Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Գործազուրկներն ավելացել են, աշխատավարձերը՝ նվազել

Ապրիլ 14,2009 00:00

Մոտ մեկ ամիս առաջ Էրեբունու համայնքում գործող ալրաղացներից մեկի փակման հետեւանքով գործազուրկ է մնացել 600 մարդ, որոնց մեծ մասը հենց նույն համայնքի բնակիչներ են: Զբաղվածության կենտրոնների մասնագետների ներկայացմամբ, ընդհանրապես, վերջին շրջանում աշխատանք փնտրողների թիվը կտրուկ մեծացել է, ինչը վկայում է այն մասին, որ տնտեսական ճգնաժամը ամենեւին էլ չի շրջանցել մեր երկիրը: Էրեբունու համայնքի զբաղվածության կենտրոնի տնօրեն Սոնա Սողոմոնյանը նույնպես հավաստեց, որ իրենց կենտրոն դիմողներն ավելացել են՝ անգամ հերթեր են գոյանում: Ս. Սողոմոնյանի խոսքերով, ճիշտ է, առաջարկվող աշխատատեղեր կան հատկապես փոքր բիզնեսի, սպասարկման ոլորտներում, պահանջարկ կա նաեւ բանվորական աշխատուժի, սակայն գործազուրկները, պայմաններին ծանոթանալուց հետո, չեն ցանկանում աշխատել, քանի որ գործատուն բավականին ցածր է վարձատրում: Ըստ տիկին Սողոմոնյանի, 5-6 ամիս առաջ տաքսի ծառայության գործավարն օրական 15 000 դրամ էր ստանում, այսօր արդեն այդ գումարը գործատուներն իջեցրել են մինչեւ 7000-ի: Կենտրոնի տնօրենի խոսքերով, սակայն ոչ բոլոր գործազուրկներն են, որ դժգոհում են առաջարկվող աշխատավարձից. «Կան նաեւ գործազուրկ մարդիկ, որոնք պատրաստ են նույնիսկ նոր մասնագիտություն ստանալ՝ զբաղվածության կենտրոնի կողմից կազմակերպված կարճաժամկետ դասընթացների օգնությամբ»:

Զբաղվածության կենտրոն դիմած մի քանի մարդկանցից «Առավոտը» հետաքրքրվեց, թե հատկապես ի՞նչ կարգի աշխատանք են փնտրում: Մեզ հետ զրույցում Գայանե Քերոբյանն ասաց, որ 38 տարեկան է եւ աշխատանք չունի. «Ամուսնուս աշխատավարձը մեզ բավարար է նորմալ ապրելու համար, բայց ես չեմ կարողանում տանը նստել եւ սպասել, թե երբ է ինձ գումար տալու, որ, ասենք, թեյնիկ գնեմ, կարծում եմ՝ ամեն մարդ իր գրպանի փողը պիտի ունենա»: Անահիտ Պետրոսյանն էլ 45 տարեկան է, փնտրում է տնտեսագետի աշխատանք:

56-ամյա Վազգեն Մինասյանն ասաց, որ իրավաբան է, բայց համարյա անգործ է: Նա աշխատում է իրավաբանական խորհրդատվության կենտրոնում, բայց, ինչպես ինքն է պատմում, «շաբաթներով գործ չի լինում», եղած դեպքում էլ իրավաբանները շատ են եւ իրեն բաժին չի հասնում: Վ. Մինասյանը թեեւ իրեն արդեն տարիքն առած մարդ է համարում, սակայն՝ «Պառավիս պետք է պահեմ, երեխեքս գնացել են արտասահման եւ համարյա 2 տարի է՝ գումար չեն ուղարկում: Ժամանակին գործարաններն ու արտադրամասերը շատ էին, եւ աշխատանք գտնելը այնքան էլ դժվար չէր, եթե մի տեղ չէին ընդունում, մեկ այլ տեղ դու պահանջված աշխատող էիր»: Մեր զրուցակիցները դժգոհություն հայտնեցին ոչ այնքան նրանից, որ աշխատանք չկա, որքան գործատուի առաջարկած ստորացուցիչ պայմաններից: Գ. Քերոբյանի պատմելով, ինքը արագ սննդի կետերից մեկում աշխատանք էր գտել, սակայն 2 օր աշխատելուց հետո հասկացել է, որ առավոտյան ժամը 8-ից մինչեւ երեկոյան ժամը 9-ը աշխատանքային գրաֆիկը սարսափելի հոգնեցուցիչ է, իսկ այդ աշխատանքի համար տրվող գումարը՝ քիչ. «Ես 1200-1500 դրամ էի վարձատրվում ողջ օրվա համար»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել