացել, թե ինքը Թուրքիայի Մեջլիսում է ասելու Ցեղասպանություն բառը, եւ ընդհանրապես՝ հայկական եռագույն դրոշով է մտնելու Մեջլիսի դահլիճ: Նման բան չի եղել: Այսինքն՝ այն, որ նա այնուամենայնիվ թուրքական խորհրդարանում արծարծեց այդ հարցը, դարձրեց իր ելույթի օրակարգային մաս եւ կոչ արեց Թուրքիային ի վերջո ընդունել պատմական փաստերը՝ այսպես ասած, հաշվի մեջ չէր: Այնպես որ՝ ճիշտ չի լինի սա գնահատել որպես կորուստ կամ անհաջողություն: Մեր սպասելիքներն ավելի շատ կապված են ապրիլի 24-ի հետ, եւ մենք հանդա՜րտ, սառնասրտորե՜ն սպասում ենք:

Ի վերջո՝ չի կարելի ողջ Հայ դատի պայքարը կապել այն բանի հետ, թե Օբաման կասի՞ Ցեղասպանություն բառը, թե՞ չի ասի: Բա որ Մաքքեյնը ընտրվեր՝ ի՞նչ, վերջ, հա՞, մենք պիտի դադարեցնեի՞նք մեր պայքարը: Այդպես չէ: Դրա համար պետք է սառնասրտորեն վերաբերվել նման բաներին:

– Իրատեսական համարո՞ւմ եք Սերժ Սարգսյանի մյուս կանխատեսումը, որ եթե նույնիսկ ձախողվի բանակցային այս գործընթացը՝ Հայաստանը դրանից դուրս կգա «ավելի ուժեղացած. դրանով մեկ անգամ եւս ընդգծեցինք, եւ միջազգային հանրությունը դրա վկան եղավ, որ մենք, իրոք, պատրաստ ենք առանց նախապայմանների հարաբերություններ հաստատելուն»:

– Կարծում եմ, որ նա հիմքեր ունի այդպես մտածելու: Քանի որ առնվազն Բարաք Օբաման տեսավ հայկական կողմի անկեղծությունն այս հարցում: Տեսավ, որ չնայած Էրդողանի եւ Գյուլի մտածված անզգույշ հայտարարություններին, Ադրբեջանի բոլորովին անթույլատրելի ճնշումներին, Թուրքիայի՝ հատկապես Արեւմտյան Հայաստանի տարածքում նախաձեռնած ցույցերին հայ-թուրքական սահմանի բացման դեմ, մեր արտգործնախարարը գնաց այնտեղ՝ անսաց հրավերին, ի տարբերություն ադրբեջանցիների: Այսինքն՝ հայկական կողմի դրական, զիջողական եւ ավելի հանդուրժողական վերաբերմունքը, կարծում եմ, միջազգային հանրության համար տեսանելի կդառնա: Այստեղ թերեւս, այո՛, հնարավոր են որոշ շահեկան զարգացումներ:

– Առարկելով հայ-թուրքական սահմանի բացման հետեւանքներից անհանգստացածների այն փաստարկին, թե թուրքական էժան ապրանքի մուտքը կարող է խաթարել մեր տեղական արտադրությունը՝ Սերժ Սարգսյանն ասուլիսում հարցրեց. «Եթե մենք չենք կարողանալու մրցակցել թուրքական արտադրողների հետ, ապա ինչպե՞ս ենք պատրաստվում մրցակցել եվրոպական արտադրողների հետ»:

– Ճի՛շտ է ասում: Բայց սա նաեւ նշանակում է, որ մեր հասարակությունը պիտի ինքն իրեն հարց տա՝ մենք պատրա՞ստ ենք բացելու սահմանը: Հիմա ես չեմ խոսում մեր ապրանքների մրցունակության մասին՝ թերեւս թուրքերը չեն կարող նման կոնյակ արտադրել, քանի որ մուսուլման ազգ են եւ այլն: Թերեւս՝ կան ապրանքատեսակներ, որոնցով ոչ միայն թուրքերին, այլեւ շատ ուրիշների կարող ենք հաղթել: Բայց խնդիրը հետեւյալն է՝ մեր օրենքներով ու միջազգային պայմանագրերով որքանո՞վ է պաշտպանված մեր տեղական արտադրողը, մեր ներմուծողն ու արտահանողը, մեր բիզնեսը: Այստեղ է, որ կարծում եմ՝ մեր օրենսդրական դաշտն անկատար է: Այս ուղղությամբ ոչ ոք չի էլ մտածել, քանի որ այսքան հրատապ զարգացած հարց չկար օրակարգում: Բայց կարծում եմ, որ հիմա պետք է ծրագիր մշակվի: Մենք կառավարությանը եւ հանրությանը մի քանի օրից կներկայացնենք նման ծրագիր, որտեղ հստակ կմատնանշվեն տնտեսական վտանգները: Քանի որ տնտեսական առավելությունների մասին խոսում են բոլորը՝ ժամանակն է ցույց տալ, թե ինչ վտանգներ ու սպառնալիքներ կան: Մենք դրանք ցույց կտանք ու կառաջարկենք որոշակի մեթոդներ՝ դրանք կանխելու ուղղությամբ: Հուսով եմ, որ կառավարությունը դա կզարգացնի եւ կընդունի: Ընդգծում եմ՝ այո՛, մենք պետք է կարողանանք մրցունակ լինել, բայց թե այս առումով Հայաստանը որքանով է պատրաստ սահմանի բացմանը՝ ինձ համար լուրջ հարց է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել