Լրահոս
Օրվա լրահոսը

ՉԿԱ՞ ՄԵԿԸ, ՈՐ ԻՐԵՆ ՀԱՄԱՐԻ ԱՆՊԱՏԺԵԼԻ

Ապրիլ 14,2009 00:00

Որոշ պաշտոնյաներ պարտավոր են քաշել իրենց անկարգ եւ զինված զավակների ականջները

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի վերջին ասուլիսում հարց հնչեց տարբեր պաշտոններ զբաղեցնողների կամ նրանց զավակների մասնակցությամբ հաճախակի դարձած քրեական հաշվեհարդարների ու աղմկահարույց պատմությունների մասին եւ փորձ արվեց ավելի կոնկրետ իմանալ, թե երկրի նախագահը ինչպե՞ս է պատրաստվում պայքարել «մաֆիայի» դեմ:

Ի պատասխան՝ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ որեւէ մեկը իրեն չի կարող անպատժելի համարել. «Ընդունում եմ կշտամբանքը, որ որոշ մարդիկ իրենց պահում են սանձարձակ, որ որոշ մարդիկ հայտնվում են իրավիճակներում, որոնցում իրավունք չունեն հայտնվելու, եւ որ որոշ մարդիկ լավ չեն պատկերացնում իրենց զավակների, բարեկամների, հարազատների դերը մեր հասարակությունում… Ուզում եմ, որ բոլորի համար հասկանալի լինի, որ մենք կտրուկ խստացնելու ենք այսպիսի դեպքերի հետ կապված մեր մոտեցումները։ Եթե պաշտոնյայի զավակը, բարեկամը ներգրավված լինի որեւէ հանցագործության մեջ, մենք խիստ միջոցներ ենք ձեռնարկելու։ Պաշտոնյայի զավակը կամ բարեկամը, եթե նույնիսկ ինքն անմեղ է, պարտավոր է խուսափել ցանկացած վիճաբանությունից, կոնֆլիկտում ներգրավվելուց։ Որովհետեւ մեր ժողովրդի պատկերացման մեջ, անկախ նրանից՝ մարդն անմեղ է, թե մեղավոր, եթե ներգրավված է որեւէ կոնֆլիկտում, ապա մեղավոր է պաշտոնյայի տղան, այլ ոչ թե մեկ ուրիշը։ Մեր պաշտոնյաները սա պետք է հասկանան։ Ես արդեն ցուցում եմ տվել ոստիկանության պետին, թե ինչ պետք է անի մեր ոստիկանությունը, որպեսզի Երեւանում նվազեն կրակոցները։ Կարծում եմ՝ կանցնի որոշ ժամանակ, եւ դուք դրա ականատեսը կլինեք»:

Իսկ քաղաքական ուժերի ներկայացուցիչներից ոչ բոլորն են հավատում, որ որեւէ միջոցառում արդյունք կտա: Քանի դեռ բոլորը, անկախ զբաղեցրած պաշտոնից, չեն գտնվում օրենքի դաշտում, անպատժելիություն լինելու է՝ կարծում են մեր զրուցակիցները: ԲՀԿ խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը, ի պատասխան հարցի՝ ակնկալո՞ւմ է, որ այս կարգի միջոցառումները կամ հայտարարությունները արդյունք կտան, ասաց. «Դժվարանում եմ մեկնաբանել, որովհետեւ ինքս, չգիտեմ, հայտնի՞ մարդ եմ, թե՞ չէ, իմ տանը երբեք ապօրինի զենք-զինամթերք չի եղել, եւ իմ երեխաներն էլ երբեք այդ բաներով չեն դաստիարակվել եւ այդ բաներին չեն մասնակցել: Դրա համար դժվարանում եմ խոսել ուրիշների փոխարեն, բայց, երեւի, եթե ասում են, ուրեմն այդ տեսակ խնդիր կա: Անպայման գալու է մի պահ, երբ պետությունը լինելու է ավելի ուժեղ, ավելի կազմակերպված»:

Վիկտոր Դալլաքյանն ասաց, որ անպատժելիությունը ծնում է նոր հանցագործություններ. «Հետեւաբար, ցանկացած քաղաքացու, առավել եւս՝ պաշտոնյաների զավակների եւ բարեկամների կատարած հանցագործությունները պետք է խստորեն պատժվեն: Հույս ունեմ, որ ՀՀ նախագահի հանձնարարականները արդյունավետ կլինեն»: Մեր հարցին՝ Սերժ Սարգսյանի այս մտքերը կարո՞ղ են ստիպել որոշ պաշտոնյաների, որ նրանք իրենց անդաստիարակ զավակների ականջները քաշեն եւ ստիպեն ապրել եւ գործել օրենքի դաշտում, պարոն Դալլաքյանը պատասխանեց. «Նախ եւ առաջ այդ պաշտոնյաները պետք է իրենք իրենց կարգի հրավիրեն եւ հետո քաշեն իրենց զավակների ականջները»: «Ես ուղղակի չեմ հավատում, այնպես, ինչպես մինչեւ հիմա արված հուսադրող մյուս հայտարարություններին չեմ հավատացել, որովհետեւ մեկ տարի մեզ կերակրում են հուսադրող հայտարարություններով եւ հուսադրող քայլեր չեն անում, այ, երբ կտեսնենք այդ տեսակ անշնորհք մարդկանց որդիներին կամ կուսակիցներին ճաղերի հետեւում, այդ ժամանակ էլ կխոսենք»,- ի պատասխան մեր հարցի՝ հավատո՞ւմ է նախագահի հայտարարության արդյունավետությանը, ասաց ԱԺ նախկին պատգամավոր Աղասի Արշակյանը: «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանը եւս առանձնապես հավատ չունի, նա նման գործելաոճը համարում է խորհրդային վատ ժառանգություն. «Դա սովետական շրջանից եկած այն մեթոդներն են, որով ուզում են միայն ցույց տալ, որ շատ բան կփոխվի, բայց իրականում մենք բոլորովին այլ մեթոդների կարոտ ենք եւ այդպես էլ մնում ենք կարոտ»: Տիկին Ալավերդյանը կարծում է, որ խոսքը ոչ միայն որդիների մասին է, այլեւ՝ ոմանց թիկնապահների. «Բա դրա՞նց ականջը ով պիտի քաշի: Այսինքն՝ մենք ունենք մեկ խնդիր՝ օրենքի առաջ հավասարություն: Իսկ այդպիսի հայտարարությունները մի հատուկ խավի համար են, որը մի հեռու տեղում նստած, աշխարհից կտրված կլսի եւ կմտածի, որ, ահա, մեզ մոտ սկսվում են բարեփոխումներ, երբ իրականում ոչինչ էլ չի սկսվում»: ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանի կարծիքով՝ նախագահի այս կոչը խիստ անհրաժեշտ էր. «Որպեսզի կարգուկանոնի հաստատման ուղղությամբ ոստիկանությունը գործի ավելի վստահ, ավելի պատասխանատու կեցվածք ունենա: Մյուս կողմից՝ սա հստակ ուղերձ է նաեւ պաշտոնյաներին եւ նրանց զավակներին, որ հասարակության մեջ ապրելով՝ հարկավոր է լինել ավելի պատասխանատու, քան սովորական քաղաքացիները, եւ հարգել կարգուկանոնը»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել