Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԵՏՕԳՈՍՏՈՍՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆ

Ապրիլ 14,2009 00:00

Օգոստոսյան պատերազմից հետո Հայաստանի եւ Ադրբեջանի համար ծագեցին անվտանգության նոր մարտահրավերներ: Որո՞նք են դրանք, ո՞ւմ հնարավորություններն են ավելի մեծ, կարո՞ղ են այդ մարտահրավերները մոտեցնել հայկական եւ ադրբեջանական դիրքորոշումները ղարաբաղյան հարցում: Ստորեւ բերվող հարցազրույցներն ավարտում են «Հետօգոստոսյան Հայաստան եւ Ադրբեջան» շարքի այս թեման:

«Առավոտ» եւ ադրբեջանական «Նովոյե վրեմյա» թերթերում տպագրվող նյութերը պատրաստվել են «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի եւ Բաքվում Խաղաղության եւ ժողովրդավարության ինստիտուտի համատեղ ծրագրով, որին աջակցում է «Հաշտեցման ռեսուրսներ» (Conciliation Resourses) միջազգային կազմակերպությունը:

«Տարածաշրջանի կշիռը չափազանց բարձր է»

\"\"Հարցազրույց ԵՊՀ Քաղաքակրթական եւ մշակութային հետազոտությունների կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Դավիթ Հովհաննիսյանի հետ

– Որքանո՞վ է իրատեսական Թուրքիայի առաջարկած «Անվտանգության կովկասյան պլատֆորմի» իրագործումը:

– Կարծում եմ, որ այս ֆորմատով դա իրականացվող ծրագիր չէ, որովհետեւ տարածաշրջանային կարեւորագույն երկրներից մեկը՝ Իրանն ընդգրկված չէ: Բացի այդ, Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ ոչ դիվանագիտական, ոչ որեւէ այլ տիպի հարաբերություններ գոյություն չունեն, եւ, ինչն ավելի կարեւոր է՝ չկա վստահության մթնոլորտ ոչ միայն Հայաստանի եւ Թուրքիայի, այլեւ Հայաստանի եւ Ադրբեջանի, ինչպես նաեւ Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ: Սա է պատճառը, որն ինձ ստիպում է հոռետեսական լինել այս ծրագրի իրականացման վերաբերյալ: Բացի այդ, չափից մեծ դեր են խաղում արտատարածաշրջանային ուժերը. դա ոչ միայն պետություններն են, այլ նաեւ համակարգերը, ցանցերը, որոնք շատ դեպքերում ուղղակի դեմ են այստեղ մեկ այլ անվտանգության հաստատմանը: Իմ հոռետեսության մեկ այլ ընդհանրական պատճառն էլ այն է, որ բալկանյան տարածաշրջանում խնդիրների գոնե միջին ժամկետով լուծելուց հետո, պայքարը հսկողության, ազդեցության համար ամբողջ եվրասիական մայրցամաքում տեղափոխվել է կասպյան ու սեւծովյան տարածաշրջան: Իսկ մենք գտնվում ենք հենց այդ տարածաշրջանի սրտում, իրար հակասող բազմաթիվ շահեր կան, որոնք խարխլող դեր են կատարում տարածաշրջանում անվտանգության համակարգերի ստեղծման համար:

– Որքա՞ն արդյունավետ կարող են լինել ՀԱՊԿ երկրների Օպերատիվ արձագանքման կոլեկտիվ ուժերը, եւ ի՞նչը խթանեց այդպիսի ուժեր ստեղծելու մասին որոշման կայացմանը:

– Նման համակարգի համար անհրաժեշտ են լուրջ ռեսուրսներ: Գոնե այսօր՝ այս տնտեսական ճգնաժամի պայմաններում, այդ համակարգի ստեղծումն ինձ առանձնապես իրատեսական չի թվում, հատկապես արդյունավետության առումով: Ի՞նչ է ՀԱՊԿ-ը: Դա մի հսկայական Ռուսաստան է իր հնարավորություններով եւ բավականին սկզբունքային դիրքորոշումներով: ՀԱՊԿ մյուս պետությունների շահերն այդքան հստակ ուղղվածություն չունեն եւ այդպես հստակ չեն արտահայտվում: Եթե ՀԱՊԿ ուժերը չեն օգտագործվում ներքին կոնֆլիկտների դեպքում, ապա արտաքին թշնամուց պաշտպանվելու համար գուցե իմաստ էլ չունի նման կառույց ստեղծելը: Դժվար թե Չինաստանը հարձակվի Թուրքմենստանի վրա: Անշուշտ, կան որոշ խնդիրներ Աֆղանստանի սահմանի վրա, բայց դրանք կարելի է լուծել ավելի փոքր միջոցներով ու ավելի կոմպակտ ուժերով, լուրջ ու հստակ մշակված երկկողմանի պայմանագրերի հիման վրա: Ես չեմ կարծում, որ ՀԱՊԿ-ը կարող է իրական դեր կատարել, այն ավելի շատ ուրիշ խնդիրների (օրինակ՝ ՆԱՏՕ-ի ընդլայնման) հետ է կապված: ՀԱՊԿ պետությունների քաղաքականությունը խարսխվում է այդ հարցին առնչվող լայն սպեկտրի խնդիրների վրա: Ասենք՝ Ուզբեկստանը ՀԱՊԿ-ից դուրս կգա, եթե կարիք լինի եւ եթե պայմաններ ստեղծվեն, որ այդ երկրի ղեկավարությունը որոշի ՆԱՏՕ-ին անդամագրվել: Ներկա պայմաններում, երբ ռեսուրսների խնդիրներ ունեն բոլոր երկրները, նման ուժեր ստեղծելն ուղղակի խնդրահարույց է:

– Ի՞նչ տեղ են զբաղեցնում Հայաստանը, Ադրբեջանը եւ Վրաստանը ռուս-ամերիկյան հարաբերություններում ընդհանրապես, եւ արդյո՞ք այդ տեղի ընկալումը Հայաստանում ադեկվատ է իրական վիճակին:

– Անշուշտ, տարածաշրջանում Ռուսաստա նի ազդեցության կորուստը շատ ցավոտ է ընկալվում հենց Ռուսաստանի կողմից, եւ այդ կորուստը տեղի է ունենում ոչ այնքան միակ գերտերության՝ Միացյալ Նահանգների գործողությունների հետեւանքով, որքան օբյեկտիվ պատճառներով. Ռուսաստանն այլեւս չունի այն մեծ հնարավորությունները եւ ներուժը, որն ուներ Խորհրդային Միությունը: Եկեք հաշվի առնենք մի բացարձակ նոր աշխարհառազմաքաղաքական իրողություն, որի առջեւ կանգնել ենք. օգոստոսյան պատերազմի հետեւանքով ամերիկյան նավատորմը հայտնվեց Սեւ ծովում: Սա բացարձակ փոխում է ամբողջ իրավիճակը տարածաշրջանում: Թուրքիան փորձեց դիմադրել եւ թույլ չտալ, որպեսզի ՆԱՏՕ-ի եւ Միացյալ Նահանգների նավատորմը հայտնվի սեւծովյան ավազանում, սակայն, ի վերջո, տեղի տվեց: Սա, բնականաբար, նախ փոխում է ուժերի ամբողջ բալանսը Սեւ ծովում: Ռուսաստանն ու Թուրքիան որոշակի պայմանավորվածությունների հիման վրա բալանս էին հաստատել, նորմալ երթեւեկում էին այնտեղ, երբեմն սրվում էին խնդիրները նեղուցների օգտագործման հետ կապված, բայց ընդհանուր բալանսը պահպանվում էր: Այսօր իրավիճակը փոխվել է: ՆԱՏՕ-ի երկրները, փաստորեն, ամբողջ ծովեզրը վերցրել են իրենց հսկողության տակ: Ռուսաստանին մնացել է մի փոքր ռուսական ծովեզր եւ Ղրիմում՝ Սեւաստոպոլը, նաեւ Աբխազիան է ձեռքն ընկել, ինչը շատ քիչ է բալանսը պահպանելու համար: Նոր ու լուրջ ուժ է նաեւ Ուկրաինան: Այս ամենը ստիպում է մեզ ենթադրել, որ չնայած շատ հաճախ հարավկովկասյան տարածաշրջանն ընկալվում է որպես երկրորդական, երրորդական, բայց իրականում այս տարածաշրջանի կշիռն այսօր աշխարհաքաղաքականության մեջ չափազանց բարձր է, քանի որ այն ընկած է կարեւորագույն շրջանում, որը միավորում է կամ բաժանում Սեւ ծովը Կասպիցից: Հայաստանում դա չի գիտակցվում: Կարծում եմ, որ իշխանություն ունեցող քաղաքական վերնախավն այսօր այդքան գիտելիք եւ ընդգրկուն աշխարհընկալում չունի, այդ պատճառով չի գիտակցում այդ դերը, այդքան էժան ինքն իրեն վաճառում է: Իրականում գինը շատ ավելի բարձր է, քան այն, ինչով նրան առնում են: Իսկ առնում են՝ իշխանությունը պահելով:

– Հավատո՞ւմ եք հայ-թուրքական հարաբերությունների բարելավմանը, եւ ինչպե՞ս դա կարող է ազդել թուրք-ադրբեջանական հարաբերությունների վրա:

– Այո, հավատում եմ: Ես Հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողովի անդամ եմ, եւ նաեւ մեր գործունեության շնորհիվ թուրք եւ հայ հասարակություններում ծավալվեց խորքային քննարկում այն բոլոր խնդիրների շուրջ, որոնք գոյություն ունեն այս երկու երկրների միջեւ: Ես ուշադրությամբ հետեւում եմ այն ամենին, ինչը տեղի է ունենում Թուրքիայում, եւ կարծում եմ, որ այն լայն քննարկումը, որն այսօր ընթանում է ցեղասպանության հարցի վերաբերյալ եւ որն անհնար էր 5 կամ 10 տարի առաջ, տալիս է իր արդյունքները: Այսօր երկու պետությունների միջեւ փակ սահմանը նոնսենս է, շատ մեծ կորուստների հետ է կապված, գլոբալ ենթակառուցվածքների համար ձեռնտու չէ, ձեռնտու չէ նաեւ քաղաքական, տնտեսական, սոցիալական, մշակութային առումով: Հարաբերությունների կարգավորումը (սահմանների բացումը, դիվանագիտական հարաբերությունների հաստատումը) կարող է լինել այս տարի, 5 տարի հետո, բայց կարեւորագույնը երկու հասարակությունների, երկու ժողովուրդների հաշտեցումն է, որի հիմքում, իհարկե, ցեղասպանության ճանաչումն է: Իրական հաշտության դեպքում այս հարաբերություններն այլեւս ոչինչ չի մթագնի, ինչը տարածաշրջանային անվտանգության համար շատ կարեւոր է: Ես կարծում եմ, որ Ադրբեջանում վաղուց արդեն համակերպվել են այն մտքի հետ, որ սահմանը մի օր բացվելու է: Նրանք նաեւ որոշակի հույսեր ունեն, որ այդ սահմանի բացվելուց հետո Թուրքիայի ազդեցությունը Հայաստանի վրա մեծանալու է, եւ դա հնարավորություն է տալու, որպեսզի Թուրքիան ԼՂ-ի հետ կապված հարցում ադրբեջանամետ քաղաքականություն իրականացնի ավելի մեծ հաջողությամբ: Սրանք, ըստ իս, սին հույսեր են: Այդ հույսերն ակնհայտորեն ադրբեջանական մամուլում արտահայտվում են: Ադրբեջանցի գործընկերների տեսակետից՝ կարեւոր է նաեւ այն, որ հայ-թուրքական սահմանի բացումը որոշակիորեն կփոխի մթնոլորտն ամբողջ տարածաշրջանում, ինչը հնարավորություն է տալու, որպեսզի տարածաշրջանային համագործակցության խնդիրները ավելի հաջող լուծվեն: Սա իր հերթին հնարավորություն է տալու նաեւ կոնֆլիկտների լուծման համար: Ես կարծում եմ, որ Ադրբեջանի համար սահմանի բացումը միանշանակ ցանկալի պետք է լինի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել