Գիրք ութերորդ
Գլուխ երրորդ
ՀԻՆ ՕՐԵՐԻ ՉՍՐԲԱԳՐՎԱԾ ՔՐՈՆԻԿՈՆ
Եվ ես ժպտալով Մարտինին ասացի՝ «փաստորեն, սրբագրիչի գործը շատ լարված ու շատ վտանգավոր գործ ա», եւ Մարտինը ժպտալով ասաց՝ «հազարից մեկ ա ըսենց չեպե պատահում», եւ ես հարցրի՝ «քո սմենի վախտ հեչ պատահել ա՞», եւ Մարտինն ասաց՝ «պատահել ա՝ սխալ ա գնացել, բայց ինձնից բացի՝ ոչ մեկը չի իմացել», եւ ես զարմացած հարցրի՝ «բա խմբագիրն իրա թերթը չի կարդո՞ւմ», եւ Մարտինն ասաց՝ «մինչեւ տպվելն ինչ կարդում՝ կարդում ա. տպվելուց հետո որ չեպե չի ըլնում՝ չի կարդում», եւ ես ասացի՝ «որ էս պատմությունը չըլներ, հրամանս մի ամսից կտային», եւ Մարտինը մի քիչ մտածեց ու ասաց՝ «ափսոս» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «սկզբում խմբագիրը մտածել ա, որ խամ տղա ես ու էդ սխալը դու բաց թողած կըլնես, բայց գրաշարն ասել ա, որ դու մենակ չորրորդ էջն ես կարդացել», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «ուրեմն, էդ գրաշարը կարգին մարդ ա», եւ Մարտինը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «կարգինը կարգին ա, բայց պիտի մի քիչ ուշադիր ըլներ», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «ավելի լավ կըլներ՝ գրաշարն իմ վրա գցեր», եւ Մարտինը մի քիչ մտածեց ու ասաց՝ «գիժ ե՞ս» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «որ քո վրա գցեին, էլ կյանքում ոչ մի տեղ քեզ սրբագրիչի գործ չէին տա», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «ըսենց էլ չեն տա», եւ Մարտինը մի քիչ մտածեց ու ասաց՝ «իրանց մոտ հաստատ չեն տա, բայց մեր մոտ որ տեղ բացվի, կարող ա ստացվի» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «խմբագիրը ոչ մի անգամ խնդրանքս չի մերժել» եւ մի քիչ էլ մտածեց ու ասաց՝ «որովհետեւ գիտի, որ ես արժանավոր մարդկանց համար եմ բարեխոսում», եւ ես ժպտալով հարցրի՝ «իմ համար կբարեխոսե՞ս», եւ Մարտինը ժպտալով ասաց՝ «որ հերթդ հասնի՝ անպայման կբարեխոսեմ», եւ ես զարմացած հարցրի՝ «ի՞նչ հերթ», եւ Մարտինը ծիծաղելով ասաց՝ «Վանիկն ու Հակոբն էլ էդ գործի վրա աչք ունեն. իրանց էլ եմ խոստացել» եւ մի քիչ մտածեց ու ծիծաղելով ավելացրեց՝ «որ քեզ լավ պահես՝ հերթդ Հակոբից առաջ կգցեմ», եւ ես հարցրի՝ «որպես ի՞նչ», եւ Մարտինը ծիծաղելով ասաց՝ «որպես անբախտ տղա», եւ ես հարցրի՝ «խի՞ եմ անբախտ», եւ Մարտինը ծիծաղելով ասաց՝ «անբախտը պոզովպոչով ա՞ ըլնում. փորձաշրջանիդ հենց սկզբում ըսենց չեպե ա տեղի ունեցել», եւ ես ասացի՝ «բայց իմ մեղքով չի էղել», եւ Մարտինը ժպտալով ասաց՝ «դրա համար էլ անբախտ եմ ասում», եւ ես էջս ցույց տալով ասացի՝ «իմ չորրորդ էջը լրիվ մաքուր ա», եւ Մարտինը ծիծաղելով ասաց՝ «դրա համար էլ ուզում եմ հերթդ առաջ գցեմ», եւ ես հարցրի՝ «բա Հակո՞բը», եւ Մարտինը ծիծաղելով ասաց՝ «Հակոբն էդքան սպասել ա՝ մի քիչ էլ կսպասի», եւ ես ասացի՝ «ինձ արդեն լրիվ տրամադրել էի, որ «Սովետականում» սրբագրիչ եմ աշխատելու», եւ Մարտինը ժպտալով ասաց՝ «ոչինչ. «Ավանգարդում» կաշխատես», եւ ես հարցրի՝ «խմբագիրը կհամաձայնվի՞», եւ Մարտինն ասաց՝ «ինքը իմ խնդրանքը ոչ մի անգամ չի մերժել» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «համ էլ՝ ինքը քո բանաստեղծությունները շատ ա հավանում» եւ մի քիչ էլ մտածեց ու ասաց՝ «Վանիկի գրածներն էլ ա շատ հավանում», եւ ես ժպտալով ասացի՝ «իսկական անբախտություն էր», եւ Մարտինն ասաց՝ «ուշ լինի՝ նուշ լինի», եւ ես ասացի՝ «սրբագրիչի գործը շատ հարմար գործ ա», եւ Մարտինը մի քիչ մտածեց ու ասաց՝ «մի քանի իմաստներով ա հարմար», եւ ես հարցրի՝ «ի՞նչ իմաստներով», եւ Մարտինն ասաց՝ «նախ՝ իրիկունն ա սկսվում ու հիմնական աշխատանքիդ չի խանգարում», եւ ես ասացի՝ «հա», եւ Մարտինը շարունակեց ու ասաց՝ «գիշերային աշխատանք ա համարվում, բայց պատահում ա՝ տասի կողմերն արդեն պրծած ենք ըլնում», եւ ես ասացի՝ «հա», եւ Մարտինը շարունակեց՝ «աշխատավարձն էլ ա բարձր. որ նոր ընդունվեցի՝ հարուր քառասուն էի ստանում, հիմի արդեն հարուր յոթանասուն ա», եւ ես ասացի՝ «չտեսնված ա», եւ Մարտինն ասաց՝ «չտեսնվածն էն ա, որ մեր էս գործը, փաստորեն, կես դրույք ա համարվում, բայց լրիվ դրույքից մի բան էլ ավել ենք ստանում, որովհետեւ գիշերային աշխատանք ա համարվում», եւ ես ասացի՝ «ի՞նչ կարեւոր ա՝ կես դրույք ա համարվում, թե՝ լրիվ», եւ Մարտինը խորիմաստ ժպտալով ասաց՝ «ամենակարեւորը հենց էդ ա», եւ ես զարմացած հարցրի՝ «ինչո՞վ ա կարեւոր», եւ Մարտինը ժպտալով հարցրեց՝ «չգիտե՞ս, որ սովետական քաղաքացին լրիվ դրույքով էրկու տեղ աշխատելու իրավունք չունի», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «գիտեմ», եւ Մարտինը բացատրեց՝ «որ մեր էս սրբագրական աշխատանքը լրիվ դրույք համարվեր, իրավունք չէինք ունենա էրկու տեղ աշխատեինք, բայց որ կես դրույք ա համարվում, ցերեկներն էլ կարանք լրիվ դրույքով ուրիշ տեղ աշխատենք», եւ ես հարցրի՝ «ցերեկները գրականության ինստիտուտում ես, չէ՞», եւ Մարտինը պատասխանեց ու ասաց՝ «հա» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «մեկը մյուսին հեչ չի խանգարում» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ասաց՝ «ընենց որ՝ ցերեկները «Ծիծեռնակ» կգնաս, իրիկուններն «Ավանգարդ» կգաս», եւ ես ժպտալով ասացի՝ «ձենդ Աստված լսի», եւ ինքը ժպտալով ասաց՝ «կլսի», եւ ես ասացի՝ «Վանիկի հարցերը հորովմորով արա, որ հետո իմ հարցով զբաղվես», եւ Մարտինը մի քիչ մտածեց ու ասաց՝ «մեր «Ավանգարդն» էդ «Սովետականից» հարմար ա», եւ ես հարցրի՝ «ինչո՞վ ա հարմար», եւ Մարտինն ասաց՝ «էդ «Սովետականը» Ցեկայում ամեն օր կարդում ու ամեն օր մեջը մի սխալ գտնում են», եւ ես ասացի՝ «բա ասում ես՝ հազարից մեկ ա սխալ գնում», եւ Մարտինն ասաց՝ «մենակ սրբագրական սխալները չեն. հոդվածների հաշվով համարյա ամեն օր բողոքներ են գնում» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «էդ թերթը միկրոսկոպով են կարդում, որովհետեւ էդ թերթը Ցեկայի թերթն ա», եւ ես հարցրի՝ «ձերը Ցեկայինը չի՞», եւ Մարտինը պատասխանեց ու ասաց՝ «մերն էլ ա Ցեկայինը, բայց մերը կոմսոմոլի Ցեկայինն ա» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «պատասխանատվության իմաստով մեր մոտ հազար անգամ հանգիստ ա», եւ ես ժպտալով ասացի՝ «երեւի խերն էս էր. ավելի լավ ա՝ ձեր մոտ ընդունվեմ», եւ Մարտինը ժպտալով ասաց՝ «մինչեւ քեզ՝ Վանիկի հարցը կա», եւ ես ժպտալով ասացի՝ «համբերությամբ կսպասեմ» եւ համբերությամբ մի տարի սպասեցի՝ մինչեւ Մարտինն իմ գործը դասավորեց, բայց «Ավանգարդում» ընդամենը երկու ամիս սրբագրիչ աշխատեցի, որովհետեւ ութսուներկուսի օգոստոսին մեկնեցի Մոսկվա՝ Գորկու անվան գրականության ինստիտուտի գրական բարձրագույն դասընթացներում սովորելու, եւ չնայած Մոսկվայում երկու տարի ապրելն ամուրիական ցանկություններիս ավելի էր համապատասխանում, այդուհանդերձ, ես որոշակի ափսոսանքով լքեցի «Ավանգարդի» սրբագրիչի իմ պաշտոնը, որովհետեւ ինձ համար էդ գործը խաղուպար էր, եւ, Մարտինի ասածի պես, աշխատավարձն էլ էր շատ հարմար, եւ էդ ընթացքում «Ծիծեռնակի» աշխատավարձս էլ էր զգալիորեն բարձրացել, եւ իմ փոխարեն մեկ ուրիշը երեւի իր տեղը ծանր կնստեր ու էդ երկու աշխատավարձերն իրար գումարելով՝ հանգիստ, որոշակի ու բախտավոր կապրեր, բայց մոսկովյան անորոշությունն ինձ ավելի էր ձգում, ու ես ներքին ձայնիս ապավինելով՝ վեր կացա ու մեկնեցի Մոսկվա, եւ հիմա էդ օրերը հիշելով ու էդ օրերի մասին գրելով՝ հանկարծ հիշեցի, որ ահագին ժամանակ է՝ բուն նյութիցս կտրվել ու ոչ մի կերպ բուն նյութիս չեմ վերադառնում, մինչդեռ, իբրեւ օրինապահ ու օրինակելի վիպասան, իմ կյանքի «Ապագա բժշկի» շրջանն ավարտելով՝ պարտավոր էի անմիջապես անցնել «Ծիծեռնակի» շրջանին ու նոր միայն անդրադառնայի Մարտինին, «Ավանգարդին» ու Մոսկվայի գրականության ինստիտուտին, եւ ինչքան էլ Հակոբյան Տիկոն Լիտինստիտուտի առումով ինձ շտապեցնի, ես նախքան Մոսկվա հասնելս ահագին անցնելիք ճանապարհ ունեմ եւ ինչքան էլ հիմա ինձ դեսուդեն գցեմ, պարտավոր եմ վերադառնալ ու կյանքս շարունակել «Ծիծեռնակ» ընդունվելուս պահից, եւ ինչքան էլ էս շարունակական վերադարձներս որոշ ընթերցողներիս համար անցանկալի լինեն, ես պարտավոր եմ վերադառնալ, որովհետեւ մարդ արարածն ի վիճակի է սրբագրել ամեն ինչ, բայց ոչ երբեք՝ մի անգամ արդեն ապրած իր կյանքը, բայց ահա Առաջինի ելույթը Ծաղկաձորի իմ էս ժամանակավոր աշխատանոցում վերընթերցելով ու վերլուծելով՝ մանրից սկսում եմ հասկանալ ու համոզվել, որ, ինչու չէ, լավ էլ հնարավոր է մի անգամ ապրածդ սրբագրել, ընդ որում՝ էնպես սրբագրել, որ սրբագրիչներին որեւէ անելիք չմնա, բայց ես էս պահին էդ հնարավորությունը չունեմ՝ ոչ միայն էն պատճառով, որ իմ ու ձեր ապրած էն երկարուձիգ լճացման տարիները սրբագրելու ցանկություն չունեմ, այլեւ էն պատճառով, որ հիմա՝ էս պահին էլ եմ լճացած պայմաններում ապրում. այսինքն, էստեղ՝ Ծաղկաձորի էս ստեղծագործական տանը, ուր էս պահին գտնվում եմ, մշտական լճացման ժամանակաշրջան է, որովհետեւ էստեղ տարվա բոլոր եղանակներին գրողների միության առնվազն տասը անդամներ են գոյատեւում ու ստեղծագործում, եւ հիմա՝ էս պահին էլ էստեղ տասից ավելի գրողներ կան, եւ կյանքն էս մի քանի տասնամյակների ընթացքում անձամբ ինձ միանգամայն համոզիչ կերպով ցույց է տվել, որ էն տեղերում, ուր տասից ավելի գրողների միության անդամներ են կուտակված, էդ վայրերում միանգամայն ապահովված են լճացումն ու ճահճացումը, եւ չնայած էս երեւույթը գրողների տարիքից որեւէ կախում չունի, այդուհանդերձ, լճացման կատարելության առումով գրողների վաթսունն անց լինելը միանգամայն ցանկալի է, եւ որպեսզի Շիրազի մասին հուշերն անպակաս լինեն, յոթանասունն անց գրողների ներկայությունն էլ է ցանկալի եւ նույնիսկ պարտադիր, որովհետեւ, չնայած Շիրազը ժամանակին ու ժամանակ առ ժամանակ լավ էլ տատանում էր լճացած ու ճահճացած օդն ու ու ջրերը, էսօրվա օրով Շիրազի մասին Լյուդվիգ Դուրյանի, Վարդան Վանատուրի ու Հովնաթանի հուշերն ունկնդիրներին լավագույնս են տեղափոխում լճացման ժամանակաշրջան, եւ իմ ու հեղափոխությունից մյուս փախածների բախտից՝ Լյուդվիգն էս պահին Ծաղկաձորում է, եւ վերակենդանացած Շիրազը Լյուդվիգի, Հովնաթանի ու մանավանդ Վարդանի միջոցով մյուս գրողներին ու գրագետներին վերստին Աղվես է անվանում, եւ բոլորս միանգամայն ուրախ ենք, եւ որպեսզի լճացումը կատարյալ լինի, բոլորս միահամուռ հռհռում ենք հատկապես Լյուդվիգի պատմած յուրաքանչյուր Շիրազապատումի վրա, եւ չնայած Լյուդվիգը նախաճաշից հետո պատմածը ճաշից հետո էլ է կրկնում, այդուհանդերձ, ունկնդիրներս հերթական անգամ միանգամայն ուշադիր լսում եւ վերստին համերաշխ ու միահամուռ հռհռում ենք, եւ որպեսզի լճացումն ավելի կատարյալ լինի, ես ու Ղուկասն ավելի բարձրաձայն ենք հռհռում, որովհետեւ իսկական երիտասարդների բացակայության պայմաններում՝ ես ու Ղուկասն ենք մեջների ջահելները, եւ ահա՝ երկու հազար յոթի էս աշնանային իրիկուն Ծաղկաձորի մեր էս ստեղծագործական տան ֆոյեում էս պահին ճիշտ յոթանասունականների «Սովետական գրող» հրատարակչության երկարուձիգ միջանցքի մթնոլորտն է, եւ չնայած էդ հրատարակչությունն այսօր միանգամայն այլ անվանում ունի՝ «Նաիրի», եւ չնայած Լյուդվիգը վաղուց էդ հրատարակչության ժամանակակից գրականության բաժնի վարիչը չի, այդուհանդերձ, վերստին բոլորիս իր շուրջ հավաքած՝ էլի Շիրազից է պատմում, ու էլի ամենաուժեղ հռհռացողները ես ու Ղուկասն ենք, եւ չնայած Ղուկասն ու ես էսօր արդեն երկրորդ անգամն ենք Լյուդվիգից լսում Շիրազի մասին էդ նույն հուշը, այդուհանդերձ, նույն ոգեւորությամբ ենք հռհռում, որովհետեւ չենք ուզում Լյուդվիգին հիշեցնել, որ ինքը վաղուց բաժնի վարիչ չի ու մենք էլ մեր ոտանավորների առաջին բրոշյուրները վաղուց տպել պրծել ենք, եւ քանի որ Լյուդվիգից հետո նույն էդ հրատարակչությունում ինքս բաժնի վարիչ ու գլխավոր խմբագիր դարձա, բոլորից լավ գիտեմ, որ իմ դեպքում դրանք արդեն պաշտոններ չէին՝ ոչ միայն էն պատճառով, որ ես ապաշնորհ պաշտոնյա էի, այլեւ էն պատճառով, որ իմ պաշտոնավարության ժամանակ Շարժումն արդեն սկսվել էր, եւ Սովետն արդեն հիմնավորապես էր կազմաքանդված, ու հիմա՝ էս պահին մյուսներից լավ եմ հասկանում, որ էս պահին Ծաղկաձորի մեր էս ստեղծագործական տանը հանգստացողներիցս հենց Լյուդվիգն է նախկինում ամենաերեւելի պաշտոնն ունեցել, ու էդ է պատճառը, որ էս պահին էստեղ հանգստացող ու ստեղծագործող տասնմեկ գրողներս հենց Լյուդվիգի շուրջ ենք հավաքվում՝ ինչպես որ ութսունականների կեսերին ու հատկապես վերջերին Կասկադի շրջակայքում իրիկունները ճեմող թոշակառու նախկին պաշտոնյաները Գեւորգ Արմենակովիչ Հայրյանի շուրջ էին հավաքվում, որովհետեւ Հայրյանի նախկինում զբաղեցրած պաշտոնները՝ Կենտկոմի բաժնի վարիչ, կինոյի ու կրթության նախարար, «Պրավդայի» հատուկ թղթակից եւ այլն, անհամեմատ երեւելի ու հնչեղ էին, քան՝ իր թոշակառու արբանյակների զբաղեցրածները, եւ չնայած Հայրյանը թե՛ անցյալում եւ թե՛ թոշակի տարիքում չէր սիրում ու ամեն առիթով ծաղրում էր քծնողներին, այդուհանդերձ, թողնում էր՝ որ քծնեն, որովհետեւ նույնիսկ քծնանքն ու քծնողներին չհանդուրժողներն են երբեմն քծնանքը հարգանքի տեղ ընդունում, եւ Հայրյանն էլ չէր կարող այլ կերպ ընդունել՝ մանավանդ իր թոշակի տարիքում, որովհետեւ հասկանում ու գիտակցում էր, որ մեծ ու չափազանց մեծ իր բոլոր պաշտոններն անցյալի մեջ են. այսինքն, էդ բանը գիտակցելով ու նաեւ հասկանալով, որ Կասկադի շրջակայքում ամեն իրիկուն իր շուրջ հավաքվողներն այլեւս իրենից որեւէ ուզելիք ու ակնկալիք չունեն, ճարահատյալ հավատում էր, որ ամեն իրիկուն Կասկադի մատույցներում իր շուրջ հավաքվողներն իրեն ոչ թե քծնում, այլ ընդամենը հարգում են, ու ինքն էդպես չմտածելու որեւէ հիմք ու պատճառ չուներ, ու ես էլ հակառակը մտածելու որեւէ հիմք ու պատճառ չունեմ, ու շատ հնարավոր է՝ ութսունականների կեսերին ու հատկապես վերջերին ամեն իրիկուն Կասկադի շրջակայքում Հայրյանի շուրջ հավաքվողները Գեւորգ Արմենակովիչին իր բնածին խելքի ու բնածին սրամտության համար էին հարգում, չնայած, այդուհանդերձ, պաշտոնի մոմենտն էլ երեւի կար, որովհետեւ, հատկապես էն թվերին, պաշտոն չունեցողներին ոնց որ թե արգելված էր խելք ու սրամտություն հանդես բերել, եւ քանի որ Գեւորգ Արմենակովիչ Հայրյանը թոշակառուների իր էդ ամենավերջին շրջապատի ամենաբարձրաստիճանն էր եղել, իր բնածին խելքն ու սրամտություններն աջուձախ սփռելու լիուլի իրավունք ու հնարավորություն ուներ, եւ իր արբանյակ թոշակառուներն իր ամեն մի ասածն ըմբոշխնում ու իր սրամտությունների ժամանակ քթների տակ վախվորած խնդմնդում էին. վախվորած, որովհետեւ հատկապես ութսունականների կեսերին Հայրյանի բնածին հումորի ու սրամտության գրեթե բոլոր նետերը կենտկոմականների դեմիրճյանական սերնդի ու անձամբ Կարեն Սերոբիչի դեմ էին ուղղված, քանի որ անձամբ Հայրյանն ու իր ամենավերջին շրջապատն էն կարծիքին էին, որ իրենց թոշակառու լինելու ու դառնալու հիմնական պատճառը ոչ թե իրենց տարիքն է, այլ՝ կոմունիստների նորագույն սերունդը, որովհետեւ կոմունիստ թոշակառուները միասնաբար էն կարծիքին էին, որ առաջին ու երկրորդ սերունդների կոմունիստներն անհամեմատ գաղափարական էին, քան՝ կոմունիստների վերջին սերունդը, եւ որ Գեւորգ Արմենակովիչ Հայրյանն ամենագաղափարականներից էր, դրանում անձամբ համոզվեցի ութսունականների վերջերին՝ երբ Շարժումն արդեն սկսվել էր, բայց Սովետը դեռեւս կար, ու դեռեւս կային նաեւ գրողական մեր վճարովի հանդիպումները՝ հիմնականում հանրապետության շրջաններում, եւ քանի որ Հայրյանի ամենավերջին պաշտոնը «Սովետական գրող» հրատարակչության տնօրենի պաշտոնն էր, ինքը վերջին տարիներին վերադարձավ գրականություն ու Խաչատուր Աբովյանի մասին ստվարածավալ մի վեպ գրեց, ինչպես նաեւ՝ իր շրջապատի խորհուրդով իր բանավոր սրամտությունները գրի առավ ու հրատարակեց եւ կյանքի վերջին շրջանում գրողի կերպարի մեջ հարմարավետ տեղավորվելով՝ մի անգամ էլ հետս Շամշադին՝ գրողական հանդիպման մեկնեց, եւ երբ Շամշադինի շրջկոմի առաջին քարտուղարի ուղարկած մեքենայով Հայրյանն ու ես հասանք Բերդ, առաջին քարտուղարի կաբինետում մի էնպիսի ճոխ սեղան էր գցված՝ որ էն ժամանակների համար հազվադեպ բան էր, եւ Գեւորգ Արմենակովիչ Հայրյանին մոտիկից տեսնելու համար տարբեր տարիքի լիքը կոմունիստներ էին հավաքվել, որովհետեւ, ինչպես հետո պարզվեց, առաջին քարտուղարին ու բոլոր էդ հավաքվածներին Հայրյանը մանկավարժականում, համալսարանում ու Մարքսիզմ-Լենինիզմի ինստիտուտում դաս էր տվել, իսկ առաջին քարտուղարի առաջին քարտուղար դառնալու հարցում էլ անձամբ էր դեր խաղացել, եւ հիմնականում էս վերջին հանգամանքն էր պատճառը, որ առաջին քարտուղարը Հայրյանի հանդեպ առանձնակի՛ հարգանք էր ցուցաբերում, եւ չնայած էն ժամանակներում գրողներին բոլոր շրջաններում էլ շատ կամ քիչ հարգում էին, այդուհանդերձ, չլսված ու չտեսնված բան էր՝ որ որեւէ շրջանի առաջին քարտուղարն անձամբ իր կաբինետում որեւէ գրողի էդ տեսակ պատիվ տար, ու էդ օրը Շամշադինի շրջանի ողջ կուսակցական ակտիվն էլ էր Հայրյանի հանդեպ չափազանց ջերմ ու չափազանց հարգալից՝ ոչ միայն առաջին քարտուղարի ու Հայրյանի անձնական մտերմության պատճառով, այլեւ էն պատճառով, որ Ղարաբաղյան շարժումն արդեն սկսվել էր, եւ շրջանի կուսակցականների ոտքերի տակի հողն ահա-ահա փախչում էր, եւ ահա շրջանի կուսակցականները մեկ առ մեկ մոտենում Հայրյանին ու մանկական անկեղծությամբ հարցնում էին՝ «Սովետի փլվելը հնարավոր համարո՞ւմ եք, Գեւորգ Արմենակովիչ», եւ, հիշում եմ, արդեն գինովցած Հայրյանը բոլորին մեկ առ մեկ պատասխանում ու ասում էր՝ «Սովետը վաղուց ա փլվել. ուղղակի՝ ձեր ռայոնը որ հեռու ա՝ խաբարը ձեզ չի հասել», եւ հարցնողները սարսափահար ու տագնապահար նայում էին Հայրյանին ու աղերսանքով ասում էին՝ «լա՜վ էլի, Գեւորգ Արմենակովիչ», եւ Հայրյանը ժպտալով ասում էր՝ «որ փլվել ա՝ ես ի՞նչ կարամ անեմ» եւ ծիծաղելով ավելացնում էր՝ «ես ինձնից կախված ամեն ինչ արեցի, որ չփլվի», եւ սարսափահարներն ավելի էին սարսափոտում, որովհետեւ, չնայած Սովետի փլվելու լուրը Շամշադին չէր հասել, ՀՀՇ-ն վաղուց հասել ու ուղնուծուծով Շամշադինում էր, եւ շրջանի կոմունիստներն էդ սեղանի շուրջ ի վիճակի չէին էդ թեմայով ավելի տարածվել ու խորանալ, որովհետեւ Շամշադինի ՀՀՇ-ի նախագահ Խոջոյան Արարատն իմ կողքին էր նստած, եւ չնայած պատերազմը դեռեւս չէր սկսվել, իմ համակուրսեցի Խոջոյան Արոն կամուֆլյաժով էր, եւ Արոյի ավտոմատն էլ առաջին քարտուղարի կաբինետի ամենաերեւացող մասում պատին էր հենած, որովհետեւ, չնայած պատերազմը դեռեւս չէր սկսվել, Շամշադինի սահմանների ակտիվ պաշտպանությունն արդեն սկսվել էր, եւ երբ Գեւորգ Արմենակովիչը երկրորդ անգամ ասաց՝ «Սովետը վաղուց ա փլվել», իմ համակուրսեցի Խոջոյան Արոն հիացմունքով նայեց Հայրյանին ու ասաց՝ «էս մարդիկ էշի ականջում քնած են, պարոն Հայրյան», եւ Հայրյանը ժպտալով նախ Արոյին նայեց, հետո նայեց ինձ ու հարցրեց՝ «պարոնն ընկերդ ա՞, Արմեն», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «հա. նույն կուրսում ենք սովորել», եւ Հայրյանը հարցրեց՝ «որտե՞ղ եք սովորել», եւ Արոն ասաց՝ «մանկավարժականի բանասիրականում», եւ Հայրյանն ասաց՝ «մանկավարժականի բանասիրականներին հիսունական թվերին եմ դաս տվել», եւ Արոն ասաց՝ «մենք յոթանասունականներին ենք սովորել», եւ Հայրյանը մի քիչ մտածեց ու ասաց՝ «յոթանասունականներին համալսարանում էի դասավանդում», եւ կոմունիստներից մեկը Հայրյանին ժպտալով ասաց՝ «փաստորեն, ամբողջ Հայաստանին դաս եք տվել, ընկեր Հայրյան», եւ Հայրյանը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «փաստորեն, հա՛մ կոմունիստներ եմ աճեցրել, հա՛մ հհշականներ» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «Վանոյին ու Լեւոնին էլ եմ դաս տվել», եւ Խոջոյան Արոն հիացմունքով նայեց Հայրյանին ու ասաց՝ «էդ էրկու աշակերտներդ իրանց լրիվ արդարացրել են, պարոն Հայրյան», եւ Հայրյանը ժպտալով Արոյին հարցրեց՝ «անունդ ի՞նչ ա, պարոն ջան», եւ Արոն ինքնագոհ ժպտալով պատասխանեց ու ասաց՝ «Արարատ», եւ Հայրյանը ժպտալով հարցրեց՝ «էդ չալպուտուրիկ շո՞րն ինչի ես հագել, Արարատ ջան», եւ Արոն միանգամից լրջանալով պատասխանեց ու ասաց՝ «սահմանի վրա վիճակը շատ լարված ա, պարոն Հայրյան», եւ Հայրյանը հարցրեց՝ «էն պատի տակի թվա՞նքն ումն ա», եւ Արոն ժպտալով պատասխանեց ու ասաց՝ «իմն ա, պարոն Հայրյան», եւ Հայրյանը ժպտալով հարցրեց՝ «զինվորական աստիճան ունե՞ս, պարոն Արարատ», եւ Արոն ժպտալով պատասխանեց ու ասաց՝ «բանակում մինչեւ սերժանտ հասել եմ», եւ Հայրյանը ժպտալով ասաց՝ «ես էլ մինչեւ գնդապետ եմ հասել» եւ մի քիչ մտածեց ու հարցրեց՝ «գիտե՞ս, որ սերժանտը պարտավոր ա գնդապետի հրամանը կատարել», եւ Արոն ժպտալով ասաց՝ «իհարկե գիտեմ, ընկեր գնդապետ», եւ Հայրյանը հրամայելով ասաց՝ «ուրեմն, գնա եւ ավտոմատդ վերցրու. զինվորն իր զենքը միշտ պիտի իր վրա պահի», եւ Արոն կտրուկ տեղից վեր կացավ, տեղում ձգվեց, պատվի առավ ու գոռաց՝ «ճիշտ այդպես, ընկեր գնդապետ», այնուհետեւ գնաց, զենքը պատի տակից վերցրեց, վերադարձավ, նորից Հայրյանի դիմաց պատվի առավ ու ժպտալով գոռաց՝ «ձեր հրամանը կատարված է, ընկեր գնդապետ», եւ Հայրյանը ժպտալով ասաց՝ «կարող եք նստել, ընկեր սերժանտ»: