Լրահոս
Օրվա լրահոսը

ՆՈՐ ՇԻԼԱՇՓՈԹ՝ ԳՅՈՒՄՐԻԻ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ «ՈԼՈՐՏՈՒՄ»

Ապրիլ 14,2009 00:00

Սայաթ-Նովայի 9/9 ա շենքի բնակիչների համոզմամբ՝ քաղաքաշինության նախարարությունը կադրերի ոչ ճիշտ ընտրություն է կատարում:

\"\"
Սայաթ-Նովայի 9/9 ա շենքի բնակիչներն՝ ընդդեմ Հ. Մելքոնյանի:

Օրերս մեր խմբագրություն էին դիմել Գյումրիի Սայաթ-Նովայի 9/9 ա շենքի բնակիչները, դժգոհելով այն փաստից, որ քաղաքաշինության նախարարությունը Շիրակի մարզպետարանի նախկին աշխատակից Հասմիկ Մելքոնյանին նոր հնարավորություններ է ընձեռել՝ քաղաքում «նոր սկանդալներ» սարքելու համար: Բանն այն է, որ Հ. Մելքոնյանը ընդգրկվել է քաղաքաշինության նախարարության «Բնակարանների գնման վկայագիր» ծրագրի համար ստեղծված հատուկ հանձնաժողովի մեջ: Ու թեեւ նա հանձնաժողովում հանդես է գալիս հասարակական հիմունքներով՝ որպես դիտորդ (նա ընդամենը խորհրդակցական ձայնի իրավունք ունի), այդուհանդերձ, Սայաթ-Նովայի 9/9 ա շենքի բնակիչները կարծում են, որ սա բավարար է գյումրեցի անօթեւաններին հերթական անգամ խաբելու ու քաղաքի բնակարանային ոլորտում «շիլաշփոթ» ստեղծելու համար:

Հիշեցնենք, որ Հ. Մելքոնյանը վերոհիշյալ շենքի շուրջ բարձրացված աղմուկի մեղավորներից է, քանի որ, ըստ բնակիչների, նա անօրինական կերպով վաճառել էր բնակիչների սեփական միջոցների հաշվին կառուցած բնակարանները: «Ինչպե՞ս է լինում, որ Գյումրիում բնակարանային շինարարության կամ որեւէ այլ ծրագրի սկսվելուն պես՝ այս կնոջը լիազորություններ են ընձեռում, բանտ ուղարկելու փոխարեն նոր պաշտո՞ն են նվիրում, «Լինսիի» բնակարանները հերթով վաճառեց ու մարսեց, հետո անցավ մեր շենքին, հիմա էլ նոր պատմությունների պարագլո՞ւխ են կարգում: Մի՞թե քաղաքաշինության նախարարությունը ընտրություն կատարելիս չի ուսումնասիրում դիտորդների բարոյական կերպարը: Ինչպե՞ս կարող են նման մարդուն դիտորդ կարգել, որն ի վիճակի է՝ ամբողջ կյանքը մախինացիաներ անել ու աչքերիդ մեջ նայել: Եթե դիտորդի առաքելությունը տվյալ հանձնաժողովում արդարություն ու թափանցիկություն ապահովելն է, ուրեմն Գյումրիի հասարակությունն այլեւս տվյալ հանձնաժողովի անաչառությանը չի հավատում, քաղաքաշինության նախարարությանը այլեւս չի վստահում: Մի՞թե նրան դիտորդի կարգավիճակ շնորհողը 3 տարի շարունակ թերթեր չի կարդացել ու չգիտի, որ այսպիսով կասկածի տակ է դնում հանձնաժողովի գործունեությունը: Եվ հետաքրքիր է, թե ի՞նչ խորհուրդներ է տալիս Հասմիկ Մելքոնյանը հանձնաժողովին, սովորեցնում է փաստաթղթե՞ր կեղծել ու օրենքով հասնող տները մարդկանց ձեռքից խլե՞լ»,- զայրացած հարցնում են շենքի բնակիչները:

Նրանց խոսքերով, իրենք «Առավոտին» հերթական բողոքն են ներկայացնում, խիստ մտահոգվելով գյումրեցի այն անօթեւանների համար, որոնք պատրաստվում են բնակարաններ ձեռք բերել: Բացի այդ, ըստ բնակիչների, Հ. Մելքոնյանը, նոր «պաշտոն» ստանալուն պես, սկսել է նոր ինտրիգներ հյուսել իրենց բնակարանների շուրջ: Օրինակ, Սայաթ-Նովայի 9/9 ա շենքի թիվ 11 բնակարանը դարձյալ խոստացել է ապօրինի զբաղեցրած բնակիչներից մեկին՝ Ռուզաննա Մարտիրոսյանին: Տեղեկացնենք, որ Ռուզաննա Մարտիրոսյանին ԴԱՀԿ-ն դուրս հրավիրեց անցած տարվա ամռանը: Սակայն այժմ էլ, Հ. Մելքոնյանը, օգտվելով իր նոր «պաշտոնից», Ռուզաննա Մարտիրոսյանին խոստացել է նորից այդ բնակարանում տեղավորել: «Ի գիտություն հանձնաժողովի, եթե անգամ այդ տիկնոջը ընդունեն որպես հավաքարար, նա, միեւնույն է, իրեն նախագահ կերեւակայի ու բազմաթիվ գյումրեցիների նորից ծուղակը կգցի, զոհ կդարձնի: Նա արդեն իսկ սկսել է պարծենալ, որ մեծ դերակատարություն ունի: Այն մարդը, ով մի քանի տարի առաջ Սայաթ-Նովայի 9/9 ա շենքի բնակիչներին ցույց տվեց մի փաստաթուղթ, ներկայանալով Հ. Մելքոնյանի՝ արդարադատության նախկին աշխատակցի անվան տակ, այսինքն անվանատառերի համընկնումից հայտարարում էր, թե հանձնաժողովի Հ. Մելքոնյան անուն-ազգանունով անդամն ինքն է, ուրեմն այժմ հնարավոր է դիտորդի փոխարեն նախագահ ներկայանա ու նորից ժողովրդի գլխին հարց լուծող խաղա: Մենք այս փաստով խիստ մտահոգված ենք ու զայրացած»,- մեր թերթի միջոցով քաղաքաշինության նախարարությանը փոխանցեցին ժամանակին Հասմիկ Մելքոնյանի զոհը դարձած սայաթնովացիները: Ի դեպ, այդ շենքի բնակարանները 3 տարվա քաշքշուկից հետո արդեն իսկ սեփականաշնորհման գործընթացի մեջ են, ՀՀ վարչական դատարանը այս մասին որոշում է կայացրել:

Այս պահին, Գյումրիի քաղաքապետարանի պահանջով, Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում վիճարկվում է միայն բնակիչներից մեկի՝ Հրաչ Մելքոնյանի բնակարանային խնդիրը, որը Հասմիկ Մելքոնյանի եղբայրն է, եւ հարեւանների պնդմամբ, սեփական տուն ունենալով հանդերձ, ներկայացել է որպես անօթեւան ու ապօրինի ձեւով հայտնվել իրենց շենքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել