Երեկ առավոտյան Թայլանդի բանակը կրակ բացեց Բանգկոկի կենտրոնում անցկացվող ընդդիմության հանրահավաքի մասնակիցների վրա: Մարտական զենքի կիրառումը տեղի ունեցավ այն բանից հետո, երբ գիշերը բողոքի ակցիայի մասնակիցները բախվեցին իրավապահների հետ: Նախնական տեղեկություններով՝ վիրավորվել է ավելի քան 70 հոգի: Նրանց մի մասը վնասվածքներ է ստացել փամփուշտներից: Ըստ BBC-ի թղթակցի՝ ցուցարարներին ցրելու օպերացիայի ընթացքում կիրառվել է նաեւ արցունքաբեր գազ: Լրագրողը հայտնում է, որ զինվորականների մի մասը օդ էր կրակում, իսկ մյուսը՝ մարդկանց վրա: Ընդդիմությունը մեղադրում է բանակին՝ ցուցարարների նկատմամբ չպատճառաբանված ուժ կիրառելու համար: Զինվորականների ներկայացուցիչը, հաստատելով, որ բանակն իսկապես մասնակցել է օպերացիային, մեղադրել է ցուցարարներին, որ նրանք փորձում էին մեքենաներով մխրճվել զինվորների շարքի մեջ: Նրա խոսքերով, զինվորները կրակ են բացել այն բանից հետո, երբ ցուցարարները նրանց ուղղությամբ արցունքաբեր գազ եւ այլ հատուկ միջոցներ են կիրառել: Ընդդիմության ակցիաները Բանգկոկում շարունակվում էին անցած ամբողջ շաբաթվա ընթացքում: Արդյունքում այդ քաղաքում տեղի չունեցավ Հարավարեւելյան Ասիայի երկրների ասոցիացիայի համաժողովը, որը նախատեսված էր անցկացնել շաբաթ օրը: