Լրահոս
Օրվա լրահոսը

Հավատա՞լ աստղերին, թե՞ ոչ

Ապրիլ 14,2009 00:00

Կենդանակերպի համաստեղություններն ընդամենը երկնքի մի հատվածի պատկերն են

Աստղագետները լուրջ չեն վերաբերվում աստղագուշակությանը, սակայն չեն էլ պայքարում դրա դեմ: Ինչո՞ւ: Ըստ աստղագետ, Հայկական աստղագիտական միության համանախագահ Արեգ Միքայելյանի՝ դա ընդամենը զվարճալիք է, որն իրենից ոչ մի լուրջ բան չի ներկայացնում, եթե, իհարկե, մարդիկ չափազանց լուրջ չեն վերաբերվում դրան:

«Աստղագուշակությունն առաջացել է հին ժամանակներում, երբ մարդիկ չգիտեին, թե ի՞նչ են աստղերը, ինչո՞ւ է երկնքի պատկերն այդպիսին, որքա՞ն հեռու են մեզնից երկնային մարմինները եւ այլն… Միայն 17-րդ դարում նոր սկսեցին մտածել աստղերի ֆիզիկական բնութագրի մասին: Աստղաֆիզիկան որպես աստղագիտության մի բաժին առաջացավ ընդամենը 17-րդ դարում: Մարդկության նախկին բոլոր գիտելիքները հիմնականում հանգում էին Արեւի, Լուսնի եւ մոլորակների շարժումներին հետեւելուն, երկնակամարը դիտելուն: Երկնակամարը նրանց համար կարծես մի անշարժ, նույն հեռավորության վրա գտնվող փայլուն մասնիկներից բաղկացած պատկեր էր: Նրանք չէին էլ պատկերացնում, որ աստղերը կարող են ավելի մեծ լինել, քան Արեգակը կամ Լուսինը: Բնական է, որ այդ պատկերների վրա նրանք սկսում էին տարբեր պատմություններ հորինել: Եվ պատահական չէ, որ ամենահին համաստեղությունները դիցաբանության հետ են կապված: Դրանց թվում են այն համաստեղությունները, որոնք կազմում են Կենդանակերպը կամ միջազգային տերմինով՝ Զոդիակը: Սկսենք նրանից, որ համաստեղությունները բոլորը նույն չափի չեն, այսինքն՝ Արեգակը, տեղաշարժվելով երկնքում, հավասարապես մեկ ամիս չի, որ ամեն համաստեղությունում, այսպես ասած, գտնվում է: Օրինակ, խոշոր համաստեղություններից է Կույսի համաստեղությունը, որտեղ նա 1,5 ամսից ավելի է գտնվում, իսկ փոքրերից են Խոյը, Կշեռքը… որտեղ իրականում Արեգակը երկու-երեք անգամ պակաս է լինում, քան Կույսի համաստեղությունում: Ասեմ նաեւ, որ Արեգակն, այսպես ասած, անցնում է ոչ թե 12 համաստեղություններով, այլ՝ 13, իսկ 13-րդ՝ Օձակերպի համաստեղության մասին աստղագուշակները լռում են: Երբ ասում են՝ «ծնվել է այս համաստեղության ներքո», դա անիմաստ արտահայտություն է: Համաստեղությունները ֆիզիկական խմբեր չեն կազմում, այդ աստղերը, որ պրոյեկցիայում ինչ-որ մի պատկերի կարելի է նմանեցնել, իսկ երբեմն նույնիսկ դժվար է նմանեցնել, իրականում իրարից չափազանց տարբեր հեռավորությունների վրա են գտնվում, եւ տարածության մեջ նրանք խումբ չեն կազմում: Այդ աստղերը միավորելը ինչ-որ մի խմբում պայմանականություն է, որը երեւում է միայն երկրի վրայից դիտելիս: Մարդիկ այդպես նրանց խմբավորել եւ կոչել են անուններով միայն երկինքը ճանաչելու, գիշերային երկնքում կողմնորոշվելու համար: Աստղագետներն այսօր աստղերի համար համաստեղություն բառն առանձնապես չեն էլ օգտագործում, այլ հստակ աստղագիտական կոորդինատն են օգտագործում»,- ասում է պարոն Միքայելյանը:

Ստացվում է, որ երկնային մարմինները որեւէ ազդեցություն չունե՞ն մարդկանց, նրանց «ճակատագրերի» վրա: Այս հարցին աստղագետը պատասխանում է. «Աստրոլոգիան՝ աստղաբանությունը, ոչ միայն զվարճալիք է, այն ունի նաեւ գիտական հատիկ: Բանն այն է, որ որոշ երկնային մարմիններ՝ Արեգակը, Լուսինը եւ գուցե որոշ մոլորակներ, կարող են ունենալ եւ ունեն ազդեցություն մարդու վրա: Այլ երկնային մարմիններ, խոսքը աստղերի մասին է, ուղղակի չեն կարող որեւէ ազդեցություն ունենալ: Հայտնի է, որ արեգակնային ակտիվության ժամանակ ավելանում են սրտի հետ կապված խնդիրները, ինֆարկտները, լուսինը, որը պատասխանատու է մակընթացությունների եւ տեղատվությունների համար, բնական է, որ մարդու եւ կենդանական ու բուսական աշխարհի վրա նույնպես ահռելի ազդեցություն ունի: Խոշոր մոլորակները, օրինակ՝ Յուպիտերն ու Սատուրնը, նույնպես կարող են որոշ ազդեցություն թողնել, բայց աստղերը շատ-շատ հեռու են, եւ աստղերի ազդեցությունը մարդու կամ երկրային օրգանիզմների վրա կարելի է ընդհանրապես արհամարհել: Տեսեք, Արեգակից հետո մեզ ամենամոտ աստղը ավելի քան 270 հազար անգամ ավելի հեռու է մեզնից, քան Արեգակը, իսկ մյուսներն, ասենք, միլիոնավոր անգամ հեռու են, այնպես որ՝ ընդհանրապես խոսք լինել չի կարող, որ աստղերը կարող են ազդել մարդու վրա»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել