Լրահոս
Օրվա լրահոսը

ՖԻՋԻՈՒՄ ՎԵՐԱՑՎԵԼ Է ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

Ապրիլ 14,2009 00:00

Ֆիջիի Հանրապետությունը, որը գտնվում է Խաղաղ օվկիանոսում՝ նույն անունը կրող արխիպելագի վրա, ապրիլի 10-ին մնաց առանց սահմանադրության: 89-ամյա նախագահ Ռատու Խոսեֆա Իլոյլոն ուժը կորցրած համարեց երկրի հիմնական օրենքը, ինչպես նաեւ պաշտոնանկ արեց գերագույն դատարանի բոլոր դատավորներին: Իր գործողությունները Իլոյլոն բացատրեց նրանով, որ ցանկանում է երկիրը պատրաստել ժողովրդավարության: Ըստ Lenta.ru-ի, այդ անցումը արդեն իսկ պետք է տեղի ունենար այս տարվա մարտին, սակայն նախագահը որոշեց, որ այդ պահը դեռ չի հասունացել եւ համընդհանուր ընտրությունները հետաձգվել են մինչեւ 2014 թվականը: Անցումը դեպի ժողովրդավարություն՝ Ֆիջիում տեղի է ունենում արդեն 20 տարի, այդ ժամանակահատվածում երկրում տեղի է ունեցել 4 պետական հեղաշրջում, փոխվել է 3 սահմանադրություն: Նախագահի որոշման պատրվակն այն էր, որ Ֆիջիի գերագույն դատարանը անօրինական ճանաչեց ռազմական կառավարության գործունեությունը: Վերջինս որոշեց դատարանի հետ չվիճել եւ հրաժարական տվեց: Այդպիսով՝ երկիրը մնաց առանց կառավարության եւ քաղաքական ճգնաժամը հաղթահարելու համար Իլոյլոն որոշեց վերացնել սահմանադրությունը: Իրականում բոլոր կոնֆլիկտների հիմքում ընկած է էթնիկ հակամարտությունը, որի մի կողմում են բնիկ ֆիջիացիները, իսկ մյուս կողմում՝ 19-րդ դարի 2-րդ կեսում բրիտանացիների կողմից բերված հնդիկները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել