Լրահոս
Օրվա լրահոսը

ԿՐԿԻՆ ՋԱՎԱԽՔԻ ՄԱՍԻՆ

Ապրիլ 11,2009 00:00

Վահե Սարգսյանի «Ջավախքը 1988-2008 թթ.» գրքի առիթով

Երեկ Ազգային գրադարանում «Ջավախքը 1988-2008 թթ.» հայերեն եւ ռուսերեն գրքերի հրատարակման առթիվ կազմակերպվել էր «կլոր-սեղան», որի ժամանակ գրքի հեղինակ, «Միտք» վերլուծական կենտրոնի վերլուծաբան Վահե Սարգսյանը, գիտավերլուծական հաստատությունների ղեկավարները, գիտնականները քննարկեցին Ջավախքի հիմնախնդիրը, Վրաստանի ներքաղաքական իրավիճակը:

«Միտք» վերլուծական կենտրոնի կողմից լույս ընծայված «Ջավախքը 1988-2008 թթ.» գրքում ներկայացվում են Ջավախքի, ջավախահայության հետ կապված հիմնական խնդիրները: Գրքի հեղինակ Վահե Սարգսյանը նշեց. «Մինչեւ հիմա Ջավախքի մասին հայ հասարակության առջեւ դրված հայեցակարգ չկա, որի պատճառով տարբեր շրջանակներ փորձել են Ջավախքը շահարկել՝ ելնելով իրենց քաղաքական շահերից կամ նկատառումներից: Տարբեր շրջանակներ Ջավախքի նկատմամբ իրականացրել են ծրագրեր, որոնց մի մասը մենք կանվանենք դավաճանական, մի մասն էլ՝ հերոսական: Դեմ եմ, որ մեր հայրենակիցներից որեւէ մեկը դառնա դավաճան կամ հերոս՝ ինչ-որ իմաստով: Քանի դեռ չկա հայեցակարգ, հայ հասարակությունը մշուշոտ է պատկերացնում, թե Ջավախքի սահմանները ինչ աշխարհագրական վայրերում են տարածվում: Մենք չենք կարող հստակ ասել՝ Ջավախքին պետք է ինտեգրացիա՞, թե՞ հայկական ինքնավարություն: Երկու կողմերը բերում են իրենց փաստարկները եւ փորձում հիմնավորել, որ իրենք են արդարացի: Հայեցակարգը «հայելի» կդառնա, որտեղ կարտացոլվեն Ջավախքի հիմնախնդիրները եւ լուծման ուղիները, ինչպես նաեւ կընդգծվի՝ ովքեր են Ջավախքի շահերով լուրջ մտահոգվողները»:

«Միտք» վերլուծական կենտրոնի նախագահ Էդուարդ Աբրահամյանն էլ նշեց. «Եթե Լեռնային Ղարաբաղը մեզ համար հանդիսանում է որոշակի «ողնաշար», ապա Ջավախքն էլ «թոքերն» է, իսկ այսօր Ջավախքը գտնվում է շատ բարդ իրավիճակում: «Ջավախքն այսօր ոչ միայն բնակեցված է հայերով, այլ նաեւ աշխարհագրորեն եւ պատմականորեն հայկական մի մաս է կազմում, որը Հայաստանի համար յուրաքանչյուր պահի կարող է բախտորոշ դեր խաղալ: Հայաստանը, Սփյուռքը պետք է ջանք չխնայեն տարածաշրջանը որպես հայկական ռեգիոն ամրապնդելու համար»:

Քաղաքագիտության դոկտոր Արմեն Այվազյանն էլ ասաց. «Ի՞նչ է նշանակում՝ չունենք հայեցակարգ, ինչո՞ւ պետք է մի երիտասարդ ինքնուրույնաբար զբաղվի այնպիսի խնդրով, որը պետության խնդիրն է, ո՞ւր են պետության ներկայացուցիչները, կա՞, օրինակ, ԱԳ նախարարությունից որեւէ ներկայացուցիչ, չկան: Մենք ուզում ենք պետության խնդիրները լուծել հասարակական ուժերի միջոցով եւ, բնականաբար, այդպես խնդիր չի լուծվում, այլ ընդամենը արծարծում ենք, ու այդպես մնում է…»:

«Ջավախք» հայրենակցական միության նախագահ Շիրակ Թորոսյանն «Առավոտին» ասաց. «Շատ խնդիրներ կան, որոնց լուծումը ես տեսնում եմ՝ նախ վրացական իշխանությունների կողմից բարի կամք ցուցաբերելու եւ հայ-վրացական բարձր մակարդակի շփումների միջոցով: Վրաստանը, ի վերջո, պետք է հասկանա, որ չի կարող տարածաշրջանում ազգային փոքրամասնությունների խնդիրները ոտնահարելով՝ միջազգային ատյաններում պահպանել իր հեղինակությունը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել