Լրահոս
Օրվա լրահոսը

ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ԱՆԱԿՆԿԱԼԻ Է ԵԿԵԼ

Ապրիլ 15,2009 00:00

\"\"Ապրիլի 27-30-ը Ստրասբուրգում կայանալիք ԵԽ Խորհրդարանական Վեհաժողովի լիագումար նիստում Հայաստանի վերաբերյալ հարց
ընդգրկված չէ:

ԵԽԽՎ պաշտոնական կայքում, որտեղ տեղադրված է ապրիլի 27-30-ը կայանալիք նստաշրջանի օրակարգային հարցերի ցանկը, Հայաստանի մասին որեւէ նշում չկա: Հիշեցնենք, որ Խորհրդարանական Վեհաժողովի հունվարյան նստաշրջանում Հայաստանի պատվիրակությունը ձայնի իրավունքից զրկվելու ռեալ վտանգից հազիվ խույս տվեց, թեեւ ԵԽԽՎ թիվ 1643 բանաձեւի 11-րդ կետում, այդուհանդերձ, ասված էր, որ «Վեհաժողովը դեռեւս դժգոհ է եւ լրջորեն մտահոգված այն անձանց վիճակով, ովքեր ազատությունից զրկվել են 2008 թ. մարտի 1-ի եւ 2-ի իրադարձությունների կապակցությամբ եւ հնարավոր է՝ ձերբակալվել եւ դատապարտվել են քաղաքական շարժառիթներով: Այնուհանդերձ, Վեհաժողովը գտնում է, որ ԵԽ չափանիշներին համահունչ ՔՕ 225 եւ 300 հոդվածները վերանայելու՝ ԱԺ վերջին նախաձեռնությունը, շնորհված ներումների թիվը եւ անկախ, թափանցիկ եւ վստահելի հետաքննություն անցկացնելու ուղղությամբ ձեռնարկված դրական քայլերը պետք է ընկալել որպես նշան, որ Հայաստանի իշխանությունները պատրաստակամ են՝ կատարելու Վեհաժողովի 1609 եւ 1620 բանաձեւերում տեղ գտած պահանջները»: Ուստի՝ ԵԽԽՎ-ն որոշել էր չկասեցնել Վեհաժողովում ՀՀ պատվիրակության անդամների քվեարկելու իրավունքը, «շարունակել հետեւել խնդրին եւ առաջարկում իր Մոնիտորինգի հանձնաժողովին հաջորդ նիստի ընթացքում՝ նախքան 2009 թ. ապրիլյան նստաշրջանը, ուսումնասիրել այս եւ նախորդ բանաձեւերի կատարման ուղղությամբ ՀՀ իշխանությունների ձեռք բերած առաջընթացը եւ, ելնելով իրավիճակից, առաջարկել Վեհաժողովի կողմից իրականացվելիք լրացուցիչ միջոցառումներ»:

Հայաստանի հարցը ԵԽԽՎ լիագումար նիստի օրակարգում ընդգրկված չլինելու փաստը հայաստանյան ընդդիմության համար անակնկալ էր, թեեւ օրերս այդպիսի կանխատեսում արել էին թե՛ ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության արդեն նախկին անդամ Րաֆֆի Հովհաննիսյանը, թե՛ մեր պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը: «Բոլոր հիմքերը կային, որ Հայաստանի հարցը ԵԽԽՎ լիագումար նստաշրջանի օրակարգում պիտի լիներ, որովհետեւ քաղբանտարկյալները՝ 56 հոգի, դեռեւս բանտում են: Այսինքն՝ պրոբլեմը լուծված չէ, եւ նման որոշումը մեզ համար հասկանալի չէ, նաեւ որեւէ կերպ հիմնավորված չէ: Մեր ներկայացուցիչը ԵԽԽՎ-ում կմեկնի Ստրասբուրգ՝ տեղում բացատրություններ ստանալու, թե ինչով կարելի է բացատրել այդ որոշումը»,- երեկ «Առավոտի» հետ զրույցում ասաց Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը:

Հիշյալ խնդրի առնչությամբ, ըստ էության, որեւէ բացատրություն չուներ Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնախմբի ղեկավար Վլադիմիր Կարապետյանը: Նա միայն ասաց, թե ԽՎ լիագումար նիստի օրակարգում Հայաստանի վերաբերյալ հարցը նախապես չընդգրկելը դեռեւս չի նշանակում, որ այն հաստատապես չի քննարկվելու: Վլ. Կարապետյանի ասելով, Մոնիտորինգի հանձնաժողովը նստաշրջանից առաջ իր նիստում կարող է քննարկել ՀՀ պարտավորությունների կատարման հարցն ու այն, որպես հրատապ, առաջարկել մտցնել լիագումար նիստի օրակարգ: Ի դեպ, այս հնարավորությունը չի բացառել նաեւ Դ. Հարությունյանը: Երեկ «Ազատություն» ռ/կ-ի հետ զրույցում նա մանրամասնել է, որ հունվարյան նստաշրջանի ժամանակ Հայաստանի հարցը ապրիլյան նստաշրջան տեղափոխելու որոշումը թողնված էր Մոնիտորինգի հանձնաժողովին, իսկ վերջինս մարտին կայացած նիստում ԵԽԽՎ լիագումար նստաշրջանում ՀՀ հարցը քննարկելու խնդիր չի դրել: «Անշուշտ, հնարավոր են դեպքեր, երբ հարցը կարող է որպես հրատապ ճանաչվել եւ քննարկվել»,- ասել է Դ. Հարությունյանը: Նկատենք, սակայն, որ սովորաբար «հրատապ» ճանաչվում են այնպիսի հարցեր, որոնք այդ պահի դրությամբ հատուկ կարեւորություն են ունենում, ու դժվար թե ՀՀ-ին վերաբերող եւ արդեն մեկ տարի շարունակ ու ԵԽԽՎ 3 բանաձեւերում բարձրացված հարցերը համարվեն հրատապ, երբ առջեւում ՀՀ-ում դեռ ընտրություններ են, երբ ՀՀ պատվիրակության իշխանական կոալիցիայի ներկայացուցիչների հավաստմամբ, ՔՕ-ում կատարված փոփոխությունները նոր միայն պիտի «արդյունքներ» տան եւ այլն:

ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության նախկին ղեկավար, ՀԱԿ ներկայացուցիչ Հովհաննես Իգիթյանը հորդորեց Հայաստանի հարցը ապրիլյան նստաշրջանի օրակարգում լինել-չլինելը հիվանդագին չընդունել եւ չընկնել իշխանությունների լարած թակարդը, որ եթե ՀՀ-ին ԵԽԽՎ-ում ձայնից չզրկեցին, արդեն լավ է, կամ որ մեր հարցը լիագումար նիստ չմտավ՝ իշխանության հաղթանակն է եւ այլն: «Կարեւորն այն է, որ խնդիրն արդեն բարձրացված է: Այս նստաշրջանում դա կքննարկվի, թե ոչ՝ այնքան էլ կարեւոր չէ: Հայաստանը դեռ դիտարկման տակ է, եւ հարցը լուծված չէ, իսկ ԽՎ օրակարգում ընդգրկված լինել-չլինելը կախված է մի շարք, այդ թվում՝ տեխնիկական հարցերից, կապված, օրինակ՝ այլ երկրներում տեղի ունեցող իրադարձությունները քննարկելու հրատապությունից»,- նկատեց Հովհ. Իգիթյանը՝ կարծիք հայտնելով, որ «իշխանություններն այդ հարցի լուծումը անընդհատ ինչ-որ ձեւերով ձգձգելով իրենց նպատակին հասան»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել