Այստեղ մշակութային անցուդարձից հեռու են
Սիսիանի գրախանութը նաեւ տնտեսական խանութ է:
«Ո՞վ է մարզերին ուշադրություն դարձնում, Սիսիանում մշակութային կյանք չկա: Մայրաքաղաքից շատ հեռու ենք, կապող օղակը միայն հեռուստատեսությունն է, որից էլ շատ քիչ եմ օգտվում: Սիսիանում հեռարձակվող 4 հայկական հեռուստաալիքներից ոչ մեկն էլ մշակութային հաղորդում չի ցուցադրում, եւ եթե բոլոր ալիքներն էլ մի օր փակվեն, ինձ համար ցավ չի լինի, ավելին՝ մարդիկ ավելի քիչ կապականվեն»,- ասում է սիսիանցի նկարիչ, քանդակագործ Սլավիկ Խաչատրյանը, որ բազմաթիվ անհատական ցուցահանդեսներ է ունեցել Սիսիանում, եւ այժմ էլ պատրաստվում է անհատական ցուցահանդեսի՝ Երեւանում:
Երբ փորձեցի սիսիանցիներից հետաքրքրվել, թե վերջին թատերական ներկայացումը երբ են դիտել, արժանացա միայն ծիծաղի ու բազմաթիվ զարմացած հայացքների: Նախկին ուսուցիչ Գրիգոր Շահյանը հարցիս՝ վերջին անգամ ե՞րբ եք թատրոն հաճախել, զարմացած պատասխանեց. «Ի՞նչ, թատրո՞ն, բայց որտե՞ղ գնամ թատրոն, ստեղ ով ա՞ թատրոն գնում»: Հարցվածներից ոչ ոք չգիտեր, որ ամեն ամառ Սիսիանի մշակույթի տանը մեկ անգամ հյուրընկալվում է «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնը:
Դպրոցի արդեն նախկին տնօրեն Լյովա Ասատրյանն էլ ասաց. «Մոտ 20-25 տարի առաջ կինո «Որոտան» էր գալիս Սունդուկյան թատրոնը, այդ ներկայացումները բոլորը պարտադիր նայում էին: Իսկ այսօր, եթե ներկայացումներ եղել են, չեմ իմացել: Շատ ֆիլմեր էին ցույց տալիս, ես հավանում էի հատկապես մեր ավանդական հայկական ու ռուսական լավագույն ֆիլմերը»:
Սիսիանի մշակույթի տան վարիչ Բագրատ Մուրադյանն էլ «Առավոտին» ասաց. «Սիսիանցիները մշակույթ սիրող մարդիկ չեն: Սիսիանը դեպի թատրոն չի ձգտում: Դահլիճը լիքն է լինում, երբ կրկես է գալիս: Անցյալ տարի Չեքիջյանը եկավ, մուտքն անվճար էր, բայց ընդամենը մի քանի ընտանիք էր եկել, երեխաներն էլ ժամանակ անցկացնելու վայր էին գտել: Իսկ երգիչներից պիտի գա, ասենք՝ Կարեն Գալուլյանը, որ դահլիճը լեփ-լեցուն լինի»: Կուլտուրայի տունը, մեղմ ասած, բավարարում է սիսիանցիների պահանջը. հատկապես ամռանը Սիսիանի կուլտուրայի տանը հաճախ են հյուրընկալվում շոու-բիզնեսի «աստղիկները», եւ մեկ էլ ընտրությունից ընտրություն թեկնածուների բարեհոգությամբ հրամցվում է հայկական էստրադային երաժշտություն, բնականաբար՝ անվճար:
Սիսիանի պատմության թանգարանի աշխատող 63-ամյա Եղիշ Ղազարյանն էլ ասում է. «Սիսիանում թատրոն չի էլ եղել, եթե լինի՝ մեծ հաճույքով կգնամ: Սակայն եթե կինո «Որոտանը» այսօր գործի էլ, գները բարձր կլինեն, ժողովուրդը չի գնա: Հիմա ամեն մարդ իր պրոբլեմները, կարիքներն ունի, երեխաներս արտերկրում են, մշակութային կյանքի բացակայության մասին չեմ էլ հասցնում մտածել»:
Այսօր Սիսիան քաղաքում չկա մի գրախանութ, որտեղից կարողանաս գեղարվեստական գիրք գնել: Նախկին՝ մեկ, իսկ այսօր՝ տարբեր մարդկանց պատկանող, իրար կողքի գտնվող գրախանութներում միայն մի քանի շտեմարաններ, բառարաններ տեսա: Խորհրդային տարիներից պատերին գրված «Գրքեր» բաժիններում դրված էին կոշիկ, սպասքի, լվացման պարագաներ, հագուստ, օծանելիք: Շուրջ 30 տարի գրախանութում աշխատող Գեղեցիկ Մհերյանը հիշեց 80-ականների գրքի հերթերը. «Գրքերի համար նախատեսված ամեն բաժին ունեինք, միայն մեկ ամբողջ բաժին նվիրված էր ադրբեջանական գրականությանը: Հիմա գրքի պահանջարկ չկա, տխուր է»:
Հասանք կինո «Որոտան»: Դիմացից այն զարդարում էր Vivacell-ի գրասենյակը, կողքին՝ դեղատուն էր: Շենքի աջ անկյունում աղբանոց էր, ձախ կողմում՝ տաքսի ծառայության «գրասենյակ», որի շուրջը՝ թղթախաղի «քարե սեղաններ»՝ մոտ 30 խաղացողներով: Շենքի հետնամասում բուռն շինարարություն էր գնում: Աշխատողներից մեկն ասաց՝ խանութ են սարքում: