Իր պաշտոնավարման մեկ տարվա առիթով հրավիրված մամուլի
ասուլիսի ժամանակ անդրադառնալով առաջիկայում կայանալիք Երեւանի ավագանու եւ քաղաքապետի ընտրություններին՝ նախագահ Սերժ Սարգսյանը կոչ էր արել «բացառել թշնամանքը»:
Ո՞ւմ է ուղղված այդ կոչը՝ «Առավոտի» հարցին ի պատասխան «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանն ասաց. «Իմ կարծիքով՝ այդ կոչը նախեւառաջ պետք է ուղղվի իշխանություններին եւ հատկապես՝ իրավապահ եւ դատական մարմիններին: Քանի որ իշխանության ներկայացուցիչներն ասում են, որ դատարաններն անկախ են, հատկապես՝ Քրեական օրենսգրքում կատարված վերջին փոփոխությունների արդյունքում էլ ավելի են անկախացել: Թեեւ օրենքով իսկապես այդպես է, բայց դե, բոլորս էլ հասկանում ենք, թե ինչ իրավիճակ է այդ առումով: Կարծում եմ, որ կոչն ուղղված է հենց նրանց»: Պատկան մարմինները կհետեւե՞ն այդ կոչին, թե՞ ոչ՝ պարոն Մարտիրոսյանը դժվարանում է կանխատեսել, սակայն կարծում է, որ իր պաշտոնավարման մեկ տարվա ընթացքում Սերժ Սարգսյանն ինքը «թշնամանքը բացառելու» տրամաբանությամբ չի շարժվել. «Մենք բազմիցս մեր ելույթներում ասել ենք համաներման մասին եւ նախագահի կողմից սպասում էինք նման քայլի, բայց դա այդպես էլ չեղավ: Նմանատիպ իրադարձության սպասում էինք, երբ որ նա ԱԺ-ում առաջին անգամ ուղերձով հանդես եկավ՝ բազմաթիվ օրացուցային հատուկ եւ ոչ հատուկ օրերի ընթացքում: Հիմնական լծակները եւ գործիքները գտնվում են իշխանության ձեռքին, եւ իշխանությունն է, որ թշնամանքի եւ այդ հասկացողության պատերը պետք է սկսի քանդել»: Սակայն մեկ դրական բան Արմեն Մարտիրոսյանն, այնուամենայնիվ, ընդգծում է. «Այդ մեկ տարվա ընթացքում «մարտի 1»-ի նման իրադարձություններ չեն կրկնվել»:
«Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանն էլ փաստում է, որ նախագահի պաշտոնը ստանձնելուց ի վեր Սերժ Սարգսյանի կողմից անձնական վիրավորանքներ չեն հնչել՝ «դհոլ-մհոլ՝ չկա. պաշտոնը ստանձնեց եւ այդ սահմանը պահպանել է, մնացածը՝ չկա»: Իսկ թե ո՞ւմ էր ուղղված կոչը՝ հարցին ՆԺԿ նախագահը հարցով պատասխանեց. «Երեւի թե պիտի սկսենք նրանից, թե ո՞վ է կառավարում երկիրը: Եթե ամբողջությամբ կառավարում է Սերժ Սարգսյանը, երեւի թե այդ կոչը պիտի ուղղված լիներ իշխանության ռեպրեսիվ օրգաններին, ընդհանուր իշխանական բուրգին: Իսկ եթե կառավարման մեջ իր դերակատարությունը ոչ լրիվ է, իսկ ես կարծում եմ՝ հետագայում մեծ հարցազրույցի ժամանակ կասեմ, որ Հայաստանի կառավարման համակարգում կան այլ մարդիկ, ովքեր ոչ քիչ կարեւորված են, քան Սերժ Սարգսյանը, ուրեմն ուղղված է երեւի նրանց»:
Հայ ազգային կոնգրեսի անդամ, իրավապաշտպան Վարդան Հարությունյանն էլ «Առավոտի» հարցին այսպես արձագանքեց. «Իր նախագահությունը ստանձնելուց առաջ՝ մարտի 1-ից առաջ, մարտի 1-ին եւ դրանից հետո Սերժ Սարգսյանը վարել է թշնամանքի քաղաքականություն եւ հասարակության մեջ թշնամություն է սերմանել: Այս մեկ տարվա ընթացքում նա ոչ մի քայլ չի արել հասարակության մեջ հանդուրժողականության մթնոլորտ սերմանելու համար: Դրա վառ ապացույցն էր այն, որ իր նախագահության մեկ տարին նա նշեց Հյուսիսային պողոտայում անմեղ մարդկանց հալածելով, ձերբակալելով: Այս մեկ տարվա ընթացքում ոստիկանության բոլոր գործողությունները, իշխանական բոլոր կազմակերպությունների եւ կուսակցությունների գործողությունները կարելի է վերագրել հենց Սերժ Սարգսյանին եւ հստակ ասել, որ նրա կողմից հնչող խաղաղության, հանդուրժողականության, իրար հարգելու կոչերը ձեւական կարող են միայն համարվել»: Ընդհանրապես, Վարդան Հարությունյանը գտնում է, որ Սերժ Սարգսյանի այդ արտահայտությունը կոչ չէր եւ որեւէ մեկին էլ ուղղված չէր: Նա կարծում է, որ դրանք սովորական խոսքեր էին, որպիսիք ասվում են տեսախցիկների առաջ եւ նման իրավիճակներում. «Բոլոր բռնակալներն ու դիկտատորները խոսել են հանդուրժողականությունից եւ խաղաղությունից: Դուք կարող եք կարդալ Ստալինի բոլոր կոչերը, Ֆիդել Կաստրոյի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի եւ այլն, բոլոր ձայնագրությունները եւ կհամոզվեք, որ չկա որեւէ բռնակալ, որը չխոսի հանդուրժողականության մասին: Դա շատ նորմալ է եւ բնութագրական. ոչ մի նոր բան չկա»:
Նույն ասուլիսում, խոսելով համաներման մասին, Սերժ Սարգսյանը շատ աղոտ ակնարկներ էր արել դրա հնարավորությունների մասին: Վարդան Հարությունյանից հետաքրքրվեցինք՝ տեսնո՞ւմ է համաներման հնարավորություն: «Դատելով չարության այն մթնոլորտից, որը ձեւավորել է իշխանությունը Հայաստանում այս մեկ տարվա եւ հատկապես վերջին մի քանի ամիսների ընթացքում, նրանք որեւէ միտում չունեն որեւէ մեկին ներելու՝ առավել եւս, որ, իմ կարծիքով, նրանք ներելու բարոյական իրավունքը չունեն: Բայց քանի որ իշխանություն են… ինչեւէ, նման միտում չեմ տեսնում»,- ասաց իրավապաշտպանը: