Պատասխանողը պատշաճ չէր
Երեւանի քաղաքապետի 1998թ. սեպտեմբերի 11-ի թիվ 639 որոշման հիման վրա՝ Երեւանի քաղաքապետը եւ քաղաքացի Մանվել Վարդանյանը կնքել են Երկաթուղայինների 4-րդ փ. 4 տուն հասցեում գտնվող 200 քմ հողամասի վարձակալության թիվ 55/277 պայմանագիրը՝ 20 տարի ժամկետով: Պայմանագիրը օրենսդրությամբ սահմանված կարգով ստացել է նոտարական վավերացում, իսկ դրանից ծագող իրավունքները՝ պետական գրանցում:
Երեւանի քաղաքապետի վերոնշյալ թիվ 639 որոշմամբ ճանաչվել է Մ. Վարդանյանի սեփականության իրավունքը նշված հասցեում ինքնակամ կառուցված շենք-շինությունների նկատմամբ եւ զբաղեցրած տարածքը հանձնվել է նրան վարձակալության: 1998թ. սեպտեմբերի 21-ին ՀՀ ԿԱ ԱԳԿՊԿ Էրեբունու տարածքային ստորաբաժանման կողմից Մ. Վարդանյանը ստացել է սեփականության իրավունքի պետական գրանցման վկայական:
Մ. Վարդանյանը 2001թ. մարտի 21-ին բնակելի տան առուծախի պայմանագրով տունը օտարում է Մարգարիտ Առաքելյանին: Վերջինս կատարում է գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցում: Իր հերթին Մ. Առաքելյանը 2002թ. բնակելի տան առուծախի պայմանագրով շենք՝ 128,4 քմ եւ հող (վարձ.)՝ 200 քմ, վաճառում է Գառնիկ Դանիելյանին, որն իր կնոջ՝ Ելենա Հովհաննիսյանի հետ նշված բնակելի տան եւ 200 քմ հողամասի ներկայիս համասեփականատերերն են:
Սակայն 2007թ. սեպտեմբերի 11-ին Էրեբունի համայնքի աշխատակազմի իրավաբանական բաժնի պետ Տ. Հարությունյանը, լիազորված լինելով Երեւանի քաղաքապետի կողմից, հայցադիմում է ներկայացնում Էրեբունի եւ Նուբարաշեն համայնքների առաջին ատյանի (այժմ՝ ընդհանուր իրավասության) դատարան՝ հողամասի վարձավճարի ուշ վճարման համար տույժերի եւ վճարված պետտուրքի բնագանձման պահանջով: Դատարանը 2007թ. նոյեմբերի 27-ի վճռով հայցը բավարարել է՝ Մ. Վարդանյանից բռնագանձելով 181 018 ՀՀ դրամ վարձավճարը եւ, վարձավճարները պայմանագրով սահմանված ժամկետից ուշ մուծելու համար հաշվարկված եւ վճարման ենթակա տույժերը՝ 490 190 ՀՀ դրամի չափով, ինչպես նաեւ վճարված 13 425 դրամ պետտուրքի գումարը: 2008թ. հունվարի 23-ին ԴԱՀԿ ծառայության Երեւանի բաժնում հարուցվում է կատարողական վարույթ:
Այսպիսով՝ ակնհայտ է, որ հայց է հարուցվել ոչ այն անձի դեմ (անպատշաճ պատասխանող), ով պետք է պատասխան տար նշված հարցով: Գործով պատասխանող Մ. Վարդանյանը այդ ժամանակ գտնվել է ՌԴ-ում եւ դատական նիստին չի մասնակցել: Վարդանյանի ընտանիքի անդամները դատական ծանուցագիրը ստանալով՝ փոխանցել են իրենց հարեւան եւ «բարեխիղճ» գնորդ, ներկայիս սեփականատեր Գ. Դանիելյանին, համոզված լինելով, որ վերջինս կվճարի իրեն հասանելիք վարձավճարի գումարը, ներառյալ տույժերը: Մ. Առաքելյանը՝ 2001-2002թթ. եւ Գ. Դանիելյանը՝ 2002-05թթ. հողամասի վարձավճարները չեն կատարել: Գ. Դանիելյանը տան եւ հողամասի ներկայիս սեփականատերն է, իսկ Մ. Առաքելյանը 2002թ. մեկնել է ՌԴ:
Նշված քաղգործով կան բազմաթիվ դատական ակտեր: 2008թ. օգոստոսի 22-ի վճռով (դատավոր՝ Ա. Մերանգուլյան) մերժվել է Մանվել Վարդանյանի հայցն ընդդեմ Մարգարիտ Առաքելյանի, Գառնիկ Դանիելյանի՝ վնասի հատուցման պահանջի մասին: Վճռում արձանագրված է. «Պատասխանողներից Գառնիկ Դանիելյանն, ըստ էության չի առարկել հայցի դեմ եւ դատարանին հայտնել է, որ 2002-ից մինչ օրս ընկած ժամանակահատվածը կմուծի գումարը, ներառյալ տույժերը»: Մ. Վարդանյանը դիմել է Երեւանի նախկին քաղաքապետ Ե. Զախարյանին՝ ԴԱՀԿ ծառայությունից կատարողական թերթը հետ վերցնելու եւ պատշաճ պատասխանողներից գումարը պահանջելու դիմումով: Պատասխան գրությամբ Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Ա. Սարգսյանը հայտնել է. «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ առկա է օրինական ուժի մեջ մտած վճիռ եւ ներկայիս սեփականատեր Գառնիկ Դանիելյանը հայտնել է պատրաստակամություն մուծելու գումարը, առաջարկում ենք հարցը կարգավորել ներկայիս սեփականատիրոջ հետ՝ փոխհամաձայնություն ձեռք բերելու միջոցով»: Իսկ փաստն այն է, որ ներկայիս սեփականատերը չի պատրաստվում գումար վճարել:
Պարտապան Մ. Վարդանյանն էլ չունի վճարելու ոչինչ եւ չի ուզում ուրիշի փոխարեն վճարել: Արդյունքում՝ պետությունը կորցնում է 684 000 դրամ: