Դատապարտյալի կինն անհանգստացած է
«Առավոտ» այցելած Գյումրիի բնակիչ Քնարիկ Հարությունյանը հայտնեց, որ ամուսինը՝ Աշոտ Հովհաննիսյանը, արդեն 3 տարի ձերբակալված է: Նա դատապարտվել է 8 տարվա ազատազրկման:
Ինչպես «Առավոտին» պատմեց Ք. Հարությունյանը, ամուսնուն կալանավորելուց 20 օր հետո ներկայացվել է մեղադրանք, թե իբր նա ունեցել է տարադրամի փոխանակման կետ եւ մարդկանց վստահությունը չարաշահելով՝ յուրացրել է նրանց գումարները: Իրականում փոխանակման կետը բացել եւ աշխատեցրել է Հակոբ Պառավյանը (ի դեպ, չունենալով համապատասխան լիցենզիա), սակայն վերջինս նախաքննությունից մինչեւ դատական նիստի ավարտը ներգրավվել է որպես վկա: «Եթե ամուսինս Պառավյանի հետ միասին է զբաղվել տարադրամի փոխանակմամբ, ապա ինչո՞ւ են ամուսնուս մեղադրանք առաջադրել, իսկ Պառավյանին ներգրավել որպես վկա,- հարցնում է Ք. Հարությունյանը եւ ավելացնում:- Այս ամենը Ազգային անվտանգության Գյումրիի բաժնում աշխատող՝ Հ. Պառավյանի կնոջ մորաքրոջ տղայի՝ Գարիկ Պետրոսյանի կազմակերպած գործն է»:
Մեր զրուցակիցը պատմեց, որ Հ. Պառավյանը «Աերոբրոք» ՍՊԸ-ի լիցենզիայով բացել է փոխանակման կետ, պայմանով, որ ՍՊԸ-ի տնօրենին պետք է վճարի ամսական 30 հազար դրամ, սակայն խաբել է եւ չի վճարել: 2002 թ. աշնանը «Աերոբրոքի» տերը Երեւանից մարդ է ուղարկել Գյումրի, որը Պառավյանից դոլար է գնել եւ պահանջել տարադրամի գնման անդորրագիր, սակայն Պառավյանը չի ունեցել: Այդ անձը ցույց է տվել կարմիր գրքույկ եւ ներկայացել որպես ԱԱ աշխատակից, պահանջելով վերցրել է $300 ու հեռացել: Հ. Պառավյանը դիմել է Գ. Պետրոսյանի օգնությանը, գրավոր հայտարարություն տվել: Վկայություն են տվել Պառավյանի կինը, փոխանակման կետի աշխատակցուհին, քննվել են տարադրամի փոխանակմամբ զբաղվող մի քանի անձինք: «Ցուցմունք է վերցվել նաեւ իբր տուժող Հովսեփ Հովսեփյանից, որը ծանոթացրել էր Պառավյանին «Աերոբրոքի» տնօրենի հետ: ԱԱ աշխատակիցներ Գ. Պետրոսյանն ու ոմն Արմեն եկել են ամուսնուս մոտ եւ խնդրել, որ գործը փակելու համար նա ցուցմունք տա, թե իբր ներկա է գտնվել: Բայց ամուսինս հրաժարվել է, քանի որ ինքը մեքենայի մեջ է եղել եւ չի լսել, թե ինչ են պայմանավորել, այդպես էլ գրել է իր ցուցմունքում»,- ասաց Ք. Հարությունյանը: Նա համոզված է, որ առաջին ատյանի եւ վերաքննիչ դատարանների կողմից դիտավորյալ չի պահանջվել անդրադառնալ այս կարճված գործին, քանի որ պարզ կդառնար, թե իրականում ով է զբաղվել տարադրամի փոխանակմամբ, այդժամ կապացուցվեր իր ամուսնու անմեղությունը: «Միայն Հ. Պառավյանին մեղադրանք առաջադրելու դեպքում կքանդվի այս մտացածին ստի կծիկը եւ ամեն ինչ կբարձրանա ջրի երես: Ողջ Գյումրին է տեղյակ, որ Ա. Հովհաննիսյանը ընդհանրապես չի զբաղվել տարադրամի փոխանակմամբ եւ նշված ժամանակաշրջանում այդ բացվածքը (Շահումյան 188) գտնվել է վերանորոգման մեջ: Իսկ եթե քննիչ Սադոյանը փորձեր մեկ անգամ լինել «Դելտա Արմենիա» ընկերության ավիատոմսեր վաճառողների մոտ եւ հարցներ, թե ո՞վ է զբաղվել տարադրամի փոխանակմամբ կամ «Աերոբրոքի» տնօրենից ճշտեր, թե նա ո՞ւմ հետ էր պայմանավորվել տարադրամի կետ բացել Շահումյան 188 բացվածքում, այդ ժամանակ նա հստակ կիմանար, որ Աշոտ Հովհաննիսյանին որպես դրամափոխանակող չեն ճանաչում, փոխարենը Հ. Պառավյանը մինչ օրս զբաղվում է դրամափոխանակմամբ»,- դժգոհեց տիկին Հարությունյանը: Նա ամուսնու դեմ մեղադրանքը մտացածին է համարում, քանի որ «նախաքննական մարմինը փորձել է գումարների հափշտակումը հարմարեցնել 2003 թ. մարտի սկզբին- ապրիլի վերջին, բայց ոչ, ասենք, մարտի վերջին-ապրիլի սկզբին, քանի որ Սադոյանը տեղյակ էր, որ նույն թվի մարտի 12-ից ապրիլի 23-ը Ա. Հովհաննիսյանը գտնվել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ում, կարեւոր հանգամանք է նաեւ այն, որ գումար տվողներից եւ ոչ մեկը չի հիշում կոնկրետ ամիսն ու օրը, բայց շատերը բացատրություն են տվել դատարանին, որ իրենք գումարները տվել են Հակոբ Պառավյանին»: Ըստ Ք. Հարությունյանի, մեղադրանքի զավեշտն այն է, որ Ա. Հովհաննիսյանին գործով անցնող անձինք գումարներ են տվել Հակոբ Պառավյանի միջոցով՝ իբր Աշոտն է ուզել, գումարը տվել են միասին՝ 2003-ի մարտ-ապրիլին, սակայն նրանցից ոչ մեկը 3 տարվա ընթացքում չի դիմել իրավապահ մարմիններին՝ գումարը հարկադրաբար ետ պահանջելու համար, բայց 2006-ին բոլորը միասին դիմեցին: «Այդ ընթացքում ամբողջ Գյումրին էր խոսում, որ դատախազի օգնականները համաձայնության են եկել հանցավոր խմբի հետ»,- ասաց տիկինը:
Ք. Հարությունյանը նաեւ պատմեց, թե ինչպես է դատախազի օգնական Սադոյանը կանչել ամուսնուն եւ առաջարկել, որ հանձն առնի յուրացումը, սպառնալով, որ «կնոջդ էլ կկալանավորեմ, երեխեքդ անչափահաս են, մեղք կլինեն»: «Եվ սկսվեցին սուտ հայտարարություններ ինձ վրա, իբր ինձ տարբեր չափի գումարներ են տվել, սակայն ժամանակի ընթացքում, մոռանալով նախկին ասածը, իրարամերժ ցուցմունքներ տվեցին: 2006 թ. փետրվարի 14-ին իմ դեմ հարուցված գործի առթիվ գտնվում էի դատախազության շենքում, երբ Մամիկոն Սիմոնյանը հարձակվեց եւ խփեց ինձ, հայհոյելով ներսուդուրս էր անում՝ Սադոյանի եւ Սալոյանի աչքի առջեւ»,- հուզված ասաց Ք. Հարությունյանը: Նա բազմաթիվ այլ մեղադրանքներ հնչեցրեց նշված պաշտոնյաների հասցեին, որոնց անօրինական գործողությունների զոհն են ինքն ու ամուսինը: «Այս բոլորը իմ ընտանիքի գլխին անում են այն բանի համար, որ տիրանան Նժդեհի 24 հասցեում գտնվող կիսակառույցին: Ամեն օր, ամեն ժամ ու վայրկյան ես ու իմ երեխաները ապրում ենք վախի ու սարսափի մեջ»,- խոսքը ավարտեց Քնարիկ Հարությունյանը:
Նա նաեւ դիմել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին՝ օգնելու վերականգնել արդարությունը, քանի որ «խաբեությունն ու խարդախությունը տիրել է մեր քաղաքը»: