Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Մոդայիկ բիզնես՝ տնային պայմաններում

Ապրիլ 14,2009 00:00

Զգուշացեք հավանական վտանգից

Գեղեցիկ ձեռքերի առաջին գրավականը միշտ էլ համարվել են խնամված ու հարդարված եղունգները: Սակայն ոչ միշտ է, որ հնարավոր է լինում հասնել ցանկալի արդյունքի, քանի որ եղունգների խնամքը ոչ միայն բավական ժամանակատար է, այլեւ մեծ ուշադրություն պահանջող:

Մարդու եղունգներն աճում են անդադար՝ 1 օրվա ընթացքում մոտավորապես 0,1 մմ, իսկ մանուկ եւ ծեր հասակում դրանք աճում են առավել արագ: Առողջ եղունգները պետք է լինեն հարթ եւ ունենան թույլ վարդագույն փայլ: Իսկ ահա շերտավորվող եւ փշրվող եղունգները խոսում են այն մասին, որ խանգարված են ներքին որոշ օրգանների ֆունկցիաներ կամ օրգանիզմում կա վիտամինների պակաս:

Սակայն մեր օրերում գեղեցիկ եւ խնամված եղունգներ ունենալը այլեւս խնդիր չէ. ընդամենը մի քանի ժամում կարելի է ունենալ երկար եւ գեղեցիկ նախշազարդումներով եղունգներ: 21-րդ դարում այդ հնարավորությունը կանանց ընձեռում է եղունգների արհեստական աճեցումը: «Արդեն մոռացել եմ, թե իմ բնական եղունգները ինչպիսին էին, որովհետեւ մոտ երեք տարի է, ինչ արհեստական աճեցրած եղունգներ ունեմ: Կարծում եմ, արհեստական աճեցումը շատ ավելի պրակտիկ է ու ոչ ժամանակատար, իսկ բնական եղունգները խնամելու համար ամուր նյարդեր են հարկավոր: Ու քանի որ իմ օրը բավական հագեցած է, իսկ աշխատանքն էլ ստիպում է միշտ ներկայանալի տեսք ունենալ, ուստի այս դեպքում ես արհեստականը գերադասում եմ բնականից»,- ասում է 27-ամյա Հասմիկ Հարությունյանը: Այսօր եղունգների արհեստական աճեցումը լայն տարածում ունի ոչ միայն Հայաստանում, այլեւ ամբողջ աշխարհում: Այն Հայաստան է մուտք գործել արեւմտյան երկրներից, ու մեր երկրում արդեն բավական շատ են այս գործի մասնագետները, որոնց թիվը հետզհետե ավելանում է: Նման ծառայությունը մեր քաղաքում մատուցվում է գեղեցկութան սրահների մեծամասնությունում, ու դրա միջին գինը տատանվում է 5000-25000 դրամի սահմաններում: Աճեցումը կատարվում է երկու եղանակով՝ ակրիլով եւ գելով, որոնք էլ պայմանավորում են կատարված աշխատանքի գինը: Աճեցման ընթացքը տեւում է 2-3 ժամ, որից հետո 2-3 շաբաթը մեկ անգամ պետք է գնալ շտկման՝ коррекци-ի, առաջացած անհարթությունները վերացնելու համար:

Արդեն երկու տարի է, ինչ Լիլիթը զբաղվում է այս գործով: Սովորել է Երեւանում, իսկ Կանադայում վերապատրաստվել. այդտեղից է նաեւ իր հետ բերել աշխատանքային գործիքներն ու նյութերը. «Ես կարծում եմ, որ Երեւանում կան շատ լավ մասնագետներ ու հեշտությամբ կարելի է ձեռք բերել նաեւ բարձրորակ նյութեր ու գործիքներ՝ առանց Հայաստանից բացակայելու: Ես մեկնեցի զուտ անձնական պատճառներով ու որոշեցի հաճելին օգտակարի հետ համատեղել: Ու պետք է ասեմ, որ մեր մասնագետները ոչնչով չեն զիջում այլ երկրների մասնագետներին»: Լիլիթի խոսքերով, հաճախորդների թիվը բավական շատ է, ու պահանջարկն էլ օրեցօր ավելանում է:

Իսկ ինչպիսի՞ բացասական հետեւանքներ կարող է ունենալ եղունգների արհեստական աճեցումը: Այս գործի մասնագետների կարծիքով՝ վտանգավոր հետեւանքների մասին լուրերը մի փոքր չափազանցված են, քանի որ բնական եղունգը պատող շերտը պաշտպանում է այն արտաքին վնասակար գործոններից ու միաժամանակ օգնում է բնական եղունգին շնչել, ու վերջինս իր ուժերը ծախսում է միայն վերականգնվելու եւ ամրապնդվելու վրա: Արդյունքում՝ բնական եղունգի որակը լավանում է, իսկ աճը՝ արագանում: Սակայն իրականում կան նաեւ հակացուցումներ ու բացասական հետեւանքներ, որոնցից անպայման պետք է զգուշանալ: Եղունգների արհեստական աճեցումը հակացուցված է այն մարդկանց, ովքեր ընդունում են հակաբիոտիկներ կամ քիմիաթերապիա: Հակացուցված է նաեւ նրանց, ովքեր ունեն եղունգների սնկային հիվանդություն: Մաշկաբան Աշոտ Նազարբեկյանը նշում է, որ ինքը չի ունեցել այնպիսի հիվանդ, ով եղունգների արհեստական աճեցման հետեւանքով մաշկային ինչ-որ խնդիրների առջեւ է կանգնել, բայց, այնուամենայնիվ, վտանգի հավանականություն կա. «Չի կարելի ամեն պատահած մասնագետի վստահել, քանի որ դուք չեք կարող իմանալ, թե մինչ ձեզ նրանք այդ նույն գործիքներով քանիսին են սպասարկել ու արդյո՞ք պահպանել են հիգիենայի բոլոր կանոնները: Խորհուրդ չէի տա նաեւ կատարել եղունգների արհեստական աճեցում տնային պայմաններում, քանի որ այդ դեպքում վարակի տարածման հավանականությունը ավելի մեծ է»:

Մերին եւս եղունգների արհեստական աճեցում է կատարում, բայց գեղեցկության սրահում չի աշխատում ու իր հաճախորդներին տանն է սպասարկում. «Շատ հաճախորդներ ունեմ, նույնիսկ պատահում է, որ ես եմ նրանց այցելում, բայց դեռեւս ոչ մի բողոք չեմ ունեցել: Մյուսների փոխարեն երաշխավորել չեմ կարող, բայց ես յուրաքանչյուր հաճախորդից հետո իմ աշխատանքային գործիքները պարտադիր ախտահանում եմ սպիրտով կամ քլորամինի լուծույթով»: Այնպես որ, եթե ձեր ֆինանսները թույլ չեն տալիս եղունգների աճեցումը կատարել այնպիսի գեղեցկության սրահներում, որտեղ կան ստերիլիզացնող սարքեր (ի դեպ, այդպիսիք կան հայտնի անուն ունեցող այնպիսի գեղեցկության սրահներում, որոնց առաջարկած ծառայությունները համեմատաբար թանկ են ու ոչ բոլորին հասանելի), ուրեմն անպայման համոզվեք, որ ձեր մատների հարդարումը կկատարվի միմիայն ախտահանիչ լուծույթով վերամշակված գործիքներով:

Եղունգների արհեստական աճեցումը գրեթե միշտ զուգակցվում է եղունգների նախշազարդումով՝ աշխարհում առավել հայտնի «նեյլ արտ»( անգլերեն nail-եղունգ եւ art-արվեստ բառերից) անվանմամբ: Այն նկարազարդման արվեստ է կամ պարզապես զարդարանք՝ եղունգի դիզայն: Ներկա պահին եղունգի «արդյունաբերությունը» առաջարկում է եղունգների դիզայնի հսկայական տեսականի, որոնց մասին կարելի է պատկերացում կազմել «նեյլ արտի» պրոֆեսիոնալ դպրոց-ստուդիաներում եւ պրոֆեսիոնալ գեղեցկության սրահներում: «Նեյլ արտը» լինում է 2 տեսակ. ներքին՝ եղունգի ներսում, եւ արտաքին՝ եղունգի մակերեսին: Այս տեսակներից առավել մատչելին եւ տարածվածը արտաքին տեսակն է: Եղունգների արտաքին դիզայնի մայրաքաղաքային գները տատանվում են 1000-5000 դրամի սահմաններում: Ըստ մասնագետների, եղունգների նկարազարդման ամենատարածված եւ դասական տեսակը համարվում է ֆրանսիականը (ավելի հայտնի French անվանմամբ):

Եվ, վերջապես, ինչպիսի եղունգներ էլ ունենաք՝ բնական թե արհեստական, վարվեք դրանց հետ զգուշությամբ ու մեծ խնամքով, քանի որ առանց գեղեցիկ եղունգների՝ գեղեցիկ ձեռքեր ունենալն անհնար է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել