Ֆրանսիական մամուլն այսպես որակեց Նաիրի Նահապետյանի՝ «Ո՞վ է սպանել այաթոլլահ Կանունիին» վեպը, որ լույս տեսավ այս տարվա սկզբին եւ գրավեց թե՛ քննադատների, թե՛ ընթերցողների ուշադրությունը:
Փարիզում ամեն տարի տեղի ունեցող «Գրքի սալոնի» կազմակերպիչները տպագրում եւ բաժանում են այն հեղինակների ստվար ցուցակը, ովքեր մեկ շաբաթվա ընթացքում, զանազան ստենդներում պիտի ստորագրեն իրենց գրքերը: Հայկական ազգանունները հինգն էին, որոնցից միայն մեկն էր ինձ անծանոթ՝ Նաիրի Նահապետյան: Ազգանունի ճիշտ տառադարձումը ֆրանսերեն (Nahapռtian եւ ոչ թե Nahabռdian, ինչպես սովորաբար արվում է ֆրանսալեզու երկրներում) եւ մանավանդ գրքի վերնագիրը հուշեցին, որ հեղինակը պարսկահայ է: Իսկ քիչ հետո երբ մոտեցա «Լիանա Լեւի» հրատարակչության ստենդին, ապա փաստեցի, որ Նաիրին երիտասարդ, նրբակազմ մի կին է, որի առջեւ ընթերցողների բազմություն էր հավաքվել՝ հեղինակի նվիրաբերումով արժեւորված գիրքը ձեռք բերելու:
Մի քանի հանգամանք է նպաստել Նաիրի Նահապետյանի հաջողությանը: Նախ սա գրական որոշակի վարպետությամբ գրված, լարված հետաքրքրությամբ ընթերցվող մի վեպ է, որը սեղմ, բայց սուր դիտողականությամբ կառուցված տեսարաններով ներկայացնում է այսօրվա Իրանի հասարակության որոշ շերտերի հավաստի պատկերը, այդ երկրի հասարակական-քաղաքական դիմագիծը՝ դիտված եռակի հայեցակետով. բնիկ իրանցի, ազգային փոքրամասնություն-քրիստոնյա-հայ, որ դարձել է ֆրանսիացի մտավորական: Այս ամենին ավելանում է արդի քաղաքական-տնտեսական եւ ռազմական-աշխարհաքաղաքական համատեքստը. Իրանն այսօր դարձել է Արեւմտյան աշխարհի (ԱՄՆ, Եվրոպա) եւ նրանց միացած Իսրայելի աչքի փուշը: Ուստի, բնական է, որ նման վեպը չէր կարող աննկատ անցնել:
Մամուլի անդրադարձը, ի դեպ, վկայում է այդ երկակի ուշադրությունը. հոդվածագիրները գործը գնահատում են ոչ միայն գրական արժանիքների, այլեւ քաղաքական հրատապության համար: Երեւույթ, որ մեզ լավ ծանոթ է դեռեւս խորհրդային տարիներից, երբ մշակույթն արժեւորվում էր իր քաղաքական կարեւորությամբ, մնալով, այնուհանդերձ, մշակույթ: Սակայն չշփոթենք սա հանձնառու, engagռ կամ ՈվչՈՋՌՐՏՉՈվվօռ գրականության հետ, երբ գրողը գիտակցաբար, երբեմն էլ համոզված, քաղաքական առաքելություն է կատարում կամ, ինչպես Վլադիմիր Իլյիչն էր գրում 1910 թ., դառնում է «կուսակցական գործի անտրոհելի մասնիկը»: Այս վեպն ավելի շատ կարոտախտի, քան քաղաքական հանձնառության արտահայտություն է:
«Մի փոքրիկ դրոշ ավելացավ քարտեզի վրա. Իրանը մտավ ոստիկանական վեպի համաշխարհային ատլաս»,- գրում է Ֆիլիպ Լըմերը «Լը Պարիզիեն»-ում: Նույն միտքը շարունակում եւ խորացնում է Ժերար Մյոդան «Լը Մոնդ»-ում. «Այս երեւույթը կարող ենք անվանել ոստիկանական վեպի մոնդիալիզացիա… Նաիրի Նահապետյանն առաջին անգամ Իրանը դնում է ոստիկանական վեպի համաշխարհային քարտեզի վրա»: Նույն կարծիքն են հայտնում մյուս թերթերը:
Փորձենք համառոտ ներկայացնել վեպի ֆաբուլան: Կես հայ, կես պարսիկ Նարեկ Ջամշիդը 2005թ. հունիսին, նախագահական ընտրություններից մի քանի շաբաթ առաջ, Փարիզի «Էբդո» թերթի հանձնարարությամբ գալիս է իր ծննդավայր Թեհրան՝ լուսաբանելու այդ կարեւոր իրադարձությունը: Տեղ հասնելուն պես ծանոթանում է ֆեմինիստ Լեյլա Թահիբիին, որն իր թեկնածությունն է առաջադրել նախագահական մոտալուտ ընտրություններին: Այդ կնոջ հետ միասին, ակամայից, հայտնվում է Արդարադատության պալատում: Նախագահության թեկնածուն ժամադրություն ունի այնտեղ՝ այաթոլլահ Կանունիի հետ, մի անձնավորություն, որը համարվում է իսլամական հեղափոխության հերոսներից մեկը, միաժամանակ, հասարակական կարծիքը պնդում է, որ նրա ձեռքերն արյան մեջ են, որ հեղափոխության առաջին տարիներին, բազմաթիվ անմեղ մարդիկ են զոհվել նրա մեղքով: Սակայն աննկուն դատավորի հետ չի հաջողվում հանդիպել. Լեյլա Թահիբին, իսկ քիչ ավելի ուշ Նարեկը, պիտի հայտնագործեն իր աշխատասենյակում սպանված Կանունիին:
Նշենք, որ Ն. Նահապետյանը ինը տարեկան է եղել, երբ Իսլամական հեղափոխությունից հետո, ծնողների հետ լքել է Իրանը: Ներկայումս աշխատում է «Alterntives ռconomiques» հանդեսի խմբագրությունում: