Հայ DJ-ներին պրոդյուսեր է պետք, իսկ ակումբ հաճախողներին՝ համապատասխան հագուստ
«Հայաստանում ակումբային կուլտուրա չկա»,- ասում է շուրջ 12 տարի DJ-ությամբ զբաղվող, «Գալերեա» ակումբի DJ Արկադի Կլեկչյանը, նույն ինքը՝ DJ Արիկը: Ըստ նրա՝ ակումբների գոյությունը դա դեռ ակումբային կյանք չէ. «Հայաստանում ակումբային կյանքի կուլտուրան ընդհանրապես զարգացած չէ, դա նշանակում է՝ ակումբային կյանքի գոյության մասին խոսելն ավելորդ է: Հայաստանում մեծամասնության համար միեւնույն է՝ ով է կանգնած DJ-ական վահանակի ետեւում, իսկ բոլոր զարգացած երկրներում ակումբային կյանքի սիրահարները գնում են կլուբ՝ տվյալ DJ-ին լսելու»: Մեր զրուցակիցը դժգոհում է, որ Հայաստանում ակումբներն ընկալվում են որպես դիսկոտեկներ. «Բացի ընկալվելուց, դրանք նաեւ աշխատում են որպես դիսկոտեկներ, ընդամենը վայր, որտեղ գալիս են պարելու, ժամանակ անցկացնելու, այսպես ասած՝ քեֆ անելու: Այս ամենը, որ միացնում ու վերլուծում ես՝ համոզվում ես, որ ակումբային կյանք գոյություն չունի: Կան ուղղակի DJ-ներ, որոնք փորձում, ջանում են ինչ-որ բան ստեղծել, բայց նրանց մոտ դեռ դա էլ չի ստացվում: DJ-ությունը Հայաստանում զարգացման ճանապարհին է: Սակայն պետք է ասել, որ Հայաստանի DJ-ները, մասնավորապես՝ ավագները, ոչնչով չեն զիջում համաշխարհային ճանաչում ունեցող մի շարք DJ-ների՝ ոչ Ռուսաստանի, ոչ Եվրոպայի, ոչ էլ Ամերիկայի: Միակ խնդիրն այն է, որ մենք՝ DJ-ներս, չունենք պրոդյուսերներ: Օրինակ, մեզ մոտ շատ-շատ են լինում այլազգի DJ հյուրեր՝ ճանաչված կամ քիչ ճանաչված: Բայց ոչ մի հայ DJ դուրս չի մեկնում: Մեզ մոտ շատ են հրավիրվում հատկապես վրացի DJ-ները, այսինքն՝ վրացիներին մենք ձեռներս բաց ընդունում ենք, բայց ոչ մի անգամ պատասխան հրավերը չենք ստանում»: Հետաքրքրվեցիք՝ ինչո՞ւ են դրսից պարբերաբար հրավիրվում օտարազգի DJ-ներ, եթե մերոնք դրսից եկածներին ոչնչով չեն զիջում՝ Արիկը մեկնաբանեց. «Ես էլ ինքս ինձ այդ հարցը շատ եմ տալիս: Հայ երիտասարդությունը ավելի հակված է դրսից եկողներին երկրպագելու, մեծարելու: Շատերի համար միեւնույն է՝ ով է գալիս, երբեմն անգամ այդ DJ-ի գործերին ծանոթ չեն լինում: Օրինակ՝ վերջերս Հայաստանում էր համաշխարհային ճանաչում ունեցող DJ Իվ Լարոկը, այդ օրը ամբողջ հայ երիտասարդությունը, ակումբային կյանքի սիրահարները հավաքվել էին: Ցավալին այն է, որ այստեղ դրսից գալու ֆակտորն է աշխատում՝ որ դրսից է, ուրեմն լավն է… Եթե գրենք, որ, օրինակ, Վրաստանից DJ է գալու՝ հաստատ այդ օրը ակումբի մասսան ապահովված է…»: Արկադի Կլեկչյանի ձեւակերպմամբ, DJ-ությունը հոբի չէ. «Դա մասնագիտություն է, այն էլ բավական բարդ: Միգուցե արտաքուստ թվում է, թե հեշտ է, բայց իրականում այն շատ հոգնեցուցիչ եւ լարված աշխատանք է: Բացի այդ, այն նաեւ պատասխանատու գործ է, որովհետեւ այնտեղ, որտեղ կա DJ-ական վահանակ, ուրեմն DJ-ը պետք է շատ սթափ լինի, քանի որ ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպես կանցնի այդ երեկոն: DJ-ը պարտավոր է միշտ լավ տրամադրություն ունենալ, որովհետեւ, եթե դու ինչ-որ խնդիրներ ունես, այդ ամենը հաստատ անդրադառնում է քո ստեղծագործության վրա»:
Մեր զրուցակիցը փաստեց նաեւ, որ վարձատրության առումով էլ հայ DJ-ները չեն համապատասխանում միջազգային նորմերին. «Անգամ ամաչում եմ համեմատել. այստեղ հայ DJ-ը փարթիների ժամանակ ամբողջ գիշերվա համար ստանում է ամենաշատը 100 հազար դրամ, արտասահմանյան կլուբներում DJ-ը ընդամենը երկու ժամվա համար ստանում է մոտ 7000 եվրո: Ինչ վերաբերում է հագուստի հսկողությանը կամ կարգապահությանը, ապա դրսում դրանք ամուր հիմքերի վրա են դրված: Արտասահմանյան ակումբներում մուտքի առջեւ կանգնում է մեկը եւ որոշում՝ ով կմտնի ակումբ, ով ոչ՝ կապված մարդու կեցվածքից, հագուստից, պահվածքից, ներս մտնելու ցանկություն ցուցաբերելու ձեւից… Այստեղ այդ ամենը շատ խաբուսիկ է, չես կարող ասել, թե տվյալ մարդը ինչպես իրեն կպահի ակումբում, եթե ներս թողնես: Հագուստի մասով էլ ասեմ, որ հայերի մեջ կա մի մտածելակերպ, որ եթե ինչ-որ տեղ են գնում, ուրեմն պետք է հագնեն ամենաթանկ հագուստը կամ տոնական զգեստը, որը կրում են միայն հատուկենտ միջոցառումներին: Օրինակ, տղաները սվիտերով գալիս են ակումբ. չի կարելի, դա էթիկայի նորմերին հակասում է: Կամ գալիս են կոստյումներով: Ինձ հատկապես զայրացնում է աղջիկների հագուկապը՝ նրանք կարող են գալ բարձրակրունկներով, երեկոյան զգեստներով, որոնք, բնականաբար, անհարմար են: Բայց ամեն ինչ պետք է լինի ազատ, թեթեւ, ինչն էլ, ցավոք, դեռ դժվար հասկանալի է հայերի համար»: Ակումբներով շրջող հայ աղջիկների նկատմամբ հասարակության բացասական վերաբերմունքի մասին էլ ասաց. «Աղջիկների բարոյականության մասին թերի կարծիքը միշտ է եղել՝ նախկինում էլ, այսօր էլ, 10 տարի անց էլ կլինի: Բայց 90-ականների սկզբին այդ աղջիկների մասին վատ կարծիքները շատ սուր էին: Եթե աղջիկը հաճախում էր դիսկոտեկ կամ ակումբ, ուրեմն վերջ, նա պիտակավորվում էր որպես անբարոյական՝ շարքից դուրս եկած: Սակայն այսօր այդ մասին կարծես այնքան էլ չեն խոսում. կամ հարմարվել են, կամ էլ հոգնել, քանի որ գիշերային, ակումբային ակտիվ կյանքը ամեն օր հաստատ մի քանիսին իր գիրկն է առնում: Ինձ ուղղակի զարմացնում են այդ անհեթեթ խոսակցությունները. եթե աղջիկը քեֆերի ժամանակ, ռետորաններում կարող է պարել, ուրեմն ինչու չի կարող պարել ակումբում: Խնդիրը տղաների մեջ է, նրանք են նման խոսակցությունների պատճառ հանդիսանում, ասելով՝ իմ ընկերուհին պտի դիսկոտեկ չգնա… Երեւի մենտալիտետն է այդպես պահանջում: Ակումբ հաճախում են տարբեր մարդիկ, բայց գալիս են լիցքաթափվելու, հոգսերից կտրվելու համար: Այսինքն, լինի ակումբում, թե սարի գլխին՝ անբարոյականը մնում է անբարոյական, եւ հակառակը»: