Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՆՏԵՐ ՇԵՆՔԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ

Ապրիլ 14,2009 00:00

Հրազդանի կենտրոնում գտնվող կիսավեր շենքի եւ անմարդկային պայմաններում ապրող մարդկանց խնդիրները չեն լուծվում արդեն 17 տարի:

\"\"\"\"
Այս պայմաններում են ապրում 21-րդ դարի Հայաստանի մարզկենտրոններից մեկի ՀՀ քաղաքացիները:

Հրազդանի քաղաքապետարանն ու Կոտայքի մարզպետարանը նույն շենքում են: Իրոք, լավ է մտածված, հարմար է այդպես: Շենքին հարող տարածքը մաքուր է, շենքի դիմաց հրապարակ կա, որին էլ հաջորդում է շատրվաններով այգին: Այգու ստորին՝ մարզպետարան-քաղաքապետարանին մոտ հատվածը նորոգվել եւ տեսքի է բերվել «ՎիվաՍել» ընկերության աջակցությամբ: Հրազդանում գարունը դեռ նոր է սկսվում եւ եղանակի տաքանալուն պես այգու վերին հատվածներն էլ են նորոգվելու: Համենայնդեպս, նման ցանկություն կա: Մարզպետարան-քաղաքապետարանի պատուհաններից շատ գեղեցիկ տեսարան է բացվում՝ մաքուր հրապարակ, այգի, շատրվաններ, կառուցվող Խաչ մատուռ, որ շուտով կբացի իր դռները: Եվ այս ամենից ոչ շատ հեռու, այս ամենին մոտ, սակայն մարզպետարան-քաղաքապետարանի պատուհաններից չերեւացող, փողոցից ներս, բնակելի շենքերի հարեւանությամբ մի… կիսավեր շենք՝ դիմացը փոքրիկ անխնամ այգի: Այստեղ ապրում է Հայաստանի Հանրապետության ուշադրությունից դուրս մնացած մարդկային մի բազմություն՝ մեկ ընդհանուր տանիքի տակ՝ օրեցօր ավելացող իր խնդիրների մեջ խեղդված: Խոսքը «Հրազդանի պետական քոլեջ» պետական ոչ առեւտրային կազմակերպություն վերանվանված նախկին շինարարական տեխնիկումի հանրակացարանի մասին է, որտեղ ապրում է 30 ընտանիք:

\"\"
Վալյա Սարգսյան:

Ժամանակին Ադրբեջանից բռնագաղթածներով բնակեցված շենքում հիմա փախստականները քիչ են: Նրանց մի մասը բնակարան է ստացել ու գնացել: Ազատված սենյակները կացարան են դարձել այն մարդկանց համար, ովքեր ինչ-ինչ պատճառներով հայտնվել են դրսում: Թերեւս կացարանն այս դեպքում շատ բարձր է ասված ու շատ մեծ վերապահումներով պետք է ընդունել. բնակիչներն իրենք էլ են խոստովանում, որ «շունն անգամ այդ պատերի մեջ չի ապրի»: Իսկ իրենք ապրում են: Ապրում են՝ զրկված կենցաղային, մարդկային ամենատարրական պայմաններից: Նույնիսկ կարգին զուգարան չունեն: Չորս հարկանի շենքի խմելու ջրի միակ ծորակը առաջին հարկում է, միջանցքներում՝ մութ: Շենքի լուսամուտներին ապակիներ չկան, ոմանք ապակու փոխարեն տեղադրել են՝ ինչ ձեռքի տակ ընկել է. մետաղյա թիթեղ, ֆաներա: Ճիշտ է, այսկերպ լուսավորությունը զգալիորեն նվազել է, բայց նվազել է նաեւ դրսից եկող սառը օդը: Սենյակների պատերին էլ այնքան լայն խոռոչներ ու ճեղքեր կան, որ հարեւանները միմյանց հետ շփվում են ուղղակի դրանց միջով: Խոռոչները քողարկելու ձեւը գտել են հնարամիտները. նրանք պատերի բացվածքները «ծեփել» են նկարներով, պաստառներով, այդ թվում եւ՝ նախընտրական պաստառներով:

\"\"Արմինե Եղոյան:

\"\"Քոլեջի տնօրեն Գագիկ Գեւորգյան:

\"\"Ռիտա Գրիգորյան:

Եթե այդ 30 ընտանիքը ծածկ ունի, դա դեռ ապահով ու անվտանգ կյանքի երաշխիք չէ, որովհետեւ հիմքից խարխուլ ու փլուզվող տանիքով շենքն ամեն պահի կարող է ողբերգության պատճառ դառնալ:

«Նրանք հիմնականում ապօրինի են հանրակացարանում ապրում եւ մեր բնակիչները չեն: Դրա համար էլ ինչ-որ իմաստով ուշադրությունից դուրս են մնացել: Բայց քաղաքապետարանի աշխատակիցները հաճախ են այցելում, հետաքրքրվում նրանց ապրելակերպով, նաեւ օգնություններ ենք տալիս»,- ասաց Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանը:

\"\"
Բոլորից մոռացվածները պատերի անշուք տեսքը ծածկել են նաեւ
Սերժ Սարգսյանի նախընտրական պաստառով:

«Բարով եք եկել մեր ավերակներ». այսպես սկսեցին մեզ հետ զրույցը բնակիչները, իսկ քաղաքապետի՝ «մեր բնակիչները չեն…» արտահայտությունից վիրավորված, հանրակացարանի ամենաակտիվ բնակիչ Ռիտա Գրիգորյանն ասաց. «Իսկ ընտրությունների ժամանա՞կ ինչու դա չեն հիշում: Բա էդ 55 ընտրողները, որ այս շենքում են ապրում, իրենցը չե՞ն… 17 տարի է պայքարում ենք, 17 տարի է այս պայմաններում ենք»:

\"\"Քաղաքապետ Արամ Դանիելյան:

Որ շենքի բնակիչներն այդ հասցեում գրանցում ունեն, եւ որ ընտրությունից ընտրություն նրանց վերագրանցման համար տեղեկանքներ է տալիս քոլեջի տնօրինությունը, հաստատեց հենց ինքը՝ տնօրեն Գագիկ Գեւորգյանը: Վերջինիս կարծիքով՝ ճիշտ կլիներ, որ հանրակացարանը մնար քոլեջին. «Ես հիմա դրսից ուսանողներ ունեմ եւ ավելին կլինեին, եթե հանրակացարանը գործեր»: Բայց հանրակացարանի շենքն այսօրվա վիճակով նրան պետք չէ:

Շենքում ապրողները նաեւ երեխաներ ունեն: Քիչ հավանական է, որ այս երեխաները դպրոց գնան, սակայն, եթե գնան էլ, հաստատ չեն հասկանալու ուսուցչին, երբ նրանից լսեն, որ պետք է անմնացորդ սիրել հայրենիքը, որովհետեւ քոնն է: Չեն հասկանալու, որովհետեւ իրենց հայրենիքը ծխից սեւացած, «անհյուրընկալ պատերն են սեւ» ու անապակի լուսամուտից այնկողմ անխնամ ու փոշոտ այգին, որտեղ եւ խաղում են: Երեխաները անտարբեր էին մեր այցին: Հավանաբար առաջին անգամը չէ, երբ անծանոթ մեկը գալիս է իրենց մոտ, ծնողներն ու հարեւանները իրար են անցնում, ներկայացնում թշվառության ողջ պատկերը, հետո անծանոթը գնում է, եւ ոչինչ չի փոխվում:

Բնակիչները կուզենային սեփականաշնորհել հանրակացարանը: Ասում են՝ եթե սեփականացնելու հնարավորություն տրվի, իսկ քաղաքապետարանը վերանորոգի տանիքը, մնացածն իրենք կանեն:

Անտեր շենքի բնակիչ Վայլա Սարգսյանը Ադրբեջանից տեղահանված մեր հայրենակիցներից մեկն է: Որդին մասնակցել է արցախյան պատերազմին: Վալյա Սարգսյանը հենց Հրազդանում տուն ունի, բայց քանի որ բնակարանը 9-րդ հարկում է եւ տանիքն էլ կաթում է, նախընտրում է ապրել առանց տանիք եւ առանց լուսամուտ այս շենքում, ասում է՝ ի՞նչ տարբերություն:

Թալինից Հրազդան եկած օտար լեզվի ուսուցչուհի Արմինե Եղոյանն իր դստեր հետ հանրակացարանում է ապրում 13 տարի: Թեեւ խանդով չի վերաբերվում փախստականներին, որոնց պետությունն ապահովում է բնակարանով, բայց ճիշտ էլ չի համարում, որ անուշադրության են մատնվում հայաստանցի անօթեւանները: «Յուրաքանչյուր մարդ իր գիտակցական կյանքի ընթացքում գոնե մեկ անգամ ուզում է, որ պետությունը մտածի նաեւ իր մասին: Պետության անտարբերությունը, անօգնական վիճակն ու թշվառությունը մարդուն գազան է դարձնում՝ սկսում է իր բունը քանդել, ինչպես արեցինք մենք՝ տարիներ առաջ, երբ սենյակը տաքացնելու համար մանրահատակը քանդեցինք-վառեցինք: Տվեք արժանավայել ապրելու հնարավորություն»,- ասաց ուսուցչուհի Եղոյանը:

Ուսուցչուհու կարծիքը կիսեցին նաեւ շենքի մյուս բնակիչները, որոնցից յուրաքանչյուրը ջանում էր լրագրողներիս իր «տուն» ուղեկցել՝ թշվառությանն ավելի մոտիկից ծանոթացնելու նպատակով:

Պահպանված միակ բանը, որ տեսանք՝ խոշտանգված պատերն էին, իսկ դուռ-լուսամուտից սկսած մինչեւ ջրագծեր՝ անհետացել էին: Ռիտա Գրիգորյանի փոխանցմամբ՝ դրանք տարել է քոլեջի նախկին տնօրենը՝ հանրակացարանի նախկին պարետի միջոցով: Տիկնոջ ասածը փոխանցեցինք քաղաքի եւ քոլեջի գործող ղեկավարներին: Պաշտոնատար երկու այրերն էլ անտեղյակ էին: Իսկ ահա քոլեջի կին աշխատողներից մեկն ասաց, որ եթե հանրակացարանը թալանվել է, ապա ոչ ներկայիս տնօրեն Գագիկ Գեւորգյանի, ոչ էլ նախկին տնօրեն Սողոյանի օրոք, այլ շատ ավելի վաղ:

Նախկին հանրակացարանի շենքը ՀՀ կրթության եւ գիտության նախարարության հաշվեկշռում է եղել մինչեւ 2006թ. մարտը, որից հետո փոխանցվել է Պետգույքի կառավարման վարչությանը: Վերջինս էլ որոշել է ավերակների վերածված կառույցը հանձնել Հրազդանի քաղաքապետարանին: Քաղաքապետարանը հրաժարվել է: «Կարող էինք վերցնել, բայց դրա ամրացման ու վերանորոգման համար 100 միլիոնից ավելի գումար է հարկավոր: Մեր 820 միլիոնանոց բյուջեով դրա տակից ո՞նց էինք դուրս գալու: Նման պատասխանատվության տակ առայժմ չենք կարող մտնել», -ասաց Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանը: Տպավորությունն այնպիսին է, թե շենքի վիճակից տեղյակ պաշտոնյաները պարզապես չեն ցանկացել եւս մեկ խնդիր ունենալ, եւ ամեն մեկն իր ձեւով կարողացել է անմասն մնալ հարցը լուծելու պատասխանատվությունը կիսելու գործում:

Ու հիմա շենքը տեր չունի ու անօթեւան 30 ընտանիքները, որ խնդիրը մի քանի անգամ հասցրել են երկրի եւ մարզի ղեկավարներին՝ սպասում են: Սպասում են դրական պատասխանի հույսով: Սպասում են արդեն 17 տարի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել