Մասնագիտությամբ ֆիզիկոս, այժմ թոշակառու ՀՀ քաղաքացի Անդրանիկ Բաբախանյանն այն կարծիքին է, որ Սահմանադրության 110 հոդվածը ոտնահարում է իր՝ ՀՀ քաղաքացու մի շարք իրավունքներ:
«ՀՀ Սահմանադրության 110 հոդվածի համաձայն՝ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները անցկացվում են նոր ձեւավորված համայնքներում, այսինքն՝ Երեւանի ավագանու եւ քաղաքապետի առաջիկա ընտրությունները կարող են անցկացվել միայն ներկայիս համայնքների միավորումից հետո: Իսկ համաձայն «Երեւանում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 108-րդ հոդվածի երրորդ մասի, հակառակը՝ նոր համայնքապետարանը ձեւավորվում է Երեւանի ավագանու ընտրությունների արդյունքում. «Ավագանու ընտրություններից հետո Երեւանի թաղային համայնքները համարվում են վերակազմավորված Երեւանի համայնքապետարան»: Ստացվում է, որ օրենքի այս դրույթը չի համապատասխանում Սահմանադրության դրույթին: Եվ քանի որ, համաձայն Սահմանադրության 6-րդ հոդվածի, Սահմանադրությունն ունի բարձրագույն իրավաբանական ուժ, եւ նրա նորմերը գործում են անմիջականորեն, ապա Երեւանի ավագանու ընտրություններ կարող են անցկացվել միայն թաղապետարանների միավորումով՝ Երեւանի համայնքապետարան ստեղծելուց հետո»,- իր ուսումնասիրությունները ներկայացրեց պարոն Բաբախանյանը: Ըստ նրա, փաստացիորեն, համաձայն «Երեւանում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի, մի շարք փուլերով ոտնահարվում են Երեւանի քաղաքացիների իրավունքները, քանի որ գոյություն ունեն ձեւավորված համայնքներ՝ ՏԻՄ մարմիններ՝ ընտրված ղեկավարներով, որոնք կարող են հեռացվել պաշտոնից միայն ՍԴ-ի որոշմամբ: Տեղական ինքնակառավարման մակարդակում պետք է միավորման մասին որոշումներ կայացվեն, որպեսզի հնարավոր դառնա ավագանու համաքաղաքային ընտրությունների անցկացումը: Մինչդեռ հիմա ամեն ինչ արվում է հակառակ կերպով՝ նախ նշանակվում են ավագանու եւ քաղաքապետի ընտրություններ, ընտրություններից հետո ձեւավորվում է Երեւանի համայնքը, ու նոր միայն նախկին թաղային համայնքները համարվում են արդեն լուծարված: Դա ե՛ւ ՏԻՄ օրենքի խախտում է, ե՛ւ Սահմանադրության, քանի որ ընտրություններ կարող են անցկացվել միայն արդեն ձեւավորված համայնքում, իսկ Երեւան քաղաքը չի հանդիսանում ձեւավորված համայնք: Այս ամենն, ըստ նրա, մարդու իրավունքների խախտումներ են: Նա պնդում է, որ մեր իշխանությունները այս անհամապատասխանությունը Վենետիկի հանձնաժողովից թաքցրել են թարգմանական «մանիպուլյացիաներով»՝ Սահմանադրության 110-րդ հոդվածում տեքստի անգլերեն տարբերակում՝ in-ը of-ով փոխարինելու միջոցով. «the terms for the elections of local self-government bodies of newly formed communities»:
«Վենետիկի հանձնաժողովի դրական կարծիքը հիմնված էր այս կեղծիքի վրա»,- ասում է մեր զրուցակիցը՝ հավելելով. «Համաձայն Սահմանադրության 110-րդ հոդվածի՝ համայնքները միավորվում են հանրության շահերից ելնելով: Համայնքներին չի կարելի բռնի միավորել, ինչպես, օրինակ, մայիսի 31-ին Երեւանին են միավորելու Աջափնյակ թաղապետարանը, առանց որեւէ մեկի կարծիքը հարցնելու, եւ նույնիսկ այն դեպքում, եթե Աջափնյակի բնակիչ որեւէ ընտրող չմասնակցի Երեւանի ավագանու ընտրություններին»: Նա մի հետաքրքիր անհամապատասխանություն էլ է հայտնաբերել. «Երեւանի քաղաքապետն ընտրվում է ավագանու կազմից: Դառնալով քաղաքապետ՝ շարունակում է մնալ ավագանու անդամ: Որպես ավագանու անդամ՝ նրան տրվում են համայնքային սեփականությունը տնօրինելու իրավունքներ, որոնք սահմանված չեն քաղաքապետի համար: Միաժամանակ, եթե քաղաքապետին կարելի է պաշտոնից հեռացնել միայն Սահմանադրական դատարանի եզրակացության հիման վրա, ապա ավագանու անդամին ոչ ոք չի կարող հեռացնել, ետկանչի մեխանիզմ չկա: Քաղաքապետին երկակի հնարավորություններ են ընձեռվում, քանի որ որեւէ տեղ գրված չի, որ նա, քաղաքապետ դառնալով, դադարում է ավագանու անդամ լինել: Ու այսպիսով, Երեւանի քաղաքապետն ավելի լայն հնարավորություններ է ունենում կառչած մնալու պաշտոնից, քան որեւէ այլ պետական պաշտոնյա: Սահմանադրության 108-րդ հոդվածում արձանագրված են Երեւանում տեղական ինքնակառավարման առանձնահատկությունները: 2003թ. ԱԺ-ն ընդունեց Սահմանադրության նախագիծ, որի 108-րդ հոդվածում գրված էր, որ Երեւանում օրենքով կարող է նախատեսվել ՏԻՄ թաղային մակարդակ: Սակայն «Երեւանում տեղական ինքնակառավարման մասին» օրենքը սահմանում է Երեւանում լիարժեք տեղական ինքնակառավարում՝ առանց որեւէ առանձնահատկության»: