Ազգային ժողովի ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը, խոսելով հայ-թուրքական սահմանի բացման դեպքում տնտեսության վրա հնարավոր դրական կամ բացասական հետեւանքների մասին, ասել է, որ առայժմ նման խնդիր դրված չէ, քանի որ կարեւորը երկու պետությունների միջեւ հարաբերությունների հաստատումն է. «Հիմա առաջնային խնդիր է երկու հարեւան պետությունների՝ Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ դիվանագիտական հարցերի կարգավորումը, իսկ մնացած խնդիրները պետք է ստորադասվեն դրան: Հարաբերությունների հաստատման պարագայում շահը լինելու է երկուստեք»: Այս մասին Գ. Մինասյանը ասել է երեկ տեղի ունեցած ասուլիսում:
Ի պատասխան լրագրողներից մեկի այն հարցին, թե հնարավոր տնտեսական վտանգների դեպքում ի՞նչ է պատրաստվում անել Հայաստանը, Գ. Մինասյանն ասել է. «Մեր տնտեսության մրցունակությունը բավականին բարձր է եւ ցանկացած մրցակցային իրավիճակ նպաստավոր է մեզ համար: Կարծում եմ, մեր ներքին արտադրողն ի զորու է մրցակցել թուրքական արտադրողի հետ: Մեր տնտեսության առջեւ որեւէ խնդիր չի ծագի, պարզապես մեր ապրանքներն ավելի էժան կհայտնվեն թուրքական շուկայում եւ՝ հակառակը: Կլինեն հարցեր, որոնք կառնչվեն ազգային անվտանգության խնդիրներին, սակայն դրանք կգտնվեն համապատասխան մարմինների մշտական վերահսկողության տակ»: Այս մասին նշում է «7 օր»-ը:
Անդրադառնալով նախագահ Սերժ Սարգսյանի՝ Իրանի Իսլամական Հանրապետություն այցին, Գ. Մինասյանը նշել է, որ մեծ ակնկալիքներ ունի այդ այցից. «Ակնկալում եմ նորանոր ծրագրերի իրականացման մասին համաձայնությունների ձեռքբերում, առաջին հերթին Իրան-Հայաստան-Վրաստան-Սեւ ծով ավտոմայրուղու շինարարության, երկաթգծի շինարարության, նոր էներգակիրների մատակարարման եւ էլեկտրաէներգիայի՝ դեպի Իրան արտահանման ծրագիրը, որտեղ, կարծում եմ, հնարավորությունները բավականին մեծ են»: