Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՆՉՊԵՍ ՉՎԱՐԺՎԵԼ «ԿԵՆՑԱՂԱՅԻՆ» ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆԸ

Ապրիլ 14,2009 00:00

Կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանի «դեղատոմսը»

\"\"
Ռոբերտ Ամիրխանյանը գրագետ հանդիսատես է ուզում:

«Մեր կրտսեր բարեկամներին մանուկ հասակից պետք է կերակրել հոգեւոր բարձրարժեք մշակույթով»,- ասում է կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանը: Օրերս Երեւանի կամերային երաժշտության տանը Դպրոցականի ֆիլհարմոնիան կազմակերպել էր երաժշտական եւ հանրակրթական դպրոցների աշակերտների հանդիպումը կոմպոզիտորի հետ: Պարոն Ամիրխանյանի խոսքով՝ նման հանդիպումներն անհրաժեշտ են ոչ միայն հեղինակին, այլեւ՝ փոքրիկներին, որոնք տարբեր դրդապատճառներով «կենցաղային» երաժշտություն են լսում. «Նրանց էլ պետք է հնարավորություն տրվի հաղորդակցվել ուրիշ լեզվամտածողության հետ, ընդլայնել հետաքրքրությունների շրջանակը, հասկանալ, որ երգի ժանրը միայն խրախճանքի համար չէ»: Հեղինակը կատարեց «Գյուղական պատկերներ» պիեսների շարքից հատվածներ, «Հին ջրաղաց», «Աքլորների կռիվը», «Երազ իմ երկիր հայրենի», Չարենցի «Տաղ անձնական» բանաստեղծության հիման վրա գրած ստեղծագործությունները: Մեներգչուհի Սեդա Ամիր-Կարայանի կատարմամբ հնչեցին կոմպոզիտորի «Օրորոցային», «Պույ-պույ մկնիկ», «Դինգ-դոնգ» մանկական, նաեւ «Ինչպես մի աստղ», «Կարմիր ծաղիկ մը…», «Հայի աչեր» գործերը:

Ռ. Ամիրխանյանը հանդիպումը կամ, ինչպես ինքն անվանեց՝ համերգ-զրույցը, կարեւորեց մանուկների՝ երաժշտության հանդեպ ճիշտ վերաբերմունքի ձեւավորման առումով: «Հեղինակի համար առաջին կարեւոր պայմանը գրագետ հանդիսատես ունենալն է: Հենց այս տարիքից երեխային պետք է կրթել՝ ինչպես լսել երաժշտություն, ճիշտ եւ կիրթ լինել հանդիսատեսի շարքում նստած եւ այլն»,- նշեց կոմպոզիտորը եւ, այնուամենայնիվ, դիտողություն արեց դահլիճում նստած մի քանիսին: «Ցուրտ ու մութ տարիներին պարբերաբար հանդիպումներ էի ունենում Ջավախքում, Ղարաբաղում: Ջավախքում կայացած հանդիպման ողջ ընթացքում դահլիճի վերին շարքից անընդհատ փսփսոցներ, շշուկներ էին ականջիս հասնում: Համերգից հետո մշակույթի բաժնի վարիչին դժգոհեցի: Նա էլ ինձ ասաց՝ պատճառը գիտե՞ք որն է՝ մեկը մյուսին ասում է՝ ինչ լավ ա, չէ՞… Լսում են պատասխանը՝ շատ լավ ա: Մի մասն էլ դժգոհում է՝ կամաց խոսեք, խանգարում եք: Երրորդն էլ՝ դե սուս արեք…»,- պատմում էր կոմպոզիտորը: «Ղարաբաղում էլ, երբ նույն հարցով դիտողություն արեցի, ասացին՝ այստեղ մի սերունդ է նստած, որը համերգ չի տեսել, պատերազմի մեջ լինելով, երբեք ներկա չի գտնվել դահլիճային որեւէ միջոցառման, հետեւաբար տեղյակ չէ՝ ինչ պետք է անել համերգի ժամանակ»:

Ռ. Ամիրխանյանը դժգոհեց նաեւ կոմպոզիտորների ստեղծագործություններին՝ ունկնդրի անտեղյակությունից: «Կապանում հեղինակային երեկոյիս ժամանակ մի նամակ ստացա, որտեղ գրված էր՝ ընկեր Ամիրխանյան, խնդրում եմ նվագեք Առնո Բաբաջանյանի «Էլեգիան», որը գրել է Բեթհովենը: Ինձ թվաց՝ ինչ-որ մեկն ուզում է կատակել: Հետո երբ հարցրի, թե բացիկի հեղինակն ով է, մի աղջիկ իրենից գոհ ոտքի կանգնեց: Պարզվեց, որ իրապես նա այդպես էլ մտածում էր: Պահել եմ այդ բացիկը…»,- հիշեց Ամիրխանյանը:

Համերգ-զրույցի վերջում արվեստագետը «Առավոտին» ասաց. «Չես կարող նվագել մեկի համար, որը նստած նայում է քեզ ու ծամոն ծամում, ասես նախաճաշը դեռ չի ավարտվել… Կարծում եմ, ուսուցիչները պարտավոր են նախապատրաստել երեխաներին այսօրինակ հանդիպումների, տեղեկացնել, թե ուր են գալիս, ինչ կամ ում են լսելու եւ, ի վերջո, ինչպես է պետք նստել դահլիճում»: Բարձրարժեք երաժշտության ճիշտ ընկալման, որակյալի ու անորակի տարբերակման մասին էլ ասաց. «Յուրաքանչյուր մարդու կոդերի մեջ դաջված է մշակույթի, հոգեւորի բարձր զգացողությունը: Չեմ ասում՝ իմ երաժշտությունն ամենաբարձրն է, բայց հավաստում եմ, որ ցանկացածիս մեջ էլ նստած է բարձրարժեքի զգացողությունը: Եթե խնդիր չի դրվում այդ զգացողությունը ապրեցնել, մարդը՝ ուզի թե չուզի, իր մեջ քնեցնում է ճիշտ ընկալելու, տարբերակելու պրոցեսը: Նա սկսում է հետաքրքրվել այնպիսի բաներով, որոնք ժամանցային են: Մանուկները լուրջ, սկզբունքային անձնավորություններ են: Եթե նրանց անընդմեջ կերակրենք անհայտ արեւելյան կամ թուրքամետ մեղեդիներով, անկախ իրենց կամքից, դա՛ նրանց մեջ կնստի որպես հիմնական զգացողություն…»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել