Երեկ Սոմալիի ծովահենների ներկայացուցիչը հայտարարեց, որ իրենք վրեժ են լուծելու վերջին օրերին տեղի ունեցած ռազմական օպերացիաների արդյունքում իրենց սպանված զինակիցների համար: Newsru.com-ը հիշեցնում է, որ ԱՄՆ ռազմածովային ուժերի հատուկ ջոկատայինները կիրակի օրը սպանել են 3 ծովահենի եւ մեկին գերի են վերցրել: Իսկ ապրիլի 10-ին Ֆրանսիայի զինվորականները, ազատելով իրենց քաղաքացիներին, սպանել են եւս 2 ծովահենի: «Ֆրանսիացիները եւ ամերիկացիները կփոշմանեն, որ սկսել են սպանություններ գործել: Մենք չենք սպանում, միայն փրկագին ենք վերցնում: Այսուհետեւ մենք մի բան կանենք այն մարդկանց հետ, որոնք, մեր կարծիքով, ֆրանսիացիներ կամ ամերիկացներ են»,- հեռախոսով ասաց Հուսեյն ներկայացած ծովահենը: Կիրակի օրը «Մայերսկ Ալաբամա» նավի նավապետ Ռիչարդ Ֆիլիպսը ինքնուրույն փախավ ծովահենների ձեռքին գտնվող նավակից եւ լողալով հասավ մոտակայքում գտնվող ամերիկյան ռազմանավին: Ամերիկացի զինվորականների եւ 4 ավազակների միջեւ տեղի ունեցած կարճատեւ մարտից հետո 3 ծովահեն սպանվել էր, 1-ը՝ ձերբակալվել: Դրանից մեկ շաբաթ առաջ ծովահենները գրավել էին ֆրանսիական զբոսանավ, որով շրջագայում էին ֆրանսիացի 2 ընտանիք, այդ թվում՝ մեկ երեխա: Ավազակների հետ ձախողված բանակցություններից հետո, ֆրանսիացի զինվորականները որոշել էին պատանդներին ազատել ուժով: Օպերացիայի ընթացքում զոհվել է 1 պատանդ, 2 ծովահեն, 3-ն էլ՝ ձերբակալվել է: