Լրահոս
Օրվա լրահոսը

ԼԱՎ ՉԷ, ԲԱՅՑ ԼԱՎ Է

Ապրիլ 14,2009 00:00

Ֆուտբոլի Հայաստանի փոխչեմպիոն Երեւանի «Արարատ» ֆուտբոլային ակումբի, որն ընթացիկ մրցաշրջանում միայն պարտություններ է կրել, գործերն այնքան էլ լավ չեն: Համենայնդեպս, այդ մասին վկայում են զանգվածային լրատվամիջոցները, ըստ որոնց՝ ակումբի ղեկավարությունը նաեւ անհաջողությունից լուրջ հետեւություններ չի անում:

\"\"Մասնավորապես, «Արարատ» ակումբի գործադիր տնօրեն Սիմոն Նաիրյանը «Ա1+»-ին հայտնել է, որ իրենց թիմը համալրելու ծրագրերն առայժմ մշուշոտ են: Մրցաշրջանի մեկնարկից առաջ թիմից հեռացել են մի շարք առաջատար ֆուտբոլիստներ, որի արդյունքում «Արարատը» երկրի առաջնությունում եւ գավաթի խաղարկությունում պարտություններ է կրել: Նաիրյանը խոստովանել է նաեւ, որ ակումբի սեփականատերերը սկսել են քիչ ներդրումներ կատարել, ինչը խոչընդոտում է Հայաստանում ֆուտբոլի զարգացումը: Եվ դա է պատճառը, որ ակումբն այլեւս չի պահում «Արարատ 2» թիմը:

Այդուհանդերձ, գործադիր տնօրենը չի մոռացել քննադատել ֆեդերացիային եւ կողմնակալ մրցավարությունը, որոնք բացասաբար են ազդում, իրենց պատկերացմամբ, «մեր ֆուտբոլի» վրա:

Պարոն Նաիրյանն իր վրդովմունքն է արտահայտել ակումբից Վահագն Մինասյանի հեռանալու առիթով, նշելով, որ ֆուտբոլիստը «Արարատի» հետ ունենալով գործող պայմանագիր՝ նոր պայմանագիր է կնքել «Փյունիկի» հետ: Վահագն Մինասյանը դատարանի որոշմամբ է ազատ խաղացողի կարգավիճակ ստացել: Իսկ «Արարատը» դիմել է վերաքննիչ դատարան՝ իր իրավունքները վերականգնելու համար: «Վահագնը ասում է, թե մենք աշխատավարձն ուշացրել ենք եւ չենք տվել,- Նաիրյանին մեջբերում է «Ա1+»-ը:- Սակայն մենք փոստով էինք ուղարկել գումարը, քանի որ նա չէր պատասխանում զանգերին եւ ակումբ չէր գալիս»: Հարցին, թե ինչո՞ւ են ազատ խաղացողի կարգավիճակ տվել ներկայումս «Ուլիսում» հանդես եկող Հրայր Մկոյանին, իսկ Վահագնի հետ պայմանագիրը խզել չեն պատրաստվում, Սիմոն Նաիրյանը պատասխանել է. «Հրայր Մկոյանի հետ բանակցել ենք, ապա նոր նրան ազատ խաղացողի կարգավիճակ տվել: Իսկ Մինասյանն այս տարի չի եկել ակումբ, չի բանակցել մեզ հետ եւ պատասխանել մեր հեռախոսազանգերին»:

«Ա1+»-ը տեղեկացնում է նաեւ, որ «Արարատում» ներկայումս էլ ֆինանսական խնդիրներ կան եւ աշխատավարձն ուշացումներով են վճարում: Մինչդեռ, Նաիրյանի խոսքերով, ակումբի ֆինանսական վիճակն ընդհանուր առմամբ լավ է, թեեւ ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում ավելի է դժվարացել: Նրա պատմելով՝ «Նախորդ տարվա համեմատ, ֆուտբոլիստների պարգեւավճարները կրճատվել են»: Ակումբի գլխավոր ֆինանսիստը դժվարացել է ասել, թե որքան, բայց լավ հիշել է, որ նախորդ տարվա համեմատ դրանք քիչ են:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել