Լրահոս
Օրվա լրահոսը

ՍՏԱԽԱՆՈՎՅԱՆ ՏԵՄՊԸ ՊԱՀՊԱՆՎՈՒՄ Է

Ապրիլ 14,2009 00:00

Երեւանի պետական մանկավարժական համալսարանում դիսերտացիա պաշտպանելը առօրյա է

«Առավոտի» այս տարվա մարտի 18-ի համարում տպագրված «Ստախանովյան տեմպեր անկախ Հայաստանում» հրապարակմամբ անդրադարձել էինք Երեւանի պետական մանկավարժական համալսարանում թեկնածուական եւ դոկտորական ատենախոսությունների պաշտպանությանը: Ըստ հրապարակման՝ Երեւանի պետական մանկավարժական համալսարանում հինգ տարում 131 դիսերտացիա է պաշտպանվել: Էլ ավելի ցավալի մի իրողության մասին էլ էինք գրել: Մանկավարժականի ռեկտոր Արտուշ Ղուկասյանը բազային մանկավարժական կրթություն չունի եւ ղեկավարում է մանկավարժության ոլորտում գիտական աստիճաններ շնորհող մարմինը:

Մեր աղբյուրները նոր տեղեկություններ են հաղորդել՝ ի հավաստումն նախկին լուրերի:

Ապրիլի 2-ին Մանկավարժական համալսարանում թեկնածուական ատենախոսություններ են պաշտպանել համալսարանի արհմիության նախագահ, երիտասարդ Հասմիկ Սարգսյանը եւ մոտ 55-60 տարեկան դասախոս Կիմ Սարուխանյանը: Թե ինչու է Կիմ Սարուխանյանը թոշակի անցնելուց առաջ որոշել թեկնածու դառնալ՝ իր գործն է եւ իր իրավունքը: Այլ հարց է ուշագրավ: Սովորաբար թեկնածուական թեզի պաշտպանությունը 1.5 ժամից ավելի չի տեւում, իսկ դոկտորականը՝ երեք ժամից: Սակայն առաջացած տարիքի պրոֆեսորների եւ բուհի ռեկտոր Արտուշ Ղուկասյանի կամոք՝ Հասմիկ Սարգսյանի ատենախոսության պաշտպանությունը տեւել է ավելի քան չորս ժամ, իսկ դրանից հետո Կիմ Սարուխանյանի պաշտպանությունը՝ մոտ 1.5 ժամ: Երկուսն էլ խոսել են մտավոր հետամնաց երեխաների մասին: Թե ինչպես են 4 ժամ գիտական վերլուծություն լսելուց հետո՝ մանկավարժական խորհրդի ոչ երիտասարդ անդամները լսել մեկ այլ գիտական վերլուծություն՝ իրենք գիտեն: Սակայն հայտնի է, որ երկու ատենախոսություններն էլ միաձայն դրական եզրակացություն են ստացել:

Մեր աղբյուրները տեղեկացնում են, որ բուհի ռեկտորը դժգոհ է եղել խորհրդի անդամներից: Սա այն դեպքում, երբ խորհրդի նախագահը հենց ինքն է: Նա մասնավորաբար դժգոհ է, թե մանկավարժականի այս կամ այն ամբիոնը թերանում է ատենախոսությունների պաշտպանության նախապատրաստական փուլում, նախապես չի ծանոթանում ներկայացված աշխատանքին, դիտողություն եւ առաջարկություններ չի ներկայացնում: Բանը հասել է նրան, որ ատենախոսության պաշտպանությունը թողած՝ ռեկտորը սպառնացել է լուծարել հատուկ մանկավարժության ամբիոնը, ինչին ի պատասխան՝ ամբիոնի վարիչ Զաբելա Զոհրաբյանը հայտարարել է, թե իրենց ամբիոնը այս ատենախոսությունների հետ կապ չունի: Մեր աղբյուրները տեղեկացնում են, որ ռեկտորի ամեն քննադատությունից հետո ներկաները փորձել են ապացուցել իրենց անմեղությունը, իսկ ամեն դրական խոսքից հետո՝ ապացուցել իրենց մասնակցությունը գովասանքի արժանացած դրվագին:

Վերջում ռեկտորը լրագրողների պակաս է զգացել եւ տեղեկանալով, որ դահլիճում լրագրող չկա, հայտարարել է՝ լավ են անում, որ քննադատում են, դրսում ավելի շատ են քննարկվում գիտական աշխատանքները, քան՝ ներսում: Ներկա պրոֆեսորներից ոչ մեկը չի հակաճառել, անհամաձայնություն չի հայտնել: Ստացվում է, որ լուռ համաձայնել են:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել