Լրահոս
Օրվա լրահոսը

Կուսակցական համերաշխություն

Ապրիլ 14,2009 00:00

Մոլդովայի խորհրդարանական ընտրությունների, խլուրդի եւ ՀՀ իշխանությունների կապի մասին

«20 տարուց ավելի է, ինչ ԽՍՀՄ-ը լուծարվել է, բայց ե՛ւ նախկին սոցիալիստական հանրապետություններում, ե՛ւ աշխարհում շարունակվում է հակակոմունիստական հիստերիան, որովհետեւ Կոմկուսը միակ ուժն էր, որը լայն հետք թողեց ժողովուրդների պատմության մեջ, ու դա բերելու է նրան, որ մարդիկ այս փտած կապիտալիստական հասարակարգից դուրս են գալու սոցիալիզմով հաղթանակած»,- վերլուծելով Մոլդովայում տեղի ունեցած վերջին պառլամենտական ընտրությունները եւ դրանց շուրջ ծավալված իրադարձությունները՝ «Առավոտի» հետ զրույցում ասաց ՀԿԿ ԿԿ առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը: ՀԿԿ-ն խստորեն դատապարտում է Ռումինիայի իշխանությունների գործունեությունը՝ Մոլդովայի ներքին գործերին միջամտելու համար: Պահանջում են, որ ձեռքները հեռու պահեն կոմկուսից եւ ընտրությունների արդյունքներից, որոնք ճանաչվել են միջազգային դիտորդների կողմից: ՀԿԿ-ն պաշտպանում է նախագահ Վորոնինի եւ Մոլդովայի կոմկուսի ձեռնարկած բոլոր միջոցառումները՝ երկրում խաղաղություն եւ համերաշխություն հաստատելու ուղղությամբ: Այն, ինչ տեղի ունեցավ այդ օրերին Մոլդովայում, ըստ ՀԿԿ ԿԿ առաջին քարտուղարի՝ վանդալիզմ էր, եւ դա տեղի է ունեցել Եվրախորհրդի գիտությամբ ու թելադրանքով՝ գործիք դարձնելով ՆԱՏՕ-ի երիտասարդ անդամ Ռումինիային: Հակակոմունիստական հիստերիայի պայմաններում կոմունիստների՝ նման ջախջախիչ եւ ամենակարեւորը՝ արդար հաղթանակը, ըստ մեր զրուցակցի, բնականաբար, պետք է նման դիմադրության արժանանար. «Այդ ընտրությունները միանգամայն օրինական էին, ոչ թե այնպիսիք, ինչպիսիք անց են կացվում նախկին խորհրդային հանրապետություններում: Նման վանդալիզմով փորձեցին ամեն ինչ գլխիվայր շուռ տալ ու ի ցույց դնել հակակոմունիստական կեցվածքը: Վերահաշվարկ կլինի, եւ ես հաստատ համոզված եմ, որ կգտնվեն նույնիսկ հօգուտ կոմունիստների չհաշվարկված ձայներ, քանի որ 22 ընտրատարածքներում ընդդիմությունն էր ղեկավարում հանձնաժողովները»: Ընկեր Թովմասյանը կարծում է, որ համանման սցենար իրագործվելու է մայիսի 31-ին կայանալիք Երեւանի ավագանու եւ քաղաքապետի ընտրությունների ժամանակ՝ Հայաստանի իշխանությունների ձեռամբ:

Քանի որ մեր զրուցակիցն ընդամենը երկու օր առաջ էր վերադարձել Արթիկից՝ նաեւ այս առիթով իր տպավորությունները կիսեց «Առավոտի» հետ. «Արթիկում մշակվում է հողերի ընդամենը 40 տոկոսը, իսկ այդ տարածքներում խլուրդներն ասես վրաններ են խփել ու մշտական բնակություն հաստատել նոր ծլած ցորենի եւ գարու դաշտերում: Մի պահ տպավորություն ստացա, թե դրանք իշխանությունների, մասնավորաբար՝ գյուղատնտեսության ոլորտի պատասխանատուների հետ համաձայնեցված են «աշխատում». նրանք վերեւից են ժողովրդին կեղեքում, սրանք արմատն են կտրում: Դեռեւս չլուծված է մնում ոռոգման ջրի, թունաքիմիկատների հարցը: Այդ ամենին էլ գումարվում են բնական աղետները՝ խեղճ գյուղացին արյուն է լալիս»: Ռուբեն Թովմասյանը մի հետաքրքիր փաստ էլ ներկայացրեց մեզ: Պարզվում է՝ Գյումրիում սպասվելիք լայնածավալ շինարարական աշխատանքներում գործատուները տարածաշրջանի մյուս բնակիչներին չեն ընդգրկում՝ պատճառաբանելով, որ միայն գյումրեցիները պետք է ներգրավվեն այդ աշխատանքներում: Սա լրացուցիչ լարվածություն է առաջացնում տեղացիների միջեւ, հատկապես, որ գյուղատնտեսությամբ զբաղվելու բոլոր ջանքերն ի չիք են դառնում՝ անհրաժեշտ-բավարար պայմանների բացակայության պատճառով: «Մարդիկ դեռ սովետական տարիներից մնացած հագուստ են կրում, որն արդեն ցնցոտի է դարձել: Հեռանում ես սրտի կսկիծով՝ լավ, ի՞նչ պիտի լինի Հայաստանի վիճակը»,- հարցնում է ընկեր Թովմասյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել