Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՍԱՀՄԱՆՆ ԱՅՍ ՏԱՐԻ ՉԻ ԲԱՑՎԻ

Ապրիլ 14,2009 00:00

«Ադրբեջանի լալկանությունը պատճառ է դառնում, որ Թուրքիան վերադառնա 1993թ. իրավիճակին, երբ շրջափակել էր Հայաստանը՝ լինելով Ադրբեջանի պատանդը»: Այսպիսի հայտարարություն արեց Հայ Յեղափոխական Դաշնակցության (ՀՅԴ) Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը ապրիլի 13-ի ասուլիսում: Ըստ նրա, Հարավային Օսիայում օգոստոսյան պատերազմից հետո Թուրքիան ձգտում էր մեծացնել իր դերակատարությունը հարավկովկասյան տարածաշրջանում, ինչի համար ցանկանում էր կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ: Սակայն, ինչպես շեշտեց Կ. Մանոյանը, Ադրբեջանի դեմարշի հետեւանքով թուրք բարձրաստիճան պաշտոնյաները եւ մասնավորապես՝ Ռեջեփ Էրդողանը հայտարարում են, թե քանի դեռ չի լուծվել ղարաբաղյան խնդիրը, հայ-թուրքական սահմանը չի կարող բացվել: «Այդ հայտարարությունները մեզ մղում են ենթադրելու, որ սահմանի բացումը եւ դիվանագիտական կապերի հաստատման փաստաթղթի ստորագրումը այս տարի չի լինի»,- ասաց Կ. Մանոյանը: Նա համոզմունք հայտնեց, որ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման կկատարի իր նախընտրական խոստումը եւ կճանաչի Հայոց ցեղասպանությունը՝ ապրիլի 24-ի ուղերձում արտասանելով «ցեղասպանություն» բառը: Կ. Մանոյանի խոսքերով, Թուրքիան մինչ վերջերս ցանկանում էր աշխարհին ցույց տալ, որ երրորդ երկրի կողմից ցեղասպանության ճանաչումը կխանգարի հայ-թուրքական հարաբերությունների լավացմանը, մինչդեռ այսօր աշխարհը եւ ԱՄՆ-ը տեսան, որ Թուրքիան ինքն է խանգարում այդ հարաբերությունների կարգավորմանը՝ առաջ քաշելով իր նախապայմանները: Ինչ վերաբերում է թուրք-ամերիկյան կապերին, ապա դրանք, ըստ Կ. Մանոյանի, Հայոց ցեղասպանության ճանաչման դեպքում այնքան էլ չեն վատանա: «Թուրքիան 1-2 ամսով կխռովի ԱՄՆ-ից, բայց իր արտաքին քաղաքականության մեջ ընդհանուր ռազմավարական փոփոխությունների չի գնա»,- կանխատեսեց բանախոսը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել