Համոզված է ՍԴՀԿ կենտրոնական վարչության քաղաքական խորհրդատու, ՀԱԿ ցուցակով Երեւանի ավագանու թեկնածու Գուրգեն Եղիազարյանը:
– Պարոն Եղիազարյան, խոսակցություններ կան, որ Կոնգրեսի շատ անդամներ ու համակիրներ դժգոհ են նախընտրական ցուցակից: Այդպե՞ս է արդյոք:
– Ամենեւին, եթե Լեւոն Տեր-Պետրոսյանն ասում է, որ կարող է լինել ցուցակի վերջին տեղում…
– Բայց հայտնվում է առաջին տեղում…
– Այնուամենայնիվ, ասում է, որ կարող է լինել եւ վերջին տեղում: Այս դեպքում ես չեմ կարող գտնել այն հիմարին, որը դժգոհում է ցուցակից:
– Իսկ Դավիթ Հակոբյա՞նը:
– Նրա դեպքում ամեն ինչ ասված է: Գիտեք, ՀԱԿ-ը շատ ժողովրդավարական կառույց է, եւ ցանկացած մարդ կարող է անդամակցել՝ առանց ինչ-որ ստուգումներ անցնելու:
– Դուք, ըստ էության, ասացիք նույն բանը, ինչ օրերս ասաց Գալուստ Սահակյանը՝ կապված ՀՀԿ շարքերի որակական չափանիշների հետ:
– Մի տարբերությամբ, որ Գալուստ Սահակյանը խոսում էր այն մասին, թե իր կուսակցականներն ինչպես են մեկը մյուսին սպանում: Իսկ մենք խոսում ենք մեկի մասին, որը, միգուցե, ընդամենն իշխանության կողմից ուղարկված մի թեթեւ ական էր՝ նռնակ էլ չէ, այլ ասենք՝ «յոժիկ»:
– Այն դեպքում, երբ ՀԱԿ նախընտրական ցուցակում բացակայում են ընդդիմության բազմաթիվ կարկառուն դեմքեր, այդտեղ ներկայացված եք ոչ միայն Դուք, այլեւ Ձեր որդին: Ինչո՞վ է պայմանավորված այդ ընտանեկան ակտիվությունը:
– Երբ որ փեսա-աներ մի ամբողջ երկիր հասցրել են այս վիճակին՝ դա ոչինչ: Իսկ դեռ չիմացած, թե իմ որդին կընտրվի ավագանի, թե ոչ, Դուք ինձ այս հարցն եք տալիս:
– Տիգրան Կարապետյանը, ով եւս հավակնում է քաղաքապետի պաշտոնին, օրերս կարծիք հայտնեց, թե Լեւոն Տեր-Պետրոսյանը ընտրվելու դեպքում կհրաժարվի քաղաքապետի պաշտոնից՝ այդպիսով հուսախաբ անելով իրեն ընտրած մարդկանց: Նման տարբերակը որքանո՞վ եք հավանական համարում:
– Երբ ես ուզում եմ տեղեկանալ իշխանությունների ցանկությունների մասին, լսում եմ Տիգրան Կարապետյանին: Ընդ որում, հետաքրքիր է, որ նա ուզում է հաղթել ընտրություններում՝ 65 հոգանոց ավագանու համար ներկայացնելով ընդամենը 20 հոգանոց ցուցակ: Ինչ վերաբերում է Տեր-Պետրոսյանին, ապա եթե նա դրել է իր անունը առաջին համարում, ուրեմն միանշանակ կգլխավորի իր քաղաքը:
– Դա՝ հաղթելու դեպքում: Իսկ եթե չհաղթեք, որո՞նք կլինեն ընդդիմության քայլերը:
– Մենք պետք է պարզենք, թե ինչի՞ արդյունքում չհաղթեցինք, քանի որ արդար ընտրությունների պարագայում բացառվում է, որ ՀԱԿ-ը չհաղթի: Մեզանից բացի, մնացյալ քաղաքական ուժերը թեպետ հանդես են գալիս առանձին ցուցակներով, սակայն իրականում մեկ միասնական թիմ են, քանի որ արդեն իսկ իրար մեջ պայմանավորվել եւ քաղաքը վերաձեւել են: Ուղղակի առանձին հանդես գալով՝ նրանք ընտրական հանձնաժողովներում ապահովում են առավելագույն մարդկանց քանակ՝ հետագայում կեղծ ցուցմունքներ գրելու համար:
– Ինչպե՞ս եք գնահատում «Ժառանգություն» կուսակցության կեցվածքը, մասնավորապես՝ ընտրական հանձնաժողովներում իրենց տեղերը ՀԱԿ-ին չզիջելը:
– Եթե «Ժառանգությունը» իր տեղերը չզիջի ՀԱԿ-ին, ուրեմն կատարում է իշխանությունների պատվերը: Բայց ես կարծում եմ, որ «Ժառանգությունն» այդ կուսակցությունը չէ:
– Ենթադրենք, Դուք հաղթում եք, ի՞նչ է ստացվելու: Փաստորեն ՀԱԿ-ը դառնալու է այս իշխանության մա՞ս:
– Մենք չենք դառնալու այս իշխանության մաս: Քանի որ Երեւանը կունենա իր ավագանին, կմշակի իր օրենքները եւ կաշխատի ըստ դրանց:
– Բայց չէ՞ որ Երեւանը Հայաստանից անկախ չէ: Այն ընդամենը Հայաստանի Հանրապետության ամենամեծ քաղաքն է, որը կառավարելիս հնարավոր չէ շրջանցել հանրապետական իշխանություններին: Դուք գործող նախագահին եւ ԱԺ-ն համարում եք ոչ լեգիտիմ: Այդ դեպքում ինչպե՞ս եք աշխատելու նրանց հետ:
– Ձեր ասած խնդիրը կլուծվի հետեւյալ կերպ. քաղաքապետի ընտրություններից հետո՝ աշնանը կլինեն Ազգային ժողովի նոր ընտրություններ, որից հետո էլ բնականաբար, կկայանան արտահերթ նախագահական ընտրություններ: Սա իմ անձնական կարծիքն է:
– Պարոն Եղիազարյան, թույլ տվեք նկատել, որ այսօր ՀԱԿ-ը, մասնակցելով Երեւան քաղաքի ավագանու ընտրություններին, առավելապես խոսում է ոչ թե Երեւան քաղաքի խնդիրներից ու դրանց լուծման ծրագրերից, այլ նախորդ նախագահական ընտրությունների արդյունքներից, մարտի մեկի դեպքերից եւ այլն: Ինչո՞վ է դա պայմանավորված: Չէ՞ որ, ի վերջո, խոսքը գնում է քաղաքային ընտրությունների մասին:
– Խնդիրն այն է, որ հայ ժողովրդի ամբողջ պատմության ընթացքում դեռ ոչ մի անգամ հայը հայի չէր գնդակահարել: Մարտի 1-ին տասը անմեղ մարդ զոհվեց, հարյուրավորները վիրավորվեցին ու հայտնվեցին բանտերում: Եվ հիմա այս հարցն, իհարկե, ավելի առաջնային է: Ուստի՝ քաղաքի վերակառուցման խնդիրները երկրորդ պլան են մղվել, ինչը բնական է:
– Հստակեցնենք.Դուք մասնակցում եք Երեւանի ավագանու ընտրություններին, որպեսզի հաղթելու դեպքում մարտի մեկի հարց լուծե՞ք, թե՞ քաղաքի խնդիրներով զբաղվեք:
– Դուք ինձ հիմա սերժական հարց եք տալիս: Մենք գալիս ենք Երեւան քաղաքի հարցը լուծելու: Իսկ մարտի մեկի հարցը կգանք լուծելու ԱԺ եւ նախագահական ընտրություններով: Ես դա խոստանում եմ Ձեզ: Եվ մարտի մեկի բոլոր հանցագործները պետք է պատասխան տան մեկ առ մեկ: Բացի այդ, հենց որ մենք գանք իշխանության, կբացահայտվի նաեւ հոկտեմբերի 27-ը:
– Համարում եք, որ այն դեռ չի՞ բացահայտվել:
– Իհարկե, չի բացահայտվել: Չկան կազմակերպիչները:
– Ի դեպ, ժամանակին ակտիվ կերպով պաշտպանում էիք Ռոբերտ Քոչարյանին՝ հայտարարելով, թե համոզված եք, որ նա չէ հոկտեմբերի 27-ի կազմակերպիչը: Ձեր այս դիրքորոշումն է՞լ եք վերանայել, թե՞ այսօր էլ մնում եք նույն կարծիքին:
– Հիմնականում չեմ վերանայել: Հիմա էլ եմ այդ կարծիքին: Չէ, ավելի ճիշտ մեկ հարց կա, այն ճշտելուց հետո, տասը տարի անց, ես ամբողջապես կասեմ նրա մասնակցության աստիճանը:
– Պարոն Եղիազարյան, Սերժ Սարգսյանն իր վերջին ասուլիսում կոչ արեց Երեւանի ավագանու ընտրությունների ընթացքում բացառել թշնամանքը եւ պատրաստ լինել ընդունելու ցանկացած արդյունք: Ձեր գնահատմամբ, այսօրվա իրավիճակում հնարավո՞ր է դա, եւ արդյոք ինքը՝ իշխանությունը, պատրա՞ստ է ընդունել ցանկացած արդյունք:
– Որպես կանոն, Սերժ Սարգսյանը ինչի մասին խոսում է, երբեք չի իրագործում: Նա ընդամենը խոսում է՝ պահն անցկացնելու համար: Իսկ ընտրությունները իշխանությունները սովորաբար կեղծում են երեք փուլով. համապատասխան քարոզչություն (այդ թվում նաեւ տարբեր հարվածային գործիքների միջոցով), հարմար դիտորդների հրավիրում, որոնց հետ հետո հնարավոր է լեզու գտնել եւ հետո արդեն՝ անմիջական կեղծումներ: Ընդ որում, այստեղ կաշառքը առաջին միջոցը չէ: Առավել հզոր միջոց է բացակա քաղաքացիների քվեաթերթիկների օգտագործումը: Իմ հաշվարկներով, այսօր Երեւան քաղաքի գրանցում ունեցող շուրջ 180 հազար մարդ բացակայում է հանրապետությունից: Եվ այդ ձայները իշխանությունները կօգտագործեն շրջաններից ավտոբուսներով բերված մարդկանց միջոցով: Ես կոչ եմ անում բոլոր երեւանցիներին՝ տեր կանգնեք ձեր քաղաքին: Երեւանցիները չպետք է տնվորի կարգավիճակում լինեն սեփական քաղաքում: Օտարները գրավել են մեր քաղաքը:
– Գագիկ Բեգլարյանը բնիկ երեւանցի է:
– Գագիկ Բեգլարյանը երեւանցի է, Սերժ Սարգսյանը՝ ոչ:
– Բայց ոչ թե Սերժ Սարգսյանն է ուզում Երեւանի քաղաքապետ դառնալ, այլ Գագիկ Բեգլարյանը:
– Գագիկ Բեգլարյանը չի դառնալու քաղաքապետ: Մենք գիտենք իշխանությունների տրամադրությունները եւ այն, թե ով պետք է դառնա քաղաքապետ:
– Իսկ, ըստ Ձեզ, ո՞վ պետք է դառնա:
– Դե, կտեսնեք: Ուղղակի կասեմ, որ Գագիկ Բեգլարյանը իրենց ծրագրերի մեջ չի մտնում:
– Այսինքն, ըստ Ձեզ, հաղթանակի դեպքում Գագիկ Բեգլարյանը հրաժարակա՞ն կտա:
– Ոչ, պարզապես ավագանին կընտրի ուրիշ մարդու: Եթե, իհարկե, հաղթեն: