Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՇԽԱՐՀՈՒՄ ԳՆԵՐՆ ԻՋՆՈՒՄ ԵՆ, ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ՝ ԲԱՐՁՐԱՆՈՒՄ

Ապրիլ 14,2009 00:00

\"\"Հայաստանի մաքսային ու հարկային վարչարարության հետեւանքով՝ ապրանքների գները համաշխարհային շուկայի գներին համարժեք չեն արձագանքում:

Համաշխարհային տնտեսական ճգնաժամի հետեւանքով աշխարհի գրեթե բոլոր երկրների խոշորագույն ընկերություններն անցան խիստ խնայողությունների: Կրճատվեցին ոչ միայն արտադրական ծավալներն ու աշխատավարձերը, այլեւ գնողունակության կտրուկ անկման հետեւանքով նրանք իրենց արտադրանքը ստիպված եղան վաճառել որոշ դեպքերում նույնիսկ ինքնարժեքից ցածր գնով: Մինչ ամբողջ աշխարհում շարունակում են նվազել սպառողական ապրանքատեսակների գները, Հայաստանում տեղի է ունենում ճիշտ հակառակ երեւույթը:

Դեռեւս տարեսկզբից շուկայում որոշ ապրանքներ արդեն իսկ թանկացել էին, իսկ մարտին՝ դոլարի արժեւորումը մեկ անգամ եւս առիթ հանդիսացավ, որպեսզի մեր տնտեսվարողները պահը օգտագործեն՝ ամիսներ առաջ ներկրած կամ արտադրած ապրանքը թանկ վաճառելու համար: Ուշագրավ է այն, որ Հայաստանում բարձրացել են նաեւ մատուցվող ծառայությունների գները, որոնք, ըստ էության, այնքան էլ չեն առնչվում դոլարի արժեւորման կամ գազի թանկացման հետ: Մասնավորապես, գեղեցկության եւ հարսանյաց սրահները, տարբեր հանդիսությունների կազմակերպմամբ զբաղվող ընկերությունները ու անգամ անշարժ գույքի առք ու վաճառք իրականացնող բրոքերները թանկացրել են իրենց ծառայությունների գները: Ի տարբերություն աշխարհի այլ երկրների, Հայաստանում գործում է ճիշտ հակառակ տրամաբանությունը: Որպես կանոն, տնտեսվարողները թանկացումները պատճառաբանում են նրանով, որ ճգնաժամի հետեւանքով կտրուկ նվազել է իրենց ծառայություններից օգտվող մարդկանց քանակը, իրենք էլ ստիպված են եղածներից գոնե մի քիչ ավելի գումար վերցնել՝ վնասով չաշխատելու եւ գոյատեւելու համար: Ինչ վերաբերում է սպառողական ապրանքներին, ապա, որպես կանոն, այդ շուկայում գները համարժեք չեն արձագանքում համաշխարհային շուկայում տեղի ունեցող գնային փոփոխություններին: Պատճառը, թերեւս, մեր երկրի հարկային եւ մաքսային վարչարարությունն է, որն էլ տնտեսվարողներին դրդում է գնալ հարկադիր թանկացումների: Օրինակ՝ պայմանավորված ֆինանսական ճգնաժամով, աշխարհի մի շարք հանրահայտ ավտոարտադրողներ՝ գերմանական «Opel»-ը, «Volkswagen»-ը, «BMW»-ն կամ ճապոնական «Toyota»-ն մի քանի հազար դոլարով նվազեցրին մեքենաների վաճառքի գինը: Շատ ավտոարտադրողներ իրենց մեքենաները վաճառքի հանեցին անգամ ինքնարժեքով: Սակայն, շնորհիվ Պետական եկամուտների կոմիտեի, Հայաստանում մեքենաները էժանանալու փոխարեն կթանկանան:

Խնդիրն այն է, որ ըստ կոմիտեում քննարկվող հայեցակարգի, օգտագործված մեքենաների ներկրման ժամանակ, բացի մաքսատուրքից, մեքենայի վաճառքից հետո ներկրողը պետք է վճարի նաեւ 20% ավելացված արժեքի հարկ, ինչը կհանգեցնի մեքենաների գնաճի: Կամ, ասենք, ներկայումս մշակվող «Մաքսային օրենսգրքում» փոփոխություն կատարելու մասին օրինագծով նախատեսվում է, 10-15%-ով բարձրացնել մի շարք ներմուծվող ապրանքների՝ մսի, ձկան, կաթնամթերքի, խմիչքների, ծխախոտի, մրգերի, ձավարեղենի, շաքարի, սուրճի եւ շատ այլ ապրանքատեսակների մաքսատուրքերը: Հասկանալի է, որ դրսից բավականին էժան ու անգամ ինքնարժեքով այս ապրանքները Հայաստան ներկրելու դեպքում, պարզապես բացառվում է, որ դրանց գները համարժեք կլինեն միջազգային շուկայի գներին: Մեզ հետ զրույցում տնտեսագետ Անդրանիկ Թեւանյանը նշեց, որ ապրանքների շարունակական թանկացման համար տնտեսվարողը, ըստ էության, մեղք չունի, քանի որ նա «ճնշվում է պետության կողմից»: Նրա ներկայացմամբ. «Առաջին հերթին պետք է նկատի ունենալ, որ Հայաստանում տարբեր ապրանքային շուկաներում բացակայում է մրցակցային համակարգը: Այն, որ Հայաստանում գներն իջնում են միջազգային գներին ոչ համարժեք կամ իջնում են շատ ուշ, հարկային եւ մաքսային վարչարարության հետեւանքով է: Աշխարհում կարող են էժանացումներ տեղի ունենալ, բայց մեր հարկային համակագը դա թույլ չի տա: Մեր պետության համար գերնպատակը միայն բյուջե լցնելն է»:

Եթե նկատի ունենանք, որ տեղական որոշ ապրանքների արտադրության ժամանակ տվյալ ապրանքի ինքնարժեքում գազը բավականին բարձր տոկոս է կազմում, ապա ապրիլի 1-ից գազի գնի թանկացման հետեւանքով՝ մեր երկրում դարձյալ գնաճ կարձանագրվի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել