Միեւնույն կառույցի վերաբերյալ գլխավոր ճարտարապետները տարբեր եզրակացություն են տվել
Մեր երկրում սպասարկման օբյեկտ, բնակելի շենք կառուցելու համար քաղաքաշինական նորմեր պահպանելը բոլորովին էլ պարտադիր չէ, քանի որ փորձը ցույց է տվել, որ խախտումներով իրականացված կառույցները, ի վերջո, այդպես էլ չեն կասեցվում: Երեւանի Գուլակյան 78/1 հասցեում խոյացող բազմաբնակարան շենքն էլ կառուցվում է քաղաքաշինական նորմերի խախտումներով: Այդ մասին փաստում են քաղաքաշինության նախարարության տրամադրած փաստաթղթերը: Չնայած դրան, Երեւանի քաղաքապետարանը շինարարության թույլտվություն է տվել, դեռ մի բան էլ վստահեցրել է, որ այդ հասցեում կատարվող շինարարությունն առանց խախտումների է ընթանում:
Գուլակյան 80/1 հասցեի տան սեփականատեր Սերգեյ Մանուկյանը մեզ հետ զրույցում վստահեցրեց, որ իր տան հարեւանությամբ կառուցվող բազմահարկը կառուցվում է տան պարսպին կիպ կպած: Շենքն էլ, որի առաջին հարկն արդեն կառուցված է, տան 4 սենյակների լուսավորությունն ամբողջովին փակել է. «Բազմիցս դիմել եմ քաղաքապետարան: Տարան-բերեցին, ոչ մի նորմալ պատասխան չտվեցին: Իբր «մեկ պատուհան» են բացել, բայց այդտեղից բացարձակ հնարավոր չէ որեւէ դիմումի պատասխան ստանալ: Մի քանի անգամ փոխքաղաքապետ Կամո Արեյանի մոտ հերթագրվել եմ ընդունելության, ամեն անգամ մի պատճառաբանություն էին ասում, ու էդպես էլ չհաջողվեց հանդիպել ու բողոքս տեղ հասցնել: Ես պարզապես պահանջում եմ, որ փորձաքննություն անեն ու ասեն՝ քաղաքաշինության նորմերին համապատասխա՞ն է, թե՞ ոչ»: Ս. Մանուկյանի պատմելով՝ քաղաքապետարանի Քաղաքաշինության եւ հողի վերահսկողության վարչության աշխատակիցները տեղում ստուգել են շինարարությունը եւ վստահեցրել, որ ոչ մի խախտում էլ տեղի չի ունեցել, մինչդեռ մայրաքաղաքի գլխավոր ճարտարապետ Սամվել Դանիելյանի տրամադրած պատասխանը փաստում է. «Նախագծային եւ տեղում իրականացվող շինարարական աշխատանքների ուսումնասիրման արդյունքում արձանագրվել են անհամապատասխանություններ, մասնավորապես, նախատեսվող շենքերի հեռավորության առումով: Համապատասխան միջոցառումներ ձեռնարկել եւ մինչ վերջնական ուսումնասիրման ու շտկումների իրականացումը՝ պարտավորեցնել կառուցապատողին դադարեցնելու շինաշխատանքները»: Այս հանձնարարականից հետո էլ կառուցապատողը շարունակել է աշխատանքները, իսկ Քաղաքաշինության եւ հողի վերահսկողության վարչության աշխատակիցները Ս. Մանուկյանին վստահեցրել են, որ գլխավոր ճարտարապետը սխալ է, ճիշտը իրենք են ու կառուցապատողը: Քաղաքապետարան դիմելուն զուգահեռ, Ս. Մանուկյանը դիմել է նաեւ հանրապետության գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանին, որից ստացել է պատասխան. «Հարգելի պարոն Մանուկյան, ձեր հարեւանությամբ իրականացվող շինարարության ընթացքում խախտումներ են տեղի ունեցել՝ չեն իրազեկվել հարեւան տան եւ շենքերի բնակիչները, ինչպես նաեւ կառուցվող շենքը, իհարկե, անբարենպաստ ազդեցություն է գործում (լուսավորվածության, շենքերի միջեւ տեսանելիության նորմերի) առանց այդ էլ խիստ կառուցապատման մեջ գտնվող ձեր տան համար, ինչի վերաբերյալ կոնկրետ տվյալներ հնարավոր է ստանալ հատուկ փորձաքննությունից հետո»:
Ն. Սարգսյանի պատասխանը ձեռքին, Ս. Մանուկյանը մեկ անգամ եւս փորձել է դիմել քաղաքապետարան, սակայն նորից Կ. Արեյանը «ժամադրել» ու տեղում չի եղել: Իսկ Սամվել Դանիելյանին դիմելուց հետո, Երեւանի ճարտարապետն այս անգամ տվել է իր նախորդ պատասխանին հակասող պատասխան. «Նախագիծը մինչ համաձայնեցման ներկայացնելը՝ իրավասու կազմակերպության կողմից ենթարկվել է փորձաքննության, որոնց կողմից այն երաշխավորվել է համաձայնեցման»: Պարոն Մանուկյանի խոսքերով՝ կառուցապատողն էլ պնդում է, թե «միեւնույն է, ինձ տվել են շինթույլտվություն, հաստատված նախագիծը ձեռքիս է, ես պետք է շենքը կառուցեմ: Այս երկրում ոչ օրենք կա, ոչ էլ ճիշտ: Ով ուզում է, թեկուզ խախտումներով, շենք է կառուցում ու չի էլ պատժվում»:
Նշենք, որ Գուլակյան 80 շենքի մեկ տասնյակից ավելի բնակիչներ դիմել են քաղաքապետարան, որպեսզի կասեցվի բազմաբնակարան շենքի կառուցումը, սակայն քաղաքապետարանը նրանց էլ բանի տեղ չի դրել: